Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Մատենադարանի գիտխորհրդի տարեվերջյան նիստը։ Նիստին քննարկվել է նաև Մատենադարանի նախկին գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Այվազյանի անձը՝ գրել է Մատենադարանի Արհմիությունը։
«Գայանե Այվազյանը այլևս չի աշխատում Մատենադարանում և աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ առանց տնօրենության առարկության։ Սակայն չնայած այս ամենին՝ Մատենադարանի գիտխորհուրդը նիստ է գումարում, որպեսզի քննարկի Գայանե Այվազյանին, և այդ նիստին տնօրենը հայտարարում է, որ կարող է նրան դատի տալ, բայց չի տալիս։
Նախ՝ եթե Մատենադարանը որևէ պահանջ ուներ Գայանե Այվազյանից, ապա կարող էր չստորագրել նրա աշխատանքից ազատվելու դիմումը։ Եթե այն ստորագրվել է առանց առարկության, ուրեմն կողմերը պարտք ու պահանջ չունեն միմյանց հանդեպ։ Արհմիությունը դատապարտում է գիտխորհրդի՝ գիտական խորհրդին ոչ պատշաճ պահվածքը՝ իր ժամանակը վատնելու և ո՛չ իր աշխատողի անձը առանց նրա ներկայության քննարկելու համար։ Արհմիությունը դատապարտում է նաև գիտխորհրդի անդամներին, որոնցից ոմանք լռելյայն, իսկ ոմանք նաև անվայելուչ միջարկություններով նպաստել են այդ երկար քննարկմանը», – ասված է արհեստակցական միության հայտարարության մեջ։
Գիտխորհրդում, ըստ Արհմիության, Գայանե Այվազյանի անձի հետ կապված միտք է հնչել, որ նա՝ որպես Արհմիության նախագահ, դատի է տվել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին՝ դատական գործերի ընթացքի համար Մատենադարանին պատճառելով զգալի նյութական վնաս․
«Արհմիությունը խնդրում է Մատենադարանի տնօրենությանը պարզաբանել, թե ինչու է տնօրենի դատական նիստերի ֆինանսական ծախսերը ստանձնել այն դեպքում, երբ Արհմիությունը դատի է տվել ոչ թե Մատենադարանին, այլ Վահան Տեր-Ղևոնդյանին՝ անօրինական ձևով տնօրեն ընտրվելու համար։
Արհմիությունը հրապարակային դիմում է նաև Գիտխորհրդին՝ լինել կոմպետենտ գիտական պրոցեսին և գիտխորհրդի նիստերը չվերածել որևէ անձի հանդեպ վիրավորական ելույթների և անվայելուչ բանսարկությունների շղթայի՝ աշխատողների վստահությունը գիտխորհրդի գործունեության իրական բովանդակության հանդեպ չկորցնելու համար»։