2026 թ. մայիս 27, չորեքշաբթի

Դեմ եմ բոլորին, բացի զենքից

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ստեղծվել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար և ինքնալուծարվելու է դրանցից հետո։ Անվանումն այն ամենն է, ինչ կուսակցության անդամներն ուզում են, որ իրենց մասին իմանան ընտրողները։ Նրանց քարոզչությունն ուղղված է «լուռ մեծամասնությանը», որը զզվել է և՛ նախկիններից, և՛ ներկաներից։ Բոլորին դեմ մարդիկ քիչ չեն։ Ըստ կուսակցության բարձրախոսների՝ ընտրողների մոտ 40 տոկոսը։

«Բոլորին դեմ եմ» անվանումն ուղղված է նաև թրոլինգի սիրահարներին, որոնք զզվում են քաղաքականությունից և կարոտում են ժամանակները, երբ քվեաթերթիկի վրա կարելի էր նկարել կամ գրել Չակ Նորիս (գրիչները հիմա արգելված են): Կուսակցության անդամները իրենք էլ են թրոլինգի սիրահարներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանության նիստին նրանք եկել էին Մարվելի հերոսների կոստյումներով՝ Սարդ Մարդը, Գնդապետ Ամերիկան, Հալկը և այլն։

«Մեր մեկնարկային ակցիայի նպատակը մեկն էր՝ ցույց տալ մեր շուրջ կատարվող աբսուրդի իրական պատկերը», — այսպես է կուսակցությունը բացատրել դիմակահանդեսը։

Կարճ ասած, «բոլորին դեմ»-ը հավակնում է դուր գալ բոլորին։ Հետևաբար, կուսակցությունը խուսափում է խոսել խաղաղությունից և պատերազմից, հարկային քաղաքականությունից, պետական բռնություններից, այլ ակտուալ թեմաներից։

bolorin dem em.jpg

Կուսակցության ցուցակում կողք կողքի տեղավորվել են սոցիալ-դեմոկրատներ և ազգայնականներ, իրավապաշտպաններ, ռասիստներ, չկողմնորոշված ակտիվիստներ։

Նրանք այս էկլեկտիկ կառուցվածքից չեն նեղվում, քանի որ միևնույն է պլանավորում են շուտով ինքնալուծարվել։

bolorin dem em 3.jpg

Այս ընտրություններին մասնակցում է 19 ուժ, ակնհայտ ֆավորիտները մոտ չորս-հինգն են։ Դրանք մեղադրում են «մանր» կուսակցություններին իրենցից «ձայն փախցնելու» կամ իրենց հակառակորդին թաքուն օգնելու մեջ։ «Դեմ եմ»-ի լիդերները խնդրում են չհավատալ և իրենց հետևում չփնտրել ինչ-որ մեկի ականջները։ «Ո՛չ, մենք անգլուխ հրեշ ենք», — հարցազրույցներում ասում են «Բոլորին դեմ եմ»-ի տղերքը։

Կուսակցության հետևում գուցե չկա անձ, բայց կա գաղափարախոսություն։ «Դեմ եմ»-ի հիմնադիր առաջնորդները և խոսող գլուխները՝ Իշխան Գևորգյանը, Սպարտակ Կյուրեղյանը, Արամ Քոչարյանը, ծրագրավորող-դիպուկահարներ են։

Նրանք արդեն ստեղծել են մեկ այլ կազմակերպություն՝ «Ազատազեն» ՀԿ-ն և յուր քաղաքացիական հրաձգարանները: Սա հայրենասիրական նախաձեռնություն է, համատեղությամբ նաև ստարտափ։

Ազատազենը, ինչպես «Բոլորին դեմ եմ»-ը, ընդունում է բոլորին՝ որսորդներին և արշավականներին, զենքի մեջ հոգեթերապիա փնտրողներին, պարզապես զենքի սիրահարներին, հայրենասերներին, ջիմ գնացողներին, ռազմասպորտով զբաղվողներին, միլիտանտ անարխիզմով հիացողներին, սնայպեր-տուրիստներին։

Ծառայությունները վճարովի են։ Ժամանցային փաթեթներից բացի ունեն նաև զենքի խանութ։ Հրաձգարանների ցանցը ստեղծվել է 2021 թվականին և ընդլայնվում է։ Այն վերազինում է իր ենթակառուցվածքները, որպեսզի դառնա, ինչպես «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համար Սպարտակ Կյուրեղյանն է ասում, «Դիսնեյլենդ մեծերի համար»։

Պարզ է, որ զենքով տարվելը անշառ սպորտ չի կարող լինել, զենքով տարվածությունը պատմության մեջ միշտ էլ ուղեկցվել է որոշակի միլիտարիզմով։

«Ազատազեն»-ը դա չի հերքում. նրա քաղաքական նպատակն է Հայաստանում ստեղծել ազգ-բանակ, զինել բոլոր ՀՀ քաղաքացիներին, «եթե պետք լինի՝ զոռով»։

bolorin dem em 5.jpg

«Ազատազենի» տղաները դեռ հայ-ազատագրական կուսակցություն չեն բացել՝ հասկանալով, որ դա այդքան պոպուլյար չի լինի, որքան «բոլորին դեմ» լինելը։ Կուսակցության լիդերները ռազմասպորտով զբաղվում են ազատ ժամանակ։ Գործի բերումով նրանք որպես կանոն ծրագրավորողներ են կամ ծրագրավորման պոպուլիզատորներ։ Ուզում են զարգացնել մասնավորապես ռազմարդյունաբերությունը, որպեսզի, ինչպես երազում է Իշխան Գևորգյանը, աշխարհում հայ ասելուց պատկերացնեն ոչ միայն Քիմ Քարդաշյան, այլ նաև սնայպեր։

bolorin dem em 2.jpg

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ունի երեք նախընտրական խոստում։ Փոխելու են ընտրական օրենսդրությունը, որը, ըստ նրանց, Հայաստանին թույլ չի տալիս ներկայացուցչական ժողովրդավարություն ունենալ։ Վերացնելու են կայուն մեծամասնության մեխանիզմը, իջեցնելու են անցողիկ շեմը, ավելացնելու են «բոլորին դեմ եմ» լրացուցիչ քվեաթերթիկը։

Հաղթողը հիմա ստանում է «երկիրը միանձնյա կառավարելու հնարավորություն»։ Կուսակցության կարծիքով, սա 2015-ի Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումն» էր, որի մեջ լավ տեղավորվել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Կայուն մեծամասնության սկզբունքը ենթադրում էր, որ 50%+1 ձայն ստացած ուժը ստանում է լրացուցիչ մանդատներ, որպեսզի ապահովի 54 տոկոսը։ 2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» իջեցրել է շեմը՝ 54-ը դարձնելով 52 տոկոս։ Այս կարգավորումը երբևիցե չի կիրառվել և ընտրությունների արդյունքների վրա մինչ այժմ չի ազդել (թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ՔՊ-ն մեծամասնություն է ստացել առանց լրացուցիչ մանդատների)։

«Բոլորին դեմ»-ի երկրորդ խոստումն է՝ անցողիկ շեմը դարձնել 1 տոկոս (կուսակցությունների համար հիմա 4 տոկոս է, դաշինքների համար՝ 8-ից 10), այսինքն՝ թույլ տալ, որ բազմազան ուժեր մտնեն խորհրդարան և ստիպված լինեն լեզու գտնել միմյանց հետ: Կուսակցությունը չի բացատրում՝ սա նպաստելու է անկախ ուժերի՞, թե՞ ավելի շուտ կլանային կամ թաղային հեղինակությունների շուրջ ձևավորվող քաղաքական միավորների աճին, և ինչպե՞ս են խուսափելու պերմանենտ խորհրդարանական ճգնաժամերից։

Երրորդ կետով կուսակցությունը խոստանում է ավելացնել «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը, ինչը, իրենց կարծիքով, թույլ կտա ռեալ պատկերացում կազմել հանրային տրամադրությունների մասին՝ որևէ կերպ չազդելով պարլամենտի կազմի կամ կառավարության ձևավորման վրա։ «Բոլորին դեմ եմ»-ը նաև կօգնի մաքուր խիղճ ունեցող մարդկանց չդավաճանել սեփական պատկերացումները՝ կողմնորոշվելով առկա իրականության մեջ։

bolorin dem em 4.jpg

Կուսակցությունը խոստանում է, որ խորհրդարան անցած իր բոլոր պատգամավորները ընտրություններից 100 օր անց վայր են դնելու մանդատները։ Եթե բավարար ձայներ ունենան՝ մինչ այդ փոխելու են ընտրական օրենսգիրքը և կազմակերպելու են նոր, արտահերթ ընտրություններ։