2026 թ. օգոստոս 27, հինգշաբթի

Վայրի երեխաներ

Wild Children

Երեսուներորդ ամենամյա Ալտերնատիվ փառատոն

IMG_6718.jpg 

IMG_6699 (1).jpg 

IMG_6721.jpg 

«Հաշվի առնելով, որ ռեպրոդուկցիայի աղավաղումը (օրինակ, Մարսել Դյուշանի L.H.O.O.Q.-ն) կամ գեղարվեստական արժեք չունեցող ավանդական նկարի ապականումը (ինչպես, օրինակ, Ասգեր Յորնի մոտ) չի դիտարկվում որպես հանցավոր արարք կամ խրախուսանք՝ ոչնչացնել թանգարաններում պահվող արվեստի գործերը, մենք «վանդալացրել» ենք հենց ռեպրոդուկցիաները, որոնք ստեղծվել են մասնագիտացած չինացի նկարիչների կողմից»։

Կլեր Ֆոնտենը միջամտում է կանոնական նատյուրմորտների վերարտադրություններին` ժանր, որը խիստ կապված է կենցաղայնության, բուրժուական կյանքի և բնությունից արդյունահանելու հետ: Վանդալիզմի խորհրդանշական ակտը հիշեցնում է թանգարաններում արված ակտիվիստական ժեստերը և կասկածի տակ դնում «խնամք» և «արժեք» հասկացությունները՝ անջատելով դրանք սովորական տնտեսական արդարացումներից։

Համատարած պատերազմի և ցեղասպանությունների ժամանակներում մշակութային հաստատությունների հովանու տակ պահպանվող արվեստի գործերը թվում են անհաղորդ իրենց շրջապատող տառապանքներին։ Վնասված նկարն այստեղ ներկայանում է որպես ավելի խորը իմաստի վկայություն․ այն կասկածի տակ է դնում գլուխգործոցների անթերի ամբողջականությունը որպես իդեալ։

Վանդալիստական պրակտիկան դիտարկվում է որպես «հավելյալ արժեք»՝ որպես թանգարանի պատերից դուրս տեղի ունեցող կոտրվածության և դաժանության վկայություն։ Աբստրակտ միջամտությունը ֆիգուրատիվ նկարին՝ անվնաս փորձարկված հենց ռեպրոդուկցիաների վրա, ոչնչացման իրական գործողություն չէ, այլ բաց հարցադրում՝ ինչպիսի՞ արվեստն է արդիական ներկա պատմական պահին։

Ումբերտո Էկոն 1962-ի իր հայտնի էսսեում՝ «Բաց գործը», գրում է․ «Եթե այրվող տան մեջ հայտնաբերես մորդ և Սեզանի նկարը, նախ կփրկես մորդ՝ առանց ժխտելու, որ Սեզանի նկարը արժեքավոր արվեստի գործ է։ Անակնկալ իրավիճակը չի դառնում դատողության չափանիշ, բայց որոշում է մեր ընտրությունը։ Հենց սա է քննադատում Բրեխտը, երբ գրում է. «Այս ինչ ժամանակներ են, որ ծառերի մասին խոսելը գրեթե հանցագործություն է, քանի որ ներառում է իր մեջ այդքան վայրագությունների մասին լռություն»։ Բրեխտը չի ասում, թե ծառերի մասին խոսելը սխալ է։ Ընդհակառակը։ Նրա բանաստեղծություններում անզուսպ կարոտ կա լիրիկական չափման հանդեպ, որին նա ձգտում է և որը ստիպված է մերժել»։

ԿԼԵՐ ՖՈՆՏԵՆ

IMG_6710 (1) (1).jpg

IMG_6713 (1) (1).jpg

IMG_6694 (1).jpg

IMG_6714.jpg

IMG_6701 (1).jpg

IMG_6743.jpg

ԲՈՆԲՈՆ

Մշակութային դեսերտ

ԲՈՆԲՈՆ-ը սա նոր ուղղություն է արվեստում։ Եթե մինչև հիմա ոչ ոք այս մասին ոչինչ չգիտեր, ապա վաղը ամբողջ Երևանը խոսելու է այս մասին։
Ամեն ինչ սարսափելի պարզ է: Ձեզ թվում է, թե ձեզ ծանոթ է ԲՈՆԲՈՆ բառը, թե այն նշանակում է քաղցրավենիք, կոնֆետ։ Բայց դա այդպես չէ։ ԲՈՆԲՈՆ-ը չի նշանակում ոչինչ։
Բացարձակապես ոչինչ։ Դա մանկական թոթովանք է:
Ֆրանսերեն այն կարող է ընկալվել կրկնակի «լավ» կամ ինչ-որ բան «պայծառ, գեղեցիկ և մաքուր»: ԲՈՆԲՈՆ հնչում է ֆրանսերեն, որովհետև հայաստանցիների համար Փարիզը շարունակում է մնալ բոլոր արվեստների մայրաքաղաք։
Ընդամենը մի բառ, որը վեր է ածվում հասարակական շարժման: Ամեն ինչ սարսափելի պարզ է։ Եվ եթե այդ բառից ստեղծվում է արվեստի ուղղություն, ապա ընդամենը խառնաշփոթից խուսափելու մտահոգությունից ելնելով։
ԲՈՆԲՈՆ-հոգեբանություն
ԲՈՆԲՈՆ-տնտեսություն
ԲՈՆԲՈՆ-փիլիսոփայություն
ԲՈՆԲՈՆ-քաղաքականություն
Ինչու չէ նաև դուք՝ հարգելի նկարիչներ, որ ստեղծագործում եք կտավով և վրձնով, դուք էլ եք ԲՈՆԲՈՆ:
ԲՈՆԲՈՆ-պատերազմ տեռորիզմի դեմ, որը չի ավարտվում։
ԲՈՆԲՈՆ-հեղափոխություն, որը չի սկսվում։
ԲՈՆԲՈՆ-ը նաև դուք եք՝ բանաստեղծ-ավետարանիչ բարեկամներ։
ԲՈՆԲՈՆ — Արման Գրիգորյան
ԲՈՆԲՈՆ — Տիգրան Խաչատրյան
ԲՈՆԲՈՆ — Դիանա Հակոբյան
ԲՈՆԲՈՆ — Դավիթ Կարեյան
ԲՈՆԲՈՆ — Սոնա Աբգարյան
ԲՈՆԲՈՆ — Կարինե Մացակյան
ԲՈՆԲՈՆ — Արման Մարտիրոսյան
ԲՈՆԲՈՆ — Լևոն Ֆլջյան
Բոնբոն-մաբոնբոն, բոնբոմ, բոմբոմ, բոոոոոոոոոոոմ, բոնբոն Արմ, բոնբոն Տի, բոնբոն Դի, բոնբոն Դա, բոնբոն Սոն, բոնբոն Կար, բոնբոն Մա, բոնբոն Լյով։
Ուզում եք հասնել հավիտենական երանության՝ արտասանեք ԲՈՆԲՈՆ։
Ուզում եք դառնալ հրաշակավոր՝ արտասանեք ԲՈՆԲՈՆ:
Նրբանկատ շարժումով և բարեկիրթ վեհությամբ արտասանեք ԲՈՆԲՈՆ, մինչև խելագարվեք, մինչև լրիվ բաց թողնեք:
Ինչպես ազատվել ամեն լպրծուն բանից, ամեն հաշվարկայնությունից ու հարմարվողականությունից, լրագրողականությունից ու բարոյախրատականությունից, հանգավարվողությունից ու զարդարվածությունից։
Արտասանեք ԲՈՆԲՈՆ։
ԲՈՆԲՈՆ-ը ստեղծարար ոգին է տիեզերքի։
ԲՈՆԲՈՆ-ը ամենահոտավետ շամպունն է ամբողջ աշխարհում։
ԲՈՆԲՈՆ՝ միստր Բուշ, ԲՈՆԲՈՆ՝ գասպադին Պուտին, ԲՈՆԲՈՆ՝ նախագահ Քոչարյան:
Հայերեն դա նշանակում է, որ ամեն ինչից առավել պետք է գնահատել հայկական հյուրասիրությունը, իսկ գեղագիտության պարագայում դուրս չգալ ավանդապաշտության սահմաններից:
Բոնբոն-Արշիլ Սլադկի, բոնբոն-Սարյան, բոնբոն Բուդդա, բոնբոն-Ջոն Լենոն և Յոկո Օնո,
բոնբոն-մաբոնբոն-նամաբոնբոն-հմ-ԲՈՆԲՈՆ,
բոմբոմբոոոոոոոոոոոոոմ, բոմբոմբոմ։
ԲՈՆԲՈՆ։
Այս բառի նշանակությունը դժվար է գերագնահատել։

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

IMG_6711 (1) (1).jpg

c11 (1).jpg

IMG_6696 (1).jpg

IMG_6708 (1) (1).jpg

IMG_6712 (1) (1).jpg

IMG_6707 (1) (1).jpg

2008 թվականի ճգնաժամը դեռ չի ավարտվել։ Մեծ ռեցեսիայի ընթացքում ակնհայտ դարձավ, որ նեոլիբերալ քաղաքական մոդելը չի գործում ամբողջ աշխարհում: Դրա կապը տնտեսական խնդիրների հետ այլևս բացահայտ էր յուրաքանչյուրի համար: Հայաստանում ճգնաժամ էր ապրում «ժողովրդավարությունը», որը սկսել էր կառուցվել անկախացումից հետո։ Այն ամբողջապես ձևավորվեց և միաժամանակ ձախողվեց 1998-ի հեղաշրջմամբ: Երկընտրանքը շատ պարզ էր՝ կա՛մ իրական դեմոկրատացում, կա՛մ բացահայտ ավտորիտարիզմ։ Ռադիկալ փոփոխությունների փոխարեն մենք ստացանք անիմաստ մաշտոցի պուրակ։

Այդ ժամանակվա իրադարձությունները մեզ մոտ ձևավորեցին ակտիվիստական շարժումներ, որոշիչ ազդեցություն ունեցան նաև հաջորդող իրադարձությունների վրա։ 2010-ականների սկզբին ակտուալ դարձան նաև որոշ ձախ գաղափարներ։ Սովետական Միությունից հետո մեծացած սերունդը փորձում էր մտածել հետանկախական հակասությունների մասին՝ լեզվով, որից փշաքաղվում էին իրենց ծնողները։ Դրանք համակրելի, բայց թույլ փորձեր էին։

Աբստրակտ քննադատությունը հնարավորություն էր տալիս համադրել նույնիսկ հակադիր քաղաքական պատկերացումները։ Նույն բեմում կարելի էր հանդիպել սթրիթարտիստների և սթարտափերների, հակամշակութային գործիչների, արվեստագետների և արվեստի աշխատողների, մերիտոկրատների, տեխնոկրատների և անտրոպոսոֆների, բուսակերների, հանկարծակի հարստացած ծրագրավորողների, դրագդիլլերների, ինստիտուցիոնալ հարաբերությունների կողմնակիցների և առաջադեմ ֆաշիստների, ԼԳԲՏ-ակտիվիստների, հիմնադիր նախագահների, թարգմանչական տարբեր դպրոցների հիմնադիրների, իրենց դասակարգը դավաճանած տղաների և աղջիկների, ժողովրդական արտիստի կոչում տենչող էքսպրեսիոնիստների, պատմաքննական ուսումնասիրություններ անողների, նախկին քաղբանտարկյալների և նկար ծախողների, կլեյ մոմենտը առընբիից գերադասողների, Ղարաբաղ կոմիտեի անդամների, դոկումենտալիստների, սոցարտիստների, նոնկոմֆորմիստների և օպորտունիստների, ռեակցիոնիստների, ընկերավարների և անհատապաշտների, կրեատիվ քաղաքական գործիչների, դաշնակցական պոետների, արհեստավարժության դեֆիցիտից բողոքողների, վերապրածների ժառանգների, տուն պահողների, ազատամարտիկների, պացիֆիստների, պարանոյիկների, կուսակցականների և պարտաճանաչ հարկատուների, սովորական քաղքենիների, ինչու ոչ նաև հիփստերների, միակողմանի սիրուց տառապողների, ոչ կանոնագրքային հարաբերություններից տուժածների, պայքարի նոր ստրատեգիաների ներմուծողների, մարիխուանայի լեգալիզացման առաջամարտիկների, ինտերնետի ազատագրող ուժին հավատացողների, մշակութային հեղափոխության կողմնակիցների, տնտեսական խնդիրների և նեոլիբերալ քաղաքականության կապը ակնհայտ տեսնողների, սովետական մոդեռնիզմը վերաիմաստավորողների, թոշակառուների, լկստված լակոտների և ապագա չինվոնիկների։ Սահմանագիծն անցնում էր դեմոկրատական պահանջների և 90-ականների ժառանգության միջև, որը ծանրաբեռնված էր խորհրդային ժառանգությամբ։ 

Իսկ հետո ամեն ինչ գնաց իր հունով՝ թավշյա հեղափոխություն, պանդեմիա, պատերազմներ, արտահերթ ընտրություններ։ 2010-ականների վերջում քաղաքական դաշտը դատարկվեց։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ իշխանության սոցիալական քաղաքականության քննադատությունը հիմա համատեղվում է նույն այդ իշխանության հանդեպ հիացմունքի հետ։ Չափավոր լուծումներն արդեն իսկապես անիմաստ են։ Բնակչությանը ընդդիմադիր ծառայություններ մատուցելու համար կարելի է կցվել վաղուց վարկաբեկված կուսակցություններից որևէ մեկին։ Դատարկության հետևանքներից է նաև համատարած ապաքաղաքականացումը՝ օպորտունիզմից մինչև տեսական վերացարկումներ։ Միջանկյալ պահը ձգձգվել է։ Հասարակություն​​ը ճնշված է ոչ այնքան ռեպրեսիաներով, որքան դեպրեսիայով, որն առաջանում է արժեզրկման պատճառով։ Ձախերի խնդիրները, վերջիվերջո, հասարակության խնդիրներն են որպես այդպիսին՝ սոլիդարության թուլություն, փխրուն կապեր, փորձի պակաս։ 2008 թվականի «Մեծ ռեցեսիայի» արդյունքները տեսնում եք այսօր, և սա կարող է շարունակել քաոս և ավերածություններ առաջացնել գլոբալ մակարդակում։ Նրանք, ովքեր կփորձեն ժամացույցը հետ տալ դեպի երբեմնի «գերակայության ոսկեդար», կընկնեն իլյուզիայի մեջ, քանի որ մոտ ապագայում նոր կայուն համակարգ չի ձևավորվելու։ Եվ այնուամենայնիվ, պարադոքսալ կերպով՝ բարոյական ու քաղաքական կոլափսի ֆոնին, մենք այսօր առնվազն ավելի տեսանելի ենք և ավելի ունակ՝ զարգացնելու ինքնավար նախաձեռնություններ բոլոր մակարդակներում։

IMG_6759.jpg 

IMG_6747.jpg 

IMG_5076 (1) (1).jpg 

IMG_6691.jpg 

Wild Children՝ «Վայրի երեխաներ» երեսուներորդ ամենամյա ալտերնատիվ փառատոնը ուղղակի ցուցադրվելու հարթակ չէ, այլ գաղափարների տեղ՝ եթե, իհարկե, դրանք առկա են թե՛ էսթետիկ, թե՛ քաղաքական իմաստով։ Քանի դեռ ձախերն ասոցացվում են անցյալի հետ, մենք ապագա չունենք։ Հաշվարկի հետ ոչ մի կապ չունի երկու քայլ առաջ մեկ քայլ հետը, և մեկին գումարած մեկ հավասար չէ երկուս, որովհետև մենք կարող ենք հաշվել մինչև երեքը, իսկ եթե մեզ սովորեցնեն շարունակել հաշվել` կհայտնվենք թվերի անվերջության մեջ: Ֆեմինիստները վաղուց են թքել Հեգելի վրա, իսկ միկի մաուսը թռնում ա մարս ու նրա ծիծաղը պողպատ ա ծակում։ Մենք ուզում ենք ապրել կեղտոտ քաղաքում, որտեղ երեխաներից քրտինքի և վառոդի հոտ ա գալիս։

Կցանկանաի՞ր արդյոք մասնակցել էս ցուցահանդեսին, եթե իմանայիր, որ այն կարող ա քո կարիերայի վրա վատ անդրադառնալ: Արվեստը նևրոզ բավարարելու տեղ չի, հաղթահարել հայոց լեզվի տառապալից հնչողությունը /հատկապես Սևակյան/ անուժությունը գործիք ա, իսկ հնարավորության լիմիտները՝ էքսպերիմենտ, ընդհանուր լեզվի բացակայությունը կռիվ ա, լոքշը պոտենցիա ա, իդեալոգիական լեզվի ձևավորումը կարևոր ա, զզվելի պաթոսը պաթետիկ ա, ձեր պատկերացրած ճաշակով գեղեցիկը ստեղ տեղ չունի , արվեստը նաիվ ա և գեղեցիկ, ես ավելի շուտ կհասկանամ արվեստը, քան դուք ինձ կբացատրեք, հիմար լինելու համար համարձակ եղեք, արվեստը միակ ձևն ա մենակ չլինելու, հեռախոսի զանգը ընդհատումն ա, իսկ քո ալիբին շոփինգն ա։

 IMG_6733.jpg 

IMG_6740.jpg 

IMG_6742.jpg 

c12 (1).jpg 

PicfxFile (1) (1).jpg 

Փառատոնի նախաձեռնողներ՝ արվեստագետներ Գրիգոր Սիմոնյան և Տիգրան Խաչատրյան

Մասնակիցներ՝

Սիլվիա Ֆեդերիչի
Բեն Մորեա
Այրեն Անաստաս և Ռենե Գաբրի
Սյուզան Ֆասբիրդեր
Հարութ Սիմոնյան
Յոեն Վեդալ
Նարեկ Հակոբյան
Կլեր Ֆոնտեն
Մանիֆեստո Բրուտալ և նոնտանտոպրեսիզի
Ադրիանս Բլաք և ԱՆԱՐԿՈԱՐՏԼԱԲ
Սիլվիա Մագլիոնի և Գրեմ Թոմսոն
Գրիգոր Սիմոնյան
Գայա Դանիելյան
Միլենա Ադամյան
Նարեկ Առուշանյան
Տիգրան Խաչատրյան
Լուսինե Թալայան
Գրետա Հարությունյան
Նարե Պետրոսյան
Յեսալ Կապադիա
Մատեո Ուայտլեյ
Շերի Միլներ և Էրնի Լարսեն
Ջիմ Կոստանցո
Սակ Կոստանցո
Բեգոնիա Սանտա-Սեցիլիա
Ջոշ Մաք-ֆի
Կարլա Բոտեգլիերի
Արսեն Հակոբյան
Արման Թովմասյան
Մեգգի Արարատյան
Սոնա Բաղդասարյան
Ինկոնգնիտո կոլեկտիվ
Կարեն Հակոբյան
Էլլա Կլասշկա և Օլիվիե Ֆուլոն
Լևոն Սարգսյան
Կարինե Մացակյան
Մհեր Ազատյան
Դիանա Հակոբյան
Արման Գրիգորյան
Անաստասիա Կարկոտ*սկա
Արթուր Շառոյան
Վահրամ Աղասյան
Տաթևիկ Այվազյան
Նարեկ Մուրադյան
Վահան Կոստանդյան
Այկան Սաֆոգլու
Սոյոնգ և Փունգյովա Սանգսենգ կոլեկտիվ
Յուրի Մանվելյան

Գոստ վրայթերս՝
Դայվ Ն.Ա.
Շումա ալու

ՆՓԱԿ,  2026