Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ վերլուծություն են կազմել։
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
– քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
– պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
– պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն,
– տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
– չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
– առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը և այլն),
– անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
– բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները,
– քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը, նշվում է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում: