Հայաստանի եվրոպանալը Ռուսաստանին մասամբ զրկեց ծաղիկներից և կոնյակից
Ռուսաստանը վերջերս արգելել է հայկական որոշ ապրանքների ներկրումը։ Հունիսի 7-ին ընդառաջ այս սահմանափակումները դիտարկվում է որպես Հայաստանի խորհրդարական ընտրություններին միջամտելու փորձ։
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են Հայաստանին սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով։ Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության համար «էական ռիսկեր են պարունակում», հետևաբար հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողովին կարող է քննարկվել նաև Հայաստանի անդամակցության հարցը։ ԵԱՏՄ կանոնադրությամբ հեռացման ընթացակարգ նախատեսված չէ․ անդամ երկների անդամակցությունը կարող է դադարցվել միայն սեփական դիմումի համաձայն, իսկ Հայաստանը դիմում ներկայացնել չի պլանավորում։ Այնուամենայնիվ, ԵԱՏՄ երկրներն իրավունք ունեն միմյանց նկատմամբ սահմանափակումներ կիրառել կամ հավելյալ ստուգումներ պահանջել կոնկրետ ապրանքների ներմուծման համար։ Վերջին շաբաթներին Ռուսաստանը հենց դա էլ անում է։
Արգելված ծաղիկներ
Մայիսի 20-ին Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, թե ներկրված 96 միլիոն ծաղիկներից 135-ում հայտնաբերվել են բուսասանիտարական նորմերի խախտումներ։ Հայաստանից արտահանվող ծաղիկների մոտ 96 տոկոսը գնում է Ռուսաստան։
Ծաղիկները մուտքը Ռուսաստան արգելվել էր նաև անցյած տարվա հուլիսին։ Ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը բողոքի ակցիաներ էին սկսել Երևանում, տեղական շուկան կոլապսի մեջ էր։ Սննդի տեսչությունն այն ժամանակ խնդրել էր ռուսական կողմին վերստուգել հայկական ջերմոցների սանիտարական պայմանները։ Տեսազանգերով ռուսաստանցի էքսպերտները նայել էին՝ ծաղիկների վրա միջատներ կան արդյոք, թե ոչ։ Հեռավար ստուգումներն անցած յոթ խոշոր ընկերություններ ստացել էին արտահանման լիցենզիա։ Փոքր ջերմոցատերերը ստիպված էին վաճառքը նրանց միջոցով վերակազմակերպել։ 2025-ին, օրինակ, արտահանվել է շուրջ 34 միլիոն դոլարի ծաղիկ։
Լոլիկ, բիբար, կանաչեղեն
Ռոսսելխոզնադզորի նախագահ Սերգեյ Դանկվերտը մայիսի 22-ին հայտարարել է, որ խնդիրներ են ծագել նաև հայկական մրգերի և բանջարեղենի հետ։ Լուրեր էին պտտվում, որ ծիրանի արտահանումը Ռուսաստան նույնպես արգելվել է։ Հայաստանի Սննդի տեսչությունն այդ լուրերը հերքել է։
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ հայկական ծիրանի մոտ 80 տոննա բերքն էր մնացել Լարսի անցակետում։ Գյուղատնտեսները բողոքի ակցիաներ էին անում սահմանին և Երևանում․ լաբորատոր քննությունները «հատուկ երկարաձգում են, որ ծիրանը շոգին փչանա», «բլոճների անսպասելի հայտնաբերումը զուտ պատրվակ է»։
Իսկ հիմա ռուսաստանցի մասնագետներն անձամբ էին եկել Հայաստան, որ ստուգումներ անեն տեղի մի քանի ձկնաբուծարաններում և ջերմոցներում։ Նրանք դեռ Ռուսաստան չէին վերադարձել, երբ մայիսի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» նոր հայտարարություն տարածեց, թե կարգելվի նաև թարմ լոլիկի, կանաչ բիբարի, վարունգի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։
Հայաստանից ամեն տարի ավելի քան հարյուր միլիոն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվում Ռուսաստան։
Ջերմուկի շշեր
Մայիսի 22-ին Ռոսպոտրեբնադզորը արգելել է նաև «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։ Պատճառաբանությունը տեխնիկական է՝ հայտնաբերել են «բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն»։
«Ջերմուկի» հերթական խմբաքանակը՝ մոտ 64,5 միլիոն շիշ, արգելվել է այսօր։ Տարեսկզբից արդեն 38,4 միլիոն շշի վաճառք էր կասեցվել։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը «Ջերմուկի» մայր գործարանում բոլորովին վերջերս ստուգումներ է արել, արտադրանքի մեջ տեղացի փորձագետները «չեն հայնտաբերել ռուսական կողմի նշած ցուցանիշներով խախտումներ»։
Ռուսաստան արտահանվում է տարեկան մոտ 15 միլիոն լիտր ջերմուկ։
Մայիսի 23-ին կասեցվել է նաև Հայաստանում արտադրվող որոշ ալկոհոլային խմիչքների մուտքը Ռուսաստան։ Մասնավորապես՝ «Վեդի-Ալկոյի», «Աբովյանի կոնյակի գործարանի», «Շահնազարյան» գինու-կոնյակի տան որոշ գինիներ և կոնյակներ համարվել են անորակ։
Այս արգելքը մեծ ազդեցություն չունի ընդհանուր շուկայի վրա։ Ռուսաստանը չի արգելել ավելի պոպուլյար բրենդեր, օրինակ՝ «Արարատ» կոնյակը, որը արտադրում է ֆրանսիական Պեռնո Ռիկար ընկերությանը պատկանող Երևանի կոնյակի գործարանը։ «Արարատի» արտահանման 80 տոկոսը գնում է Ռուսաստան։ 2023-ին ֆրանսիական ընկերությունը միացել էր Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցներին․ Արարատ կոնյակը շարունակում էր հայտնվել ռուսական շուկայում, բայց՝ երրորդ երկրներից։
Ամենակարևորը
Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական նամակով զգուշացրել է հայկական կողմին, որ եթե ԵՄ-ին միանալու ուղղությամբ քայլերը շարունակվեն, Ռուսաստանը կարող է չեղարկել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման երկկողմ պայմանագրերը։
Տնտեսական «սանկցիաների» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել էր դեռ ապրիլին։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ։ <․․․> Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով նախապես, ինչպես ասում են, ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ <․․․> Հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի։ <․․․> Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։ <․․․> Գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով։ Տարբերությունն էական է», — Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր նա։
Պուտինը խոսել էր նաև ընտրությունների մասին․ «Հայաստանում մենք շատ ընկերներ ունենք։ <․․․> Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ <․․․> Մենք շատ կցանկանայինք, որ նրանք կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։
Այլընտրանքն այլընտրանք չէ
Ավելի քան հարյուր բեռնատարներ մինչև հիմա շարունակում են կանգնած մնալ ռուսական սահմանին։ Անգամ մերժված բեռներով մեքենաները դեռ չեն կարողանում վերադառնալ, քանի որ ռուսաստանցի մաքսավորներից մինչև հիմա չեն ստացել վերադարձի փաստաթղթերը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դիմել է Բրյուսել և խնդրել աջակցել հայկական ապրանքները Եվրոպա տանելուն։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար, տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը նաև Վրաստանի ու Ադրբեջանի սահմանով արտահանել։ Իբրև թե նրանք դա չեն անում, քանի որ «մեր բիզնեսը սովորել է ֆուռ լցնել, բայց մեր բիզնեսը դեռ չի սովորել վագոն լցնել»:
Լարսում մնացած բեռը Եվրոպա տանելու համար պետք են թույլտվություններ, նոր գործընկերներ, հասանելիություն սպառման շուկաներին, որոնք դեռ փակ են հայկական ապրանքների համար։