Վարչապետի հայտարարությունը պետական միջին ապարատի մասին ուշացած, բայց լուրջ ահազանգ էր, որին պիտի հաջորդեին կոնկրետ արմատական քայլեր։ Սակայն ասածին իբրև հետևանք աչքովս ընկավ միայն «Հայկական ժամանակի» մի անստորագիր հոդված, որտեղ հեղինակը չի տեսնում համակարգը փոխելու հեռանկարը, քանի որ կրթական համակարգը թողարկել է սաքուլիկներ, ով էլ սաքուլիկ չէր, ի վերջո, դարձել է սաքուլիկ, իսկ ով չի դարձել, հեռացել է Հայաստանից։
Սա չի կարող ճշմարիտ լինել. սաքուլիկները հեղափոխություն չէին ուզում, իսկ այն եղավ, ուրեմն Հայաստանում կան սաքուլիկությանը դիմադարձ ուժեր, նրանց մեջ պետք է փնտրել այլընտրանքը։ Իսկ եթե անգամ չկան կադրեր, ապա նրանց պետք է ստեղծել, փնտրել, գտնել. դա լավ կառավարման տարրական օրենք է, այնպես որ պետական ապարատի անգործությանը արդարացումներ չեն կարող լինել։ Խնդիրը ամբողջ ապարատը չէ ինքնին, որ ապամոնտաժվի, այլ դրա ներսում գոյություն ունեցող խզումն է և կոմունիկացիայի բացակայությունը հեղափոխությամբ եկած և այդ հեղափոխությանն անհաղորդ ուժերի միջև։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ