Home / Դատարան / Մատենադարանում չարաշահումները չեն քննվելու

Մատենադարանում չարաշահումները չեն քննվելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մատենադարանի արհմիության բողոքարկման դիմումը:

Արհմիությունը հիշեցնում է, որ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահությունը, իրականացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները, բացահայտել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կառավարման մարմինների ձևավորման որոշ հանգամանքներ, որոնց մասին ձեռք բերված տեղեկատվության վրա հիմնվելով՝ պարզել է, որ գործ ունենք թույլ տրված չարաշահումների և չի բացառվում՝ առերևույթ հանցագործության հետ:

2018 թ. հունվար (19) և մարտ (6) ամիսներին տեղի ունեցած կառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Ազատի Սարգսյանը, տնօրեն՝ Վահան Տեր-Ղևոնդյանը: Ցավոք, ընտրություններն ուղեկցվել են Օրենքի և Կանոնադրության պահանջների խախտմամբ: Համաձայն արձանագրությունների՝ երկու դեպքում էլ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ 19 կողմ ձայնով, ընտրել է թե՛ Խորհրդի նախագահին, թե՛ տնօրենին: Վերոնշյալ նիստերի արձանագրությունները, սակայն, ստորագրել են միայն Խորհրդի նախագահը և քարտուղարը: Հիմնադրամների մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի և Կանոնադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման Խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող Խորհրդի բոլոր անդամների կողմից:

Հարցման արդյունքում տրամադրված մյուս արձանագրության պատճենը վերաբերում է 2018 թվականի հուլիսի 27-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին: Հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի թվով 13 անդամներ: Խորհուրդը, նկատի ունենալով երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձություններով պայմանավորված Խորհրդի նախագահի բացակայությունը որոշել է իրականացնել Կանոնադրության փոփոխություն:

Կանոնադրության փոփոխություն հնարավոր է իրականացնել Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով: Նկատի ունենալով, որ հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են 19-ից միայն 13 անդամ, Կանոնադրությունում հնարավոր կլիներ փոփոխություն մտցնել, եթե մասնակից բոլոր 13 անդամները քվեարկեին դրա օգտին: Նիստի արձանագրության պատճենից ակնհայտ է, որ 13-ի փոխարեն արձանագրությունը ստորագրել են միայն 10-ը: Սակայն այսքանով հանդերձ՝ Կանոնադրությունում կատարվել է փոփոխություն:

Կանոնադրության վերոնշյալ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, որի համար Մատենադարանի տնօրինության կողմից ներկայացվել են «համապատասխան» փաստաթղթեր: Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կանոնադրությունում փոփոխություն կատարելու հիմք հանդիսացել է ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը, որը ստորագրվել է Մատենադարանի տնօրենի կողմից: Հիշյալ քաղվածքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ արտահերթ նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր 13 անդամները:

Դեռևս 2019 թ. Մատենադարանի արհմիությունը բարձրացրել էր Կանոնադրության փոփոխության հարցը: Հարցը դեռևս ընթացքի մեջ է և չի հանգուցալուծվել: Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը մինչ օրս գործում է փակ, ոչ մասնակցային, ոչ դեմոկրատական սկզբունքներով։ Հոգաբարձուների խորհրդի Մատենադարանից ներկայացված անդամները Խորհրդում են հայտնվել «տնօրինության որոշմամբ»։ Կանոնադրությունը չի կարգավորում ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը Խորհրդի կազմի ընտրությանը։

Tekali Taxi