2026 թ. օգոստոս 14, ուրբաթ

Wildberries-ի հայ վաճառականները տուժել էին դեռ պայթյուններից առաջ

Ռուսական Wildberries-ի պահեստներին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել են նաև հայաստանցի արտադրողները և վաճառողները։ Այրված ապրանքների համար օնլայն խանութը չնչին փոխհատուցում է տվել հիմնականում մանր վերավաճառողներին։ Առևտրականները չեն կարողանում նաև դուրս բերել պահեստներում մնացած պաշարները և իրենց հաշիվներում առկա գումարները։

Wildberries-ի ենթակառուցվածքները Ուկրաինան սկսել է թիրախավորել հուլիսի 18-ից։ Վնասվել են մարկետփլեյսի առնվազն 16 խոշոր պահեստներ՝ Եկատերինբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Ուդմուրտիայում, Կրասնոդարում, Վորոնեժում, Էլեկտրաստալում, Նևիննոմիսկում և Սիմֆերոպոլում։ Պայթյուններից տուժել է ընդհանուր 1 միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք։ Ըստ Wildberries-ի, վնասվել է ընկերության պահեստային ենթակառուցվածքի մոտ 20 տոկոսը։

Ուկրաինական կողմը ռուսական խոշոր մարկետփլեյսին մեղադրում է առևտրային ենթակառուցվածքը ռազմական նպատակներով օգտագործելու, ռազմական նշանակության բեռներ և ԱԹՍ-ների բաղադրիչներ փոխադրելու մեջ։

Wildberries-ում ընդհանուր առմամբ մոտ 4 հազար հայ վաճառականներ կան:

Քրիստինե Լուլուկյանը, օրինակ, պայթյունների հետևանքով կորցրել է պաշարի մեծ մասը, 3000 դոլարի վնաս է կրել և փոխհատուցում է ստացել ընդամենը 70 հազար դրամի չափով։

«Մեր վաճառքներն այդքան էլ շատ չէին։ Չինաստանից առնում էինք, տանում էինք Ռուսաստան։ Հիմա որպես այդպիսին էլ բիզնես չկա, որովհետև ամբողջ գումարը ապրանքի վառվելու հետ գնաց։ Իմ ամբողջ ռեսուրսը դրա մեջ էր», — Epress.am-ին ասել է նա։

Ռոբերտ Վաղարշակյանը Wildberries-ում չինական սանտեխնիկա էր վաճառում։ Մոտ 40 միլիոն դրամի ապրանք ուներ, որի մեծ մասը արդեն այրվել է։ Նրա հաշվարկներով, պահեստներում մնացել է 7-13 միլիոն դրամի ապրանք։ Վաղարշակյանը Wildberries-ից փոխհատուցում չի ստացել․

«Ապրանքներ ենք ունեցել 9 տարբեր պահեստներում, դրանցից 6-ը արդեն հարձակման է ենթարկվել»։

Wildberries-ի տնօրեն Տատյանա Կիմը հայտարարել է, որ փոխհատուցումներ կտրամադրի զոհվածների, վիրավորների, տուժածների ընտանիքներին և փոքր շրջանառություն ունեցող վաճառողներին։ Փոխհատուցում ստացածները դժգոհում են, որ հատկացված կոմպենսացիաները չեն ծածկում իրական վնասները։

Հայ վաճառականների խնդիրները, սակայն, սկսվել են դեռ ուկրաինական հարվածներից առաջ։ 


Արդեն ապրիլի վերջին ռուսաստանցի գնորդների համար հայաստանցիների օնլայն խանութները հիմնականում տեսանելի չէին։ Ընկերությունը դա պատճառաբանում էր Ռուսաստանում ապրիլի 20-ից ուժի մեջ մտած նոր մաքսային կարգավորումներով և լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությամբ։ Բայց հայ արտադրողներից շատերը սահմանափակումների հետևում քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք ենթադրում են, որ դրանք հայկական ապրանքների նկատմամբ ռուսական պատժամիջոցների մաս են։

«Մինչև էտ ապրանքներս առաջին 15-ի մեջ էին լինում։ Ապրիլի վերջից դրանք արդեն հնարավոր չէր գտնել։ Համակարգը ցույց չէր տալիս Ռուսաստանից մտած օգտատերերին։ Այդ ընթացքում մոտ 10 միլիոն դրամի վնաս եմ կրել», — Epress.am-ին պատմել է Ռոբերտը։

Ըստ նրա, անցած տարվա նոյեմբերին, դեկտեմբերին և այս տարվա հունվարին ինքը օրական մոտ 900 հազար դրամի վաճառք ուներ, իսկ հիմա շրջանառությունը նվազել է մինչև 50-100 հազար դրամ։

Սահմանափակումներն ազդել են հատկապես հագուստ կամ կոշիկ արտադրողների վրա։ Նրանց ասել են, թե իրենց արտադրանքը այլևս չի համապատասխանում ռուսական ստանդարտներին։


«Դա վերաբերում էր միայն այն արտադրողներին, ովքեր հայկական պահեստներից էին տանում ապրանքը։ Մենք այդ սահմանափակումների տակ չենք ընկել, որովհետև մեր արտադրանքն ի սկզբանե ռուսական պահեստներում էր պահվում։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին այնքան էին բարձրացրել միջնորդավճարները, գովազդի համար գանձվող գումարները և մնացած կոմիսիաները, որ գումար աշխատելու մարժան շատ քիչ էր։ Վաճառքից ստացված հասույթի մոտ 50 տոկոսը տալիս էինք Wildberries-ին», — Epress.am-ին ասել է «Էլասի» կոշիկի արտադրամասի աշխատակիցը։

Վաճառողները Wildberries-ից հիմա ոչ միայն փոխհատուցում են պահանջում, այլ նաև իրենց գույքը փրկելու հնարավորություն։ Ռոբերտի խոսքով՝ շատերն ուզում են դուրս բերել ապրանքը այն պահեստներից, որոնք չեն վնասվել, քանի որ վախենում են նոր հարձակումներից։ Wildberries-ը թույլ չի տալիս՝ պատճառաբանելով, թե լոգիստիկ համակարգը ծանրաբեռնված է։

«Եթե բոլոր վախեցած վաճառողները հանեն իրենց ապրանքները, Wildberries-ը տակ կտա։ Միակ տարբերակը հիմա այն է, որ վաճառողը սեփական ապրանքը հետ գնի Վայլդբերիզից որպես սովորական գնորդ», — ասել է Ռոբերտը։

***

Հայաստանցի որոշ վաճառողներ դավադրություն են տեսնում նույնիսկ ստեղծված իրավիճակում։ Առևտրականներից որոշները չեն հավատում, որ իրենց ապրանքը տուժել է, և կասկածում են, որ մարկետփլեյսը դրանք ձևակերպել է որպես ոչնչացված սեփական շահերից ելնելով։ Որոշները ենթադրում են, որ Wildberries-ի ղեկավարությունը նախօրոք իմացել է հարվածների մասին։


Հարձակումներից ընդամենը 11 օր առաջ Wildberries-ը թարմացրել է պայմանագիրը վաճառականների հետ՝ ավելացնելով կետ, ըստ որի ընկերությունը պատասխանատվություն չի կրում անօդաչուների հարվածների հետևանքով առաջացած վնասների համար։

Wildberries-ը ռուսական ամենախոշոր բիզնեսներից մեկն է համարվում։ Մարկետփլեյսում աշխատում է ավելի քան 10 հազար մարդ՝ չհաշված ընկերությանը պատկանող լոգիստիկ և այլն ընկերությունների աշխատակիցներին։ Wildberries-ը ունի սեփական բանկ, տուրիստական գործակալություններ, գովազդային գործակալություն, բեռնափոխադրող ենթակառուցվածքներ, առցանց կինոթատրոն։ 2025 թվականին ընկերության շրջանառությունը գերազանցել է 6 տրիլիոն, իսկ շահույթը՝ 175 միլիարդ ռուբլին։

2024 թվականի հունիսին Wildberries-ը միավորվել է արտաքին գովազդի օպերատոր Russ ընկերության հետ։ Մարկետփլեյսի համահիմնադիրներից մեկը՝ Wildberries-ի սեփականատեր Տատյանա Կիմի նախկին ամուսին Վլադիսլավ Բակալչուկը, այդ գործարքն անվանել էր «ռեյդերային զավթում» և օգնություն խնդրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից։ Տատյանա Կիմը հերքել էր նրա մեղադրանքները՝ «միավորման պրոցեսը ընդամենը փոխադարձ համաձայնությամբ իրականացվող կորպորատիվ գործարք» է։ Նախկին ամուսնու մեղադրանքները նա պայմանավորել էր իրենց միջև անձնական և գույքային վեճով։

2024 թվականի աշնանը Կիմի և Բակալչուկի միջև հակամարտությունը վերաճել էր զինված բախման Wildberries-ի մոսկովյան գրասենյակի մոտ։ Ավելի ուշ լրագրողական հետաքննություններ հրապարակվեցին, թե Տատյանա Կիմը հանդիպել է անձամբ Վլադիմիր Պուտինի հետ, աջակցություն խնդրել նրանից և ստացել դրական պատասխան։

Ռուսական «ВЧК-ОГПУ» տելեգրամյան ալիքը հիմա վարկածներ է շրջանառում, թե մարկետփլեյսի հետևում կանգնած են Պուտինի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնան և նրա տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։ Ըստ այս վարկածի՝ նրանք, իմանալով հնարավոր հարձակման մասին, վերաձևել են պայմանագիրը, որպեսզի վնասը թողնեն վաճառողների ուսերին։