«Չեմ ուզում լսել բոբոալիևի հեքիաթը կամ «Արարատը մեր լեռն ա, մեր լեռն ա, լեռն ա» ոգով հնչող արտաքին քաղաքական տեքստեր բարձր ամբիոններից», – գրում է հետազոտող, Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը ֆեյսբուքում, մեկնաբանելով ռուսաստանյան «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը (Ալիևի ելույթը՝ ստորև – խմբ․)։
«Կարդում եմ պանծալի հայ մամուլի և արտգործպաշտոնյաների արձագանքը Ալիևի հայտարարությանը Սոչիում։ Նա պատասխանել է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած 2 հակասական դրույթին` ա. Արցախը Հայաստան է և վերջ, բ. հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար։ Ալիևը իր կողմից բացականչել է` Ղարաբաղը Ադրբեջան է և ~ ։ Հայկական մամուլը հիմնականում այս մասն է տարածում` հարուցելով ողբուծիծաղ։ Հայ պաշտոնյաները դեմոնիզացնում են սա, բայց բնական է, որ պիտի ստանաս այնպիսի պատասխան, ինչպես ինքդ խոսում ես։ Երկրորդ մասում, որը հիմնականում մամուլը չի շրջանառում, նա շատ խելոք դիտողություն է արել Հ֊վարչապետին` ասելով, որ չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը բաղկացած է հայ և ադրբեջանցի ժողովուրդներից, որ ունեն հավասար իրավունքներ։ Սա շատ գրագետ ձևակերպում է, ես ուզում եմ լսել սրա արձագանքը հայկական կողմից։ Չեմ ուզում լսել բոբոալիևի հեքիաթը կամ «Արարատը մեր լեռն ա, մեր լեռն ա, լեռն ա» ոգով հնչող արտաքին քաղաքական տեքստեր բարձր ամբիոններից», – գրել է Գայանե Այվազյանը։
Ավելի ուշ Ալիևի խոսքերին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը․ Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում։
Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար:
Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը», – ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Պատասխանի մնացած մասում Նաղդալյանը մասնավորապես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան ռազմական ագրեսիան, Արցախի օկուպացիան և հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը: Հետո ասում է՝ Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:
Ռուսաստանյան իր ելույթում Իլհամ Ալիևը ասել է․ «Մշտական քննարկումների թեմաներից է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և միջնորդության մանդատ ունի։ Պետք է նշեմ, որ ավելի քան 25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջաններ հայկական օկուպացիայի տակ են։ Լեռնային Ղարաբաղի տարածքները ադրբեջանական հողեր են։ Խորհրդային ժամանակներում Լեռնային Ղառաբաղի ինքնավար մարզ էր ստեղծվել։ Պետք է նշեմ, որ հակամարտության հետ կապված կարծիքների բազմազանության կա, որոնց մի մասը իրականության հետ կապ չունի։ Պարզություն մտցնելու համար ասեմ, որ 1921 թվականին բյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղը բառացիորեն Ադրբեջանի կազմում թողնելն էր, ոչ թե փոխանցելը, ինչպես դա մեկնաբանում է հայկական կողմը։ Մինչև հակամարտության սկիզբը Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայ և ադրբեջանցի բնակիչներ ուներ՝ 25-ը 75-ի տոկոսային հարաբերակցությամբ։ Հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղի և ևս 7 ադրբեջանական շրջանների ադրբեջանցի բնակչության մի մասը վտարվել են, այլ կերպ ասած՝ էթնիկ զտումներ են արվել, և այսօր օկուպացված տարածքներում ադրբեջանցի բնակչություն չկա, իսկ այդ տարածքների մեծ մասը ավիրված հողեր են, քանդված տներ, դպրոցներ, հանրային շինություններ։ Հակամարտության արդյունքում Ադրբեջանը հումանիտար աղետի բախվեց․Ղարաբաղից և մյուս օկուպացված տարածքներից ավելի քան 700 բռնագաղթած ադրբեջանցի, և այժմյան Հայաստանի տարածքում գտնվող իրենց պատմական հայրենիքից վտարված ևս 250 ադրբեջանցի։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս ռեզոլյուցիա է ընդունել, որոնցից մեկը վերաբերում է օկուպաված տարածքներից հայկական զորքերի անհապաղ հեռացումը, ինքն ավելի քան 25 տարի չի կատարվում։
Այստեղ մենք հասնում ենք կարևոր հարցի՝ կայացված որոշումների իմպլեմենտացիան։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը գերագույն միջազգային մարմին է և եթե ավելի քան 25 տարի անվտանգության խորհրդի որոշումը չի կատարվում, ապա դա մի շարք հարցեր է հարուցում այդ կազմակերպության էֆեկտիվության հետ կապված։ Մեզ Ադրբեջանում անհանգստացնում է ռեզոլյուցիաների կատարման ընտրողական բնույթը․ մի անգամ դրանք մեկ օրվա ընթացքում կատարվում են, մյուս անգամ՝ ռազմական գործողություններ սկսելիս դրանք չեն էլ կարևորվում, իսկ այս դեպքում ռեզոլյուցիաները թղթի վրա են մնում։ Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է շարունակվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Վերջերս Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար։ Պետք է նշեմ, որ «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն գոյություն չունի։ Կա Ղարաբաղի բնակչություն, որը հակամարտությունից առաջ բաղկացած էր հայկական ու ադրբեջանական իրավահավասար ժողովուրդներից։ Ինչ վերաբերում է որոշմանը, որն ընդունելի է Ադրբեջանի համար․․․ դա Ադրբեջանի ամբողջ աշխարհի կողմից ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնումն է, փախստականների ու բռնագաղթածների վերադարձն իրենց պապենական հողեր՝ այդ թվում Ղարաբաղ։ Սա համապատասխանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ բանաձևին։
Պետք է ասեմ, որ Ադրբեջանի դեմ հայկական ռազմական ագրեսիան շարունակվում է մինչև օրս։ Երեկ հայ դիպուկահարի կողմից սպանվել է հայ֊ադրբեջանական սահմանի հակամարտության գոտուց հեռու գտնվող ղազախական համայնքի խաղաղ բնակիչ։ Նաև պետք է ասեմ, որ 2016 թվականի ապրիլի ռազմական սադրանքի ժամանակ Ադրբեջանի վեց խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ երեխա, սպանվել են։
Ուզում եմ նաև անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որը զարմանք էր առաջացրել ոչ միայն ադրբեջանական, այն նաև ռուսական կողմի մոտ։ Ահա հայտարարությունը բառացի․ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Նախ, սա, մեղմ ասած, սուտ է։ Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Հայաստանն ինքը չի ընդունում, դա ապօրինի կազմավորում է։ Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է։ Այնպես որ, Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։