Դատարանում Հորիզոն 2020 ծրագրով Մատենադարանի գիտաշխատողների իրավունքների պաշտպանության մի քանի հարցի մասին
Երկու տարի առաջ հանրային լուրերի առատության մեջ առկայծեց, որ Մաշտոցյան Մատենադարանի տնօրենությունը չի փոխհատուցել «Հորիզոն-2020» ԵՄ շրջանակային ծրագրի մասնակից իր աշխատակիցներին։ Մոտ երկու տարի առաջ այս պնդման համար տնօրեն Արայիկ Խզմալյանը և Մատենադարանը հայցադիմում են ներկայացրել իմ դեմ Քաղաքացիական դատարանի Առաջին և Վերաքննիչ ատյաններում՝ զրպարտություն և վիրավորանք որակելով իմ ասածը։ Համահայցվորները արտահայտում էին իրենց խորը վիրավորանքը և ազդվածությունը այն հավանական վարկածի իսկ հանդեպ, որ տնօրենությունը կարող էր չփոխհատուցել իր գիտաշխատողներին։ Սակայն, հավանաբար, հուզմունքից և վիրավորանքից դրդված է, որ Մաշտոցյան Մատենադարանի տնօրենությունը մինչ օրս չի փոխհատուցել «Հորիզոն-2020» ԵՄ շրջանակային ծրագրով Մատենադարանի պարտականությունների և պարտավորությունների շրջանակը՝ անտեսելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին» համաձայնագիրը և դրան հավանություն տված ՀՀ կառավարության (2015 թ. հոկտեմբերի 29-ի N 1255 — Ա) որոշումը։ Դրամաշնորհային միջոցների սխալ և ոչ նպատակային օգտագործմամբ տնօրենությունը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունների շրջանակը Հորիզոնի մասնակից իր աշխատակիցների հանդեպ, այլև վերջիններիս ուղղորդել է դիմել Դատարան, եթե գտնում են, որ փոխանցված դրամաշնորհային միջոցների հանդեպ վերջիններս ունեն իրավունքներ։ Արտաքուստ իրավական հնչողություն ունեցող այս հայտարարությունը իրականում խորապես իրավական չէ, որովհետև ևս մեկ անգամ խախտում է վերևում նշված ծրագրային պայմանագրերի դրույթները և որոշումները։
Քաղաքացիական դատարան են դիմել Հորիզոնում Մատենադարանի գործուղված անձնակազմի ութ անդամներից ընդամենը երեքը։ «Հորիզոն-2020» ծրագրի էությանը հակասող Մատենադարանի տնօրենության գործողությունները և մեկնաբանությունները շարունակվել են Դատարանի դահլիճում։ Ընթերցողի ջղերը խնայելու մտահոգությամբ ես այստեղ չեմ ներկայացնի այն բացատրությունները, դատողություններն ու մեկնաբանությունները, որով հանդես է եկել տնօրենության լիազորված խումբը։ Սակայն դրանցից պարզ է դառնում, որ պոստ ֆակտում Մատենադարանի տնօրենությունը համաձայն չէ Հորիզոն 2020 ծրագրի սկզբունքներին, կարգավորումներին և պայմանագրերի կետերին՝ համարելով դրանք վերից վար թեական և լի տարընթերցումներով։ Ինչպես ցույց են տալիս դատավարության ձայնագրությունները, պատասխանողի նման հռետորաբանությունը լուրջ ռիսկեր է պարունակում բարոյական մաշվածություն հաղորդելու իրավաբանական անձի վարկանիշին։ Մասնավորապես, եթե Մատենադարանի տնօրենությունը իր պարտավորությունները չկատարելու բերումով հայտնվել է Դատարանում, նա շարունակում է մնալ իբրև իրավաբանական անձ. և տնօրենության սխալի պաշտպանությունը, ըստ իս, նախընտրելի կլիներ՝ մնար թույլատրելիության սահմաններում և չլիներ ի հաշիվ Հորիզոն 2020 ծրագրի շրջանակային դրույթների, H2020-KEAC-BSR ԴՊ-734645 Կոնսորցիում Պայմանագրի տասներկու ինստիտուտի, այդ թվում՝ Մատենադարանի, և դրանց անձնակազմերի, ինչպես նաև կառավարման մարմինների վարկանիշի։
Սույն դատապրոցեսը ունի սպեցիֆիկ բնույթ նրանով, որ իրավաբանական անձը ներկայացված էր երկու լիազորված անձով՝ ազգային համակարգողը և տնօրենը, որոնք հայտնվել են վեճի առարկայի տարբեր կողմերում։ Տնօրենը հանդիսանում է Մատենադարանի ներկայացուցիչը՝ Հիմնադիրի անունից։ H2020-KEAC-BSR նախագծում Մաշտոցյան Մատենադարանը ներկայացուցիչը ազգային համակարգողն է։ Ազգային համակարգողը հանդիսանում է ԴՊ-734645 Կոնսորցիում մարմնի և Ղեկավար կոմիտեի անդամ։ Ազգային համակարգողը հանդիսանում է նաև Ղեկավար հանձնաժողովի անդամ, որը բաղկացած է ծրագրի բոլոր առանցքային հետաքննողներից, Կոնսորցիումի վերջնական որոշումներ կայացնող մարմինն է: Ազգային համակարգողի հրավերով և համակարգմամբ են անձնակազմի անդամները իրականացրել գործուղումներ և ապա իրագործել նախագծի մնացած պարտականությունները։ Նախագծի հայտի կազմման, շարժունակության և դրան հաջորդող փուլերում համակարգողն է Մատենադարանի անձնակազմին ներկայացրել մասնակցության կարգն ու պայմանները, դրամաշնորհային միջոցների գոյացման, իրավազոր ճանաչման և բազմափուլ շարժերի սխեման, ինչպես նաև ներկայացրել նախագծում Մատենադարանի գործընկերոջ կարգավիճակը, թե՛ դրանով և թե՛ սխեմայի ու պայմանագրերի պահանջներով պայմանավորված ուշացումները։ Մատենադարանի անձնակազմի անդամները ընդունել են դրամաշնորհային միջոցները ֆինանսավորող ԵՄ Հանձնաժողովի որոշումները և պայմանները, ԴՊ-734645 Կոնսորցիում մարմնի և Ղեկավար կոմիտեի որոշումներին իրազեկվել են ազգային համակարգողի միջոցով։ Որքան էլ գործուղվող անձնակազմի համար բարդություն է առաջացրել դրամաշնորհային միջոցների իրավազոր ճանաչման և մի քանի ինստիտուտների միջոցով բաշխման կարգը, ԵՄ-ում ՀՀ-ի և Կոնսորցիումում Մատենադարանի կարգավիճակը, ինչպես նաև Կովիդ համավարակի առաջացրած ֆորս մաժորային իրավիճակը, նրանք կատարել են նախագծում իրենց պարտականությունները, սեփական միջոցներով փոխհատուցել դրա ծախսերը՝ համոզված լինելով, որ դրամաշնորհային միջոցները կփոխանցվեն Մատենադարան, և իրենք ի զորու կլինեն իրացնել պարտավորությունների կատարման իրենց պահանջը։ Սակայն վստահության շղթայում մեկը՝ Մատենադարանի տնօրենությունը, խախտել է պայմանը։ 2016–2022 թվականներին 12 միջազգային ինստիտուտի ավելի քան հարյուր հոգանոց անձնակազմի միջև կատարված համագործակցությունը, որը չէր կարող իրականանալ առանց փոխադարձ վստահության, հարգանքի ու պատասխանատվության, խախտվել է 2022 թվականից ի վեր, երբ դրամաշնորհային միջոցների վերջնահաշվարկի արդյունքում գումարը փոխանցվել է Մատենադարան։ Այս շղթան խախտել են Մատենադարանի կառավարման մարմինները, ֆինանսական, իրավական գծով պատասխանատուները և այլոք։
Վերոգրյալից հետո նորից հարկ է վերադառնալ Քաղաքացիական դատարանում սույն դրամաշնորհի հարցով իբրև պատասխանող ընդգրկված և Մատենադարան իրավաբանական անձի անունից հանդես եկող տնօրենությանը, որը ներկայացրել է երեք միջնորդություն՝ նպատակ ունենալով գործը կարճել՝ առանց բուն հայցի քննության հասնելու։
ա. Մատենադարանը չի հանդիսանում ո’չ Դրամաշնորհային պայմանագրի, ո’չ Կոնսորցիումի պայմանագրի կողմ։ Միջնորդությունը մերժվել է Դատարանի կողմից։
բ. Գործին մասնակցող անձանց կազմից հանել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին՝ ազգային համակարգողին։ Պահանջ չներկայացնելը այս դեպքում ընկալվել է իբրև դրամական պահանջ, որը իսկապես ազգային համակարգողը չունի և չի ունեցել գործուղվող անձնակազմի անդամներին հասանելիք դրամական միջոցներից։ Միջնորդությունը բավարարվել է Դատարանի կողմից։
գ. Կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել։ Պատասխանողի բերած միջնորդությունը երկու մոտեցում է առաջարկել՝ կամ պահանջը դիտարկել որպես աշխատանքային հարաբերություններից ծագող գործուղման ծախսերի փոխհատուցում և ժամկետը հաշվել գործուղման ավարտի հաջորդ օրից սկսած երեք տարի, կամ երեք տարվա ժամկետը հաշվել Դրամաշնորհային և Կոնսորցիումի պայմանագրերի ավարտման հաջորդ օրվանից սկսած, որոնց կողմ Մատենադարանը չի հանդիսանում։ Դատարանը որոշեց օգտվել առաջարկված տարբերակներից վատթարագույնից և պահանջը դիտարկել իբրև դրամաշնորհից ծագող գործուղման ծախսերի փոխհատուցում և ժամկետը հաշվել գործուղման ավարտի հաջորդ օրից սկսած երեք տարի։ Այս միջնորդության հիման վրա Դատարանը կայացրել է վճիռներ մերժելու ԵԴ2/8398/02/24, ԵԴ2/7571/02/25 գործերով հայցադիմումները։ Իմ համոզմամբ, գործի քննության ընթացքում դատարանը թույլ է տվել առերևույթ կոպիտ սխալներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման։
Նախ՝ Դատարանի սևեռվածությունը գործուղումների վրա անտեղի է. նա իբրև թե հասկացել է դրամաշնորհի գործուղում եզրը, բայց Դատարանը կիրառել է տեղական Աշխատանքային օրենսգրքի իմաստով գործուղման տրամաբանությունը՝ միակ տարբերությամբ, որ գործուղման պահանջ անձնակազմի անդամները պիտի ներկայացնեին ոչ թե դրանից առաջ, այլ հետո։ Դատարանն անտեսել է հայցվորի այն պնդումը, որ վերջինս չունի գործուղման ծախսերի փոխհատուցման պահանջ։ Հայցվորը քանիցս հայտարարել է, որ գործուղման ծախսերի համար նա փոխհատուցվել է ԵՄ ասոցացված ինստիտուտների կողմից 100%-ով գործուղման սկզբում և այդ ծախսերի վերաբերյալ նա պահանջ չունի։ Պահանջը ուղղված է իր ինստիտուտին՝ Մատենադարանին, որի միջոցով միայն նա կարող էր, ըստ Կոնսորցիումի մարմնի, փոխհատուցում ստանալ դրամաշնորհային թեմայի շրջանակներում հետազոտության, կրթության, համագործակցության, ինչպես նաև կազմակերպչական ու անուղղակի ծախսերի համար։ Այս աշխատանքների սկսման և ավարտման օբյեկտիվ ժամկետ ոչ Դատարանը, ոչ պատասխանողը և ոչ հայցվորը չեն կարող սահմանել, քանի որ բացի գործուղումներից՝ մասնակիցները կատարել են նաև հետազոտական, կրթական, համագործակցային, ինչպես նաև կազմակերպչական ու այլ աշխատանքներ։ Այս մասով Դատարանը ճիշտ է, կիրառելով ՔՕ 337 հոդվածի 3-րդ կետի առաջին մասը և սա դիտարկելով պարտավորություն, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ։ Սակայն Դատարանը սխալվում է, երբ արձանագրում է, որ հայցվորը կարող էր կամ պետք է իրացներ իր հանդեպ պարտավորության կատարման պահանջը անհատապես Մատենադարանից ամեն գործուղման կամ գործուղումների ավարտին (Դատարանը սա թողել է չպարզաբանված)։ Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը իր ինստիտուտից դրամաշնորհային միջոցների փոխհատուցման պահանջ կարող էր ունենալ ոչ թե իր անհատական դիմումով, այլ ազգային համակարգողին ծախսերի նախահաշիվ ներկայացնելով, որն էլ իր հերթին ամբողջ անձնակազմի նախահաշիվը պետք է ներկայացներ և ներկայացրել է տնօրենությանը։ Դատարանը նաև հաշվի չի առել, որ հայցվորը պարտավորության կատարման պահանջ ներկայացրել է գործուղման ավարտից քսան օրվա ընթացքում դրամաշնորհատուին՝ ԵՄ Հետազոտական Գործակալությանը։ Դատարանը չի հասկացել, որ գործուղումները դրամաշնորհի մի բաղադրիչն են, վերջինիս սկիզբը հայտարարագրելու և վերջը հայտարարագրելու միջոցով միայն մասնակից գիտաշխատողը կարող էր գրանցվել Գործակալության համակարգում և սպասեր դրա Բ մասին՝ հետազոտական և այլ ծախսերին։
Երկրորդ՝ Դատարանը թյուրիմացաբար անտեսել է դրամաշնորհատու Եվրոպական Հանձնաժողովի, ի դեմս Հետազոտական Գործադիր Գործակալության (REA), և ԵՄ Ֆինանսավորող մարմնի դրամաշնորհային միջոցների փոխանցման կարգը և պայմանները։ Դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է, մի կողմից, Եվրոպական Հանձնաժողովի, ի դեմս Հետազոտական Գործադիր Գործակալության (REA)-ի և, մյուս կողմից, նախագծի համակարգող Գրացի համալսարանի և ուրիշ ութ, Դրամաշնորհի ասած, Շահառու, ԵՄ ասոցացված ինստիտուտների միջև։ Համաձայն Դրամաշնորհի պայմանագրի՝ վճարումները Շահառու կազմակերպություններին կատարվել են երեք փոխանցմամբ՝ նախնական, միջանկյալ և վերջնական։ Ըստ ԵՄ Հետազոտական գործադիր մարմնի օֆիցերի հաղորդման՝ վերջնական վճարումները Շահառուները ստացել են 2022 թվականի մարտին։
Հաշվի առնելով ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ասոցացման կարգավիճակը՝ Մաշտոցյան Մատենադարանը սույն դրամաշնորհին միացել է Կոնսորցիում պայմանագրի միջոցով և եղել իրազեկված, որ իր անձնակազմի անդամների փոխհատուցման վճարները ԵՄ Ֆինանսավորող մարմինը նախ պետք է ուղարկի Շահառու կազմակերպություններին, իսկ վերջիններս Համակարգողի միջոցով՝ Մատենադարանին։ Մատենադարանը նաև տեղեկացվել է, որ դրամաշնորհային միջոցների վերջնական փոխանցումը կստանա, երբ իր գիտաշխատողները կատարեն բոլոր գործուղումները։ 2021 թվականին Մատենադարանը ստացել է դրամաշնորհային միջոցների փոքր մասը և կատարել իր պարտավորությունները գործուղվող անձնակազմի որոշ անդամների հանդեպ։ 2022 թվականի օգոստոսին Մատենադարանը ստացել է դրամաշնորհային միջոցների մեծ մասը, չի հայտնել պարտատեր գիտաշխատողներին դրա մասին և չի կատարել իր պարտավորությունները նրանց հանդեպ։
Արտահայտվելով ՔՕ բարբառով՝ իրական պարտատերը և պարտապանը Մատենադարանի գիտաշխատողները և Եվրոպական Հանձնաժողովն են։ Վերջինս դրամաշնորհատուի իրավունքով սահմանել է երկու միջնորդ՝ Համակարգող Գրացի համալսարանը և դրամաշնորհի Կոնսորցիումի կողմ Մատենադարանը։ Իրական պարտատերը և պարտապանը չէին կարող պարտավորության պահանջի կատարման պահանջ և պարտավորության կատարում իրացնել ուղիղ, քանզի, նախ՝ այսպես կոչված, պարտապանը որոշել է, որ դրամաշնորհի միջոցները չպետք է փոխանցվեն պարտատիրոջը՝ այսինքն՝ Մատենադարանի գիտաշխատողին առձեռն, անգամ եթե նա կատարել է գործուղումները, այլ նախ պետք է փոխանցվեն առաջին միջնորդին, որը Գրացի համալսարանն է, իսկ առաջին միջնորդը պարտատիրոջ՝ Մատենադարանի գիտաշխատողների պարտականությունների ամբողջական կատարումից հետո՝ երկրորդ միջնորդին, որը Մատենադարանն է, որին էլ դրամաշնորհային միջոցների ստացումից հետո կարող էր դիմել այս պատմության հերոս պարտատերը՝ պարտավորության կատարման պահանջով։ Օբյեկտիվ պատճառներով պարտատեր գիտաշխատողները չէին կարող հաղթահարել դրամաշնորհի պահանջներից բխող այս ինստիտուցիոնալ «պատնեշները» և Եվրոպական Հանձնաժողովից ուղղակիորեն պահանջել պարտավորությունների կատարում, եթե առաջնորդվեին ՔՕ օրենսգրքով։ Առաջնորդվելով, սակայն, ՔՕ-ով՝ Դատարանը թյուրիմացաբար գտել է, որ պարտատեր գիտաշխատողները պետք է պարտավորության կատարման պահանջ ներկայացնեին Մատենադարանին գործուղման կամ գործուղումների ավարտի (սա դատարանը չի հստակեցնում) հաջորդ օրը և պահանջեին պարտավորության կատարում։ Ըստ Դատարանի՝ այդ ժամկետը կամ ժամկետները նրանք բաց են թողել։
Ավելին՝ պարտավորության պահանջի իրացումը այնքան հրատապ էր Դատարանի համար, որ վերջինս անգամ անտեսել է Կովիդ համաշխարհային համավարակով պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակը, որը պատահել է ճիշտ դրամաշնորհային ծրագրի մեջտեղում և հասկանալիորեն ուղղակի կաթվածահար արել շարժունակությամբ պայմանավորված ծրագիրը։ Դատարանը գտել է, որ համաշխարհային համավարակը չպե՛տք է արգելք հանդիսանար գիտաշխատողների համար իրենց պահանջի իրացման ճանապարհին։
Ինչպես տեսնում ենք, Դատարանը անտեսել է գիտաշխատողների մարդկային ուժերից վեր և օբյեկտիվորեն անհաղթահարելի իրողությունները, որոնք անմիջականորեն ազդել, ավելին՝ Դատարանը անտեսել է ինստիտուցիոնալ քայլերի պարտադիր հերթագայությունը, որոնք հարկադրաբար պայմանավորել են վերջիններիս պարտավորության պահանջի իրացման հանգամանքները։ Դատարանը հաշվի չի առել նաև Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ Ֆինանսավորող մարմնի՝ դրամաշնորհային միջոցների տրամադրման կարգը և պայմանները, ԵՄ-ում ՀՀ-ի քաղաքական կարգավիճակի օբյեկտիվ ազդեցության հետևանքները ՀՀ քաղաքացի հանդիսացող գիտաշխատողների պարտավորության պահանջի իրացման հաշվարկում։ Ավելին՝ գործի այս լուծմամբ՝ Դատարանը, փաստորեն, գիտաշխատողների և Մատենադարանի միջև դիտարկել է Դրամաշնորհի և Կոնսորցիում պայմանագրերից, Կոնսորցիում Մարմնի պրոտոկոլային որոշումներից դուրս քաղիրավական վեճ։ 13 սեպտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1297 որոշմամբ՝ Սահմանադրական Դատարանը որոշել է, որ 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014–2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Դատարանը կաշկանդված չէր տեղական օրենսդրության կարգավորումներով, և նա կարող էր գործի նախնական քննության փուլում ուսումնասիրել Դրամաշնորհային և Կոնսորցիում պայմանագրերը, ինչպես նաև Կոնսորցիում մարմնի որոշումները, որոնք դիրեկտիվային ուժ ունեն։
Երրորդ՝ միջնորդության հիման վրա նախնական քննության փուլում գործին մասնակցող անձանց կազմից Դատարանը հանել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին՝ ազգային համակարգողին՝ թողնելով հայցվոր գիտաշխատողներին և Մատենադարանի ներկայացուցչին դեմ հանդիման։ Այս որոշմամբ Դատարանը մեխանիկորեն չի հակասել ՔՕ-ին, սակայն ի՞նչն էր նրան կաշկանդում չբավարարել միջնորդությունը և երրորդ անձի կարգավիճակում պահել գործում իրավաբանական անձի մեկ այլ ներկայացուցչի, որի մասնակցությունը գործին կարող էր էականորեն փոխել գործի լուծման ընթացքը։ Գուցե ինքնուրույն պահանջներ (իմա՛ դրամական պահանջ) չներկայացնող երրորդ անձի կարգավիճակը լավագույնս չէր արտացոլում ազգային համակարգողի կարգավիճակը, սակայն խնդրո առարկա վեճում վերջինիս՝ իրավաբանական անձի մեկ այլ ներկայացուցիչ լինելու հանգամանքը կարող էր բավարար հիմք լիներ Դատարանի համար վերջինիս գործի վարույթից չհեռացնելու համար։ Դատարանը որոշել է, այնուամենայնիվ, հեռացնել համակարգողին։ Արդյո՞ք Դատարանի այս մոտեցումները, որոնք ազդել են հայցվորների իրավունքների լիարժեք պաշտպանության վրա և ազդել գործի ելքի վրա, պատահականության արդյունք են, ես չեմ կարող ասել։
Սակայն ես կարող եմ կրկնել երկու տարի առաջվա ասածս, որի համար մեկուկես տարի դատական պրոցեսի մեջ և միջոցներիս կալանքի տակ եմ եղել՝ սա կեղծ և շինծու գործընթաց է։ Ես պետական բյուջեի պատասխանատուներին և ապարատում գտնվող մտահոգ այն մարդկանց, ում համար էական է Հայաստանի ստանձնած պարտականությունների շրջանակը և վարկանիշը, խնդրում եմ Մատենադարանի փոխարեն և նրա միջոցով ստանձնել դրամաշնորհային սույն միջոցների փոխհատուցումը գիտաշխատողներին, այդ գումարները նրանց արդար վաստակի արդյունքում են փոխանցվել ինստիտուտ։ Դատարանում հակառակը չի ապացուցվել։ Ավելին՝ Դատարանի այս «հաղթական» վճիռները պարտություն են պետության և գիտական լայն հանրույթի համար թե՛ Մատենադարանում, թե՛ դրանից դուրս։ Սա Պեպոյի բարաթի և Զիմզիմովի պատմությունը չէ։
Ամփոփելով՝ 2022 թվականից ի վեր հայաստանցի գիտաշխատողների ԵՄ H2020-KEAC-BSR ԴՊ-734645 դրամաշնորհային միջոցները Հայաստանում են, պարտավորության կատարման ժամկետը խախտել է պետությունը, խնդրում եմ պատկան մարմիններին կասեցնել ի վնաս պետության հոսող ժամկետը և կատարել պարտավորությունը։ Շնորհակալ եմ։
Գայանե Այվազյան
H2020-KEAC-BSR նախագծի ազգային համակարգող, GA-734645 Կոնսորցիում մարմնի և Ղեկավար կոմիտեի անդամ, Հորիզոն 2020-ում իրավաբանական անձի նշանակված ներկայացուցիչ