Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կերաման դարձրած որոշ ուժեր Մատենադարանի աշխատողների արհմիության 04.03-ին տված մամուլի ասուլիսից հետո իրադրությունը ուղղելու փոխարեն փորձում են փակ տարածքներում իրենց փոքրաթիվ վարձկաններին կրկին միավորել արհմիության շուրջ տնօրինության ձևավորած կեղծ թեզերի շուրջ՝
ա. նորաստեղծ արհմիությունը չի ներկայացնում Մատենադարանի բոլոր աշխատողներին, հետևաբար իրավունք չունի գործել և ներկայացնել ինստիտուտում բարեփոխումների պահանջ,
բ. արհմիությունը կատարում է պատվեր դրսի ուժերի կողմից և ունի դրա համար ֆինանսավորում:
Այս տեղեկատվությունը տարածողները պետք է առնվազն ցույց տան գեթ մեկ կոպեկի ներհոսք, որ արհմիությունը ստացել է դոնոր կազմակերպություններից կամ «դրսի ուժերից», այլապես սա ստոր զրպարտություն է, որը շրջանառելու հետևողական ջանքերը պետք է ստանան իրավական գնահատական:
Երկրորդ՝ արհմիությունը ներկայացնում է իր անդամներին և բոլոր այն աշխատակիցներին ու հանրային հատվածին, որ ունեն Մատենադարանում օրինականություն և աշխատանքային արժանապատիվ միջավայր ստեղծելու ցանկություն: Փոխարենը խորհուրդ եմ տալիս պարզել, թե ում են ներկայացնում՝
👉 Մատենադարանի կառավարման բարձրագույն վերահսկողական մարմնում՝ Հոգաբարձուների խորհրդում Մատենադարանից ներկայացված 11 անդամը, որ գաղտնի առաջադրվել են «տնօրինության նիստում», որտեղ 2016 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. մարտը թափուր էին տնօրենի և փոխտնօրենի պաշտոնները, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր գիտական քարտուղարը:
👉 Մատենադարանի գործող տնօրենը, որ իր անմիջական վերահսկողությանը ենթակա վարչա-կառավարչական անձնակազմից, իր կողմից նշանակման և ազատման ենթակա բաժինների վարիչներից և որոշ մտերիմներից ձևավորել է Հոգաբարձուների խորհրդի Մատենադարանի կազմը և Մատենադարանի կառավարչի պաշտոնում «ընտրվել» նիստին մասնակից անդամներից ընդամենը 2-ի ստորագրությամբ, երբ Հիմնադրամների մասին օրենքով և Մատենադարանի կանոնադրությամբ արձանագրությունը պարտավոր են ստորագրել նիստին մասնակից բոլոր անդամները:
👉2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո հուլիսի 27-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի արտահերթ փակ նիստին, ըստ արձանագրության, մասնակցած Հոգաբարձուների խորհրդի թվով 13 անդամները, որ «նկատի ունենալով երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձությունները»՝ որոշել են փոփոխել Մատենադարանի կանոնադրությունը և նորից չունենալով կանոնադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ ստորագրություններ՝ կառավարչին լիազորել են Արդարադատության նախարարության Պետական ռեգիստր ներկայացնել վերոնշյալ նիստի արձանագրությունը կեղծող քաղվածքն առ այն, որ կանոնադրական փոփոխություններին կողմ են քվեարկել և արձանագրությունը ստորագրել նիստին մասնակից բոլոր 13 անդամը (կանոնադրությամբ անհրաժեշտ 2/3-ը), մինչդեռ նրանց թիվը, համաձայն արձանագրության մեջ եղած ստորագրությունների, եղել է 10-ը:
👉 Վարչա-կառավարչական անձնակազմի վերին օղակները, որ տարիներ ի վեր զբաղեցնում են նաև գիտական անձնակազմի վարիչների պաշտոններ՝ իրենց հագով կրճատելով գիտական բաժինների վարիչների պաշտոնները կես դրույքի:
👉 Բաժինների վարիչները, որ նշանակվում ու ազատվում են՝ առանց ռոտացիայի, չափորոշիչների և ժամկետների:
Եւ այո՛, այս հարցերը պետք է ստանան լուծումներ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն՝ որպես հանրապետության կյանքում անօրինականության, կոռուպցիայի, թալանի և թայֆայականության մերժման շրջադարձային կետ: Եւ ո՛չ միլիցատներում, ո՛չ չինովնիկական օղակներում ծվարած հակահեղափոխական ուժերը, ո՛չ էլ ժողովրդական մեծ պայքարը պատերի տակ ծանակող գրչակները, որ կարծում են, թե սրա-նրա մարսողական համակարգի միջով է անցնում մարդ և քաղաքացի դառնալու ճանապարհը, չեն կարող խոչընդոտել արդար հանգուցալուծմանը:
Գայանե Այվազյան
Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահ,
ավագ գիտաշխատող