Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց Մատենադարանի արհմիության բողոքի մասին որոշում կայացնելը։ Բողոքը դատարանում է գտնվում ս. թ. ապրիլ ամսից։ Հիշեցնեմ` Մատենադարանի աշխատողների արհմիությունը Մատենադարանի կառավարման մարմինների ընտրությունների և կանոնադրության փոփոխության անիրավաչափության մասին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ դատախազություն և Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Աբրահամյանին։
2018 թ. փետրվարի 19-ին Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Լևոն Ազատի Սարգսյանին։ Վերոնշյալ նիստի արձանագրությունը, սակայն, ստորագրել են միայն Խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և քարտուղարը։ Հիմնադրամների մասին 28.1 հոդվածի և Մատենադարանի Կանոնադրության 41-րդ հոդվածի համաձայն` Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման Խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող Խորհրդի բոլոր անդամների կողմից։
2018 թ. մարտի 6-ին տեղի է ունեցել Մատենադարանի տնօրենի ընտրություն։ Խորհրդի բոլոր 19 անդամների կողմից միաձայն տնօրեն է ընտրվել միակ թեկնածու Վ. Տեր-Ղևոնդյանը։ Այս նիստի արձանագրությունը ևս ստորագրվել է Խորհրդի նախագահ Լ. Սարգսյանի և քարտուղարի կողմից։ Այս արձանագրությամբ ևս թույլ է տրվել Կանոնադրության 41-րդ հոդվածի և Հիմնադրամների մասին օրենքի իմպերատիվ խախտում։
Հեղափոխությունից հետո` 2018 թվականի հուլիսի 27-ին, հրավիրված Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի թվով 13 անդամներ, բացակա են եղել նախագահ Լևոն Սարգսյանը և Արամ Սիմոնյանը, ի պաշտոնե ազատված են եղել Լ. Մկրտչյանը, Վ. Ստեփանյանը, Ա. Բերբերյանը և Ն. Տեր-Վարդանյանը: Խորհուրդը, նկատի ունենալով երկրում տեղի ունեցած «քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձությունները», քննարկել է Մատենադարանի Կանոնադրության փոփոխման հարցը։ Ի տարբերություն նախկին երկու արձանագրությունների, որոնք ստորագրվել էին միայն Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից, այս մեկը ստորագրվել է նաև Խորհրդի անդամների կողմից, բայց ոչ բոլորի:
Կանոնադրության փոփոխություն հնարավոր է իրականացնել Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով: Նկատի ունենալով, որ հիշյալ նիստին՝ ըստ արձանագրության, մասնակցել են 19-ից միայն 13 անդամ, Կանոնադրությունում հնարավոր կլիներ փոփոխություն մտցնել, եթե մասնակից բոլոր 13 անդամները քվեարկեին դրա օգտին:
Սակայն նիստի արձանագրության պատճենից ակնհայտ է, որ 13-ի փոխարեն արձանագրությունը ստորագրել են միայն 10-ը։
Կանոնադրության վերոնշյալ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, որի համար Մատենադարանի տնօրինության կողմից ներկայացվել են «համապատասխան» փաստաթղթեր: Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կանոնադրությունում փոփոխություն կատարելու հիմք հանդիսացել է ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը, որը ստորագրվել է Մատենադրանի տնօրենի կողմից: Հիշյալ քաղվածքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ արտահերթ նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր 13 անդամները:
Այսինքն ստացվում է, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրության փոխարեն ներկայացվել է ինչ-որ քաղվածք, ավելին` ապօրինաբար և ակնհայտ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացվել սխալ տեղեկատվություն՝ հայտնելով թե իբրև Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր անդամները, այնինչ՝ Թիվ 6 արձանագրությունից հստակ երևում է, որ նիստին մասնակցած 13 անձանցից ստորագրել են միայն 10 հոգին։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, հիմք ընդունելով այդ տեղեկատվությունը, կատարել է համապատասխան փոփոխությունը։
Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը մինչ օրս գործում է փակ, ոչ մասնակցային, ոչ դեմոկրատական սկզբունքներով։ Կանոնադրությունը չի կարգավորում ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը Խորհրդի կազմի ընտրությանը։ Հոգաբարձուների խորհրդի Մատենադարանից ներկայացված անդամները Խորհրդում են հայտնվել «տնօրինության որոշմամբ»։
Գայանե Այվազյան, Մատենադարանի գիտաշխատող
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ
Epress.am Լուրեր Հայաստանից