Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են վերլուծություն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
✔ քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
✔ պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
✔ պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում են դռները,
✔ առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ,
✔ տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
✔ չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
✔ առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),
✔ անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
✔ բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից, նշված է օմբուդսմենի գրասենյակի հոկտեմբերի 8-ին տարածած հաղորդագրությունում: