Մատենադարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, 2017 թվականին՝ հեղափոխությունից առաջ, ձևավորվել էր ոչ մասնակցային, ոչ թափանցիկ սկզբունքով։ Խորհրդի կազմի մասին Մատենադարանի աշխատակիցները իմացել են, երբ կազմը արդեն հաստատվել էր։ Հեղափոխությունից հետո սպասելիքներ կային, որ կորդեգրվի հոգաբարձուների խորհրդի ձևավորման և կառավարման նոր մշակույթ։ Դա տեղի չունեցավ։ Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Մատենադարանի գիտաշխատողներ Գայանե Այվազյանը և Ալա Խառատյանը:
«Մենք նորից բախվեցինք այդ իրականությանը և պոստֆակտում իմացանք, որ նոր հոգաբարձուների խորհուրդ է ձևավորվել։ Անդամների մասին իմացանք, երբ որ իրենք արդեն հաստատվել էին։ Դրա մասին ահազանգեցինք խորհրդի նոր նախագահ Լևոն Աբրահամյանին, որը կիսեց մեր մտահոգությունները», – ասել է մեկ տարի առաջ ձևավորված Մատենադարանի արհմիության անդամ Գայանե Այվազյանը։ Խորհրդի ձևավոևման մեխանիզմների մասին իրենց հարցմանը Աբրահամյանը պատասխանել է, որ մեխանիզմներ չկան․ կազմը որոշվել է տնօրինության նիստում։
Ինստիտուտի աշխատակիցները բացահայտել են, որ իրավախախտումներ են եղել Մատենադարանի կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ․ 2018 թվականի սկզբին ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը (նախկին վարչապետ և նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը – խմբ․), ներկա տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Այդ ընտրությունները չեն համապատասխանում հիմնադրամների մասին օրենքին և Մատենադարանի կանոնադրությանը։
«Պարզել էինք, որ արձանագորւթյունները, որոնք փաստում են այս ընտրությունների արդյունքները, ստորագրված չեն նիստի մասնակցած բոլոր անդամների կողմից։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի ամռանը, երբ նախկին խորհուրդը կազմալուծված վիճակում էր, կային անդամներ, որոնք ի պաշտոնե դուրս էին մնացել խորհրդից, ինքնաբերաբար առաջացել էր նոր խորհուրդ ձևավորելու խնդիր: Մինչև նոր խորհուրդ ձևավորելը, ինչը պետք է տեղի ունենար հեղափոխական պայմաններում, պարզվում է, որ Մատենադարանի ներսի անդամներից բաղկացած կազմը հոգաբարձուների խորհրդի նիստ է անում և որոշում փոխել Մատենադարանի կանոնադրությունը։ Ըստ արձանագրության, 13 հոգի ներկա է եղել և քվեարկել է այդ փոփոխությունների օգտին, բայց արձանագրությունը ստորագրել են նրանցից 10-ը։ Դա նշանակում է, որ քվորում չի ապահովվել», – ասել է Այվազյանը։
Արհմիության անդամները պարզել էին, որ առանց անհրաժեշտ 13 ստորագրության Պետռեգիստր են ներկայացվել կանոնադրությունը փոխելու համար նախատեսված փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերից մեկը՝ նիստի արձանագրությունը, չի ներկայացվել Պետռեգիստր։ Ներկայացվել է քաղվածք, որը փաստում է, որ «առկա է 13 ստորագրություն» կանոնադրությունը փոխելու համար։
Արհմիությունը այդ հարցով դիմել էր Գլխավոր դատախազություն։ Իրավապահները կոծկում են գործը․ ստորագրությունների բացակայության փաստը չի հերքվել, սակայն գործ չի հարուցվել, քանի որ «հանցակազմ չկա»։ «Ակնհայտ է, որ որևէ քննություն չի իրականացվել, հարցաքննվել են միայն այն մարդիկ, որոնք անմիջական կապ ունեն ենթադրյալ հանցագործության հետ», – նշել է Գայանե Այվազյանը։
Մատենադարանի ղեկավարությունը հենց սկզբից շատ ագրեսիվ էր տրամադրված նորաստեղծ արհմիության անդամների նկատմամբ։ «Սովոր չեն, որ իրենցից բացի կա մի կառույց, որը կարող է խնդիրներ բարձրացնել։ Պարբերաբար մեր հանդիպումները ուղեկցվում էին վիրավորանքներով, սպառնալիքներով։ Պետք է հանդիպում տեղի ունենար ղեկավարության և արհմիության անդամների միջև, բայց պարզվեց, որ ղեկավարությունը իրավաբան էր հրավիրել՝ մեր հանդեպ հաշվեհարդար տեսնելու։ Այդ նիստին ևս մեր հասցեին վիրավորանքներ էին հնչում։ Հանդիպման տեսագրությունը կա», – նշել է Ալա Խառատյանը։
Մատենադարանի գիտաշխատողների փորձը ցույց է տալիս, որ պետական ապառատի միջին օղակում գործում է հանցավոր պայմանավորվածությունների տրամաբանությունը։ «Մինչև դատախազություն՝ դիմել ենք տարբեր ատյանների և գերատեսչությունների, մասնավորապես՝ Կրթության նախարարություն։ Գուցե նախարարությունը չի ցանկանում խառնվել ինքնավարության խնդիրներին, բայց մենք գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, երբ իքնավարությունը բռնազավթված է, այսինքն դա ինքնավարություն չէ», – ասել է Այվազյանը։
Արհմիությունը դիմում է նախարարությանը, նախարարությունը՝ տնօրինությանը, տնօրինությունը պատասխանում է, որ բողոքը անհիմն է, նախարարությունը այդ պատասխանը ուղարկում է արհմիություն։ Նույն մոդելով է գործում դատախազությունը։ «Անգամ փաստաբան չլինելով՝ կարող ես տեսնել, որ այդ պատասխանները զավեշտալի են», – ասել է Խառատյանը։
Խնդրի հանրայնացմամբ Մատենադարանի աշխատակիցները ցանկանում են իմանալ՝ հեղափոխությունից հետո արդյոք ակադեմիական միջավայրը որևէ փոփոխության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ։ «Պետք է շարունակե՞նք նախկին իներցիոն ձևով աշխատել ապատիայի մեջ, երբ չկա ակադեմիական սոլիդարության զգացում, չկա համերաշխություն՝ գնում ես տուն, գալիս ես աշխատանքի և պարզ չէ, թե քո արածը ինչի է պետք և ում է պետք», – ասել է Այվազյանը։
Լրագրողի հարցին, թե ինչու նախկինում չէին բարձրացնում այդ հարցերը, գիտաշխատողը պատասխանել է․
– Որովհետև հեղափոխություն է եղել։ Դա շատ խորքային փոփոխություն է, և մենք հավատացել ենք այդ փոփոխությանը, հավատացել ենք, որ երկրում մի բան փոխվել է կամ փոխվելու տենդենց կա առնվազն։ Հեղափոխությունից առաջ մենք ունեինք քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգ, շատ լավ գիտեինք, թե իշխանությունը ինչպես էր աշխատում։ Մասնակցել ենք փողոցային պայքարին, բայց չենք մասնակցել պայքարին կառույցի ներսում։ Հեղափոխությունից հետո այդ պայքարը տեղափոխվել է աշխատավայր։
– Դրսում փոփոխություններ եղան, բայց ինստիտուտի ներսում նույն վիճակն է։ Հեղափոխությունը մեզ հույս ներշնչեց, որ իսկապես կարող ենք օգտվել հնարավորությունից և բարելավել վիճակը, որի մեջ ապրել ենք, աշխատում ենք, – ասել է Խառատյանը։