Վաղուցվանից է պարզ, որ կառավարության սոցիալական քաղաքականության հիմքում մեծապես «ով աշխատի, նա կուտի» հնավանդ ասացվածքն է ընկած։ Պարբերաբար ծույլերին ու անգործներին բազմոցներից և բեսեդկաներից դուրս քաշելու կրքոտ կոչեր է անում վարչապետը, աղքատության հաղթահարման ծրագրի հիմքում աշխատանքն է լինելու` ազդարարում են ոլորտի պատասխանատուները։ Բայց մեղադրելուց, սրտնեղելուց, հռետորաբանելուց առաջ մեկը մտածե՞լ է, թե ինչու մարդիկ չեն աշխատում, չեն սիրում աշխատել կամ զզվում են իրենց աշխատանքից։
Եթե մի պահ մոռանանք ամեն ինչ ավանդույթին, ազգային արժեքներին և մենթալիտետին վերագրելու հեշտ ճանապարհը, կարող ենք բախվել հայաստանյան աշխատանքային մշակույթի հրեշավոր կերպին, բայց դա քննելու, ըմբռնելու միջոցով հնարավոր է` գտնվեն նաև արմատական լուծումներ և կյանքի որակի բարելավման ուղիներ։ Որքան էլ գործատուն սուրբ է այս երկրում, լավ կլիներ սկսել հենց գործատու֊աշխատող ինստիտուտից։ Պարտադիր պայման չէ, որ պետությունը միանգամից ձեռքը երկարացնի ու բռնի մասնավոր գործատուի օձիքը, կարող է նախ ինքն իրենից սկսել որպես երկրի գլխավոր գործատուներից մեկը. ապահովի արժանապատիվ աշխատանքի կայուն միջավայր իր աշխատողների համար, բավարար պայմաններ, զարգացման համեստ հնարավորություններ, տարրական հարգանք և էթիկա վերին և ստորին չինովնիկների հարաբերություններում։ Գործատուն միայն պահանջատեր չէ, նա նախևառաջ ունի սոցիալական պարտավորություններ։ Հայաստանյան աշխատանքային կուլտուրան շահագործող է, բռի և մարդակուլ, ինչո՞ւ պիտի մարդը աշխատելու ցանկություն ունենա, եթե հեռանկարում սա փոխելու լուրջ քայլեր չեն նշմարվում։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ