2026 թ. մայիս 31, կիրակի

Գեներալ ռեֆորմիստը խոստանում է պրոգրեսիվ հարկում և կենտրոնական ջեռուցում

«Ռեֆորմիստների» կուսակցության վարչապետի թեկնածուն գեներալ-լեյտենանտ, նախկին պաշտպանության նախարար, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։ Համաշխարհային զարգացումները և Հայաստանի հետպատերազմական վիճակը ստիպել են նրան մտնել քաղաքականության մեջ:

Գեներալը մեդալակիր է, շքանշաններ է ստացել ՀՀ, ԼՂ, ՌԴ կառավարություններից, Բելառուսից, Բուլղարիայից, Տաջիկստանից, և խորհուրդ է տալիս նայել կենսագրություններին, այլ ոչ թե խոստումներին։

1_7 (2).jpg

Նրա կենսագրությունը ընտրողներին տանում է ուժային կառույցներ։ 1991-ին Հարությունյանը նշանակվել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար, 1992-ին (Վանո Սիրադեղյանի օրոք) հեռացվել է պաշտոնից և գործուղվել ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբ։

1999-ին դարձել է Հայաստանի պաշտպանության նախարար։ Պաշտոնավարումը համընկել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ։ Դեպքից հետո հրաման է տվել փակել Երևան տանող բոլոր ճանապարհները։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա համարել է «անընդունելի ինքնագլուխ գործողություն» և ազատել Հարությունյանին զինվորական ծառայությունից։ Մոտ մեկ տարի անց Քոչարյանը նաև աստիճանազրկել է գեներալ-լեյտենանտի մինչև սովորական շարքային։

Հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի ընկեր Վաղարշակ Հարությունյանը նախագահ Քոչարյանի այդ քայլը գնահատել է քաղաքական հաշվեհարդար։

Նրա զինվորական կոչումները վերականգնվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ 2019-ին Հարությունյանը նշանակվել է Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ։ 2020-ի պատերազմի ժամանակ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է եղել, պատերազմից հետո դարձել է պաշտպանության նախարար։

Պաշտոնավարումն այս անգամ համընկել է ադրբեջանական զորքերի ներխուժման հետ։ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ճեղքել է սահմանը և դիրքավորվել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Հարությունյանին հեռացրել են ՊՆ-ից, իսկ 2022-ի տարեսկզբին՝ որպես դեսպան գործուղել Ռուսաստան։

Գեներալը ենթադրում է, որ հայտնի չէ ընտրողների շրջանում իր վերջին պաշտոնի պատճառով․ երկամյա բացակայությունը երկրից վատ է ազդել նրա պոպուլյարության վրա։

1_6 (1).jpg

Վաղարշակ Հարությունյանը նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համահիմնադիրներից է։ «Աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով» (Հարությունյանն ավելի ռուսաստանամետ է) նա լքել է «Հանրապետությունը» 2008 թվականին և հիմնել «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որը փաստացի չի գործում։

«Ռեֆորմիստներին» է միացել  հունիսի 7-ի ընտրություներին մասնակցելու համար։ Այս կուսակցությունը 2016-ին հիմնադրել է Մանկավարժականի ուսխորհրդի փոխնախագահ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը։ 2017-ի ընտրություններին նա պատրաստվում էր գնալ «Ծառուկյան» դաշինքի հետ միասին, բայց վերջին պահին փոշմանեց՝ սատարելով իշխող ուժի ղեկավար Սերժ Սարգսյանին, որը Գագիկ Ծառուկյանին արդեն հասցրել էր հեռացնել քաղաքականությունից: Հիմնադրումից ի վեր կուսակցությունը մասնակցել է միայն 2018-ի Երևանի ՏԻՄ ընտրություններին՝ հավաքելով կես տոկոսից պակաս ձայներ։ Կուսակցության վիքիպեդիայի էջում նշված է, որ ռեֆորմիստները դեմ են մարիխուանայի օրինականացմանը։

1_1 (3).jpg

Հունիսի 7-ի ընտրություններում նրանք, ինչպես Բոլորին դեմ եմ կուսակցությունը, թիրախավորում են չկողմնորոշված ընտրազանգվածին։ Հայտարարում են, որ ունեն 7 ծրագրային կետ։ Բայց ԿԸՀ կայքում կարելի է գտնել միայն վեցը.

— ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ,
— կանխել դեմոգրաֆիկ սպառնալիքներն և ներգաղթ կազմակերպել,
— վարչապետի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ,
— ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով,
— բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը դարձնել անվճար, բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը,
— տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։

1_8 (1).jpg

Ազգային անվտանգության նոր հայեցակարգը հենվում է հին դաշնակիցների վրա։ «ՀԱՊԿ-ը 30 տարի գործել է <․․․> մեզ վրա չեն հարձակվել <․․․> սկսել է չգործել այն պահից, երբ ՀԱՊԿ-ից հետ ենք կանչել Խաչատուրովին», — ասել է Վաղարշակ Հարությունյանը։ Նա խոստացել է չքանդել հինը, քանի դեռ չի կառուցել նորը։ Վարչապետ Փաշինյանին Հարությունյանը մեղադրում է զուտ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները «սխալ հասկանալու» համար։

Ընտրվելու դեպքում խոստանում է մարդկանց տանել ընտրությունների այնպես, ինչպես զինվորներին են տանում բանակ՝ խրախուսելով կամ պատժելով։

Հարությունյանն ուզում է նաև վերջ տալ վայրի լիբերալ կապիտալիզմին։ Բիզնեսները հարուստներից չեն խլի, բայց եթե ընտրվեն՝ կփորձեն ստիպել հանքարդյունաբերողներին շահույթի 80 տոկոսը վճարել պետական բյուջե, խոշոր գործարարների հարկերը կդարձնեն 60 տոկոս։

Կարտահանեն ոչ թե մոլիբդեն, այլ վերամշակված ապրանք։ Կթարմացնեն բնակֆոնդը՝ ազատվելով ժամկետանց խրուշչովկաներից։ Կվերադարձնեն կենտրոնական ջեռուցումը։

Աղքատ կուսակցությունների համար կհանեն նախընտրական գրավը, ընտրություններին մասնակցելը կդարձնեն ստորագրահավաքով, նախընտրական վճարովի եթերները՝ անվճար։

3.jpg

Ռեֆորմիստների հայտարարագիրը դատարկ է՝ նրանք չեն գրանցել ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ։ Վաղարշակ Հարությունյանը ասում է՝ չեն հայտրարագրել, որովհետև չունեն։