Ծիրան են արտահանում միայն արկածախնդիրները
Հայկական մրգի դեմ Ռուսաստանի սանկցիաները ճգնաժամ են առաջացրել լոգիստիկայի ոլորտում։ Վերջին տարիներին դրանով սկսել են զբաղվել նախկին ցեխավիկներ և բիզնեսմեններ, թարգմանիչներ և մաքսային բրոքերներ։ Նրանք հավատում են լոգիստիկային, որը խոստանում է շարժվել՝ շրջանցելով խոչընդոտները, ազգային սահմանները, ադապտացվել առանց հարցեր տալու։
Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերը ծիրանի ամենամեծ արտադրողներն են։ Այս օրերին այստեղ պտտվում են շատ լոգիստներ։ Ստեղծված քաղաքական իրավիճակը նրանք համարում են իրենց առաջին լուրջ մասնագիտական մարտահրավերը։ Պատմում են, որ տարբեր սխեմաներ են հորինել ռուսական սանկցիաների պայմաններում հայկական ծիրանը միջազգային շուկա հասցնելու համար։
Որոշները փորձում են ծիրանը տանել Իրան, գրանցել որպես վերջնական երկիր և Իրանից Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով արտահանել Ռուսաստան՝ որպես իրանական արտադրանք։ Սա, նրանց խոսքով, հավելյալ ծախս է պահանջում՝ մոտ 10 հազար դոլար, և ռիսկային է, քանի որ կարող է չստացվել։
Գյուղում տեսնում ենք միայն ուկրաինական և վրացական համարներով բեռնատարներ։ Դրանց համար ծիրան հավաքողը պնդում է, թե արտասահմանյան ֆուռերը գնալու են Լվով և Թբիլիսի։ Նա թույլ չի տալիս մեզ մոտենալ ֆուռերի վարորդներին և խոսել նրանց հետ։
Հանդիպում ենք նաև մաքսային բրոքերի, որն եկել է մթերողներին օգնելու. «Խորհուրդ չի տրվում Թուրքիայով գնալ հայկական համարներով։ Ավելի ապահով կլինի, եթե գնան, օրինակ, վրացական համարներով։ Եթե հետ գա բերքը, ես պատասխանատու չեմ»։
Երրորդ մթերողը հավաքում էր ծիրան՝ գյուղացիներին խոստանալով վճարել հետո, երբ հայտնի կլինի, թե ուր կարող է տանել բեռը։ Ծիրանը մինչ այդ նա պահում էր արտադրական սառնարանում։ Պատմում է, որ սառնարանում ծիրանը կարող է պահպանել իր տեսքը մաքսիմում մի շաբաթ։ Հայաստանի սառնարանային տնտեսությունների մեծ մասում տեղ չկա. դրանք զբաղված են անցյալ տարվա չրերով, որոնք ևս սանկցիաների տակ են։
«Չիրը կարա սառնարանում մնա մի տարի, համը կպահի, բայց արտադրական տեսքը՝ ոչ», — ասում է մի սառնարանի վարձակալ։
Ավելի արկածախնդիր բիզնեսմենները փորձում են բերքը միանգամից Եվրոպա արտահանել․ «Բելգիա գնացող մարդ կար, խնդրեցի մի 150 կիլո ծիրան տանի՝ որպես ուղեբեռ։ Վճարեցի 1000 եվրո։ Ուզում էի փորձել՝ Բելգիայում կկարողանա՞մ ծախել։ Բրյուսել իջնելուց բեռը առգրավվել է և տեղում ոչնչացվել»։
— Ես ունեմ ընկերներ, ովքեր Եվրոպա տանում են մթերք փոքր քանակությամբ և վաճառում մեր հայությանը՝ հայկական և ռուսական փոքր խանութների միջոցով։ Եթե քո դիստրիբյուտորը հայ է, եվրոպացիք շատ չեն խորանում, շատ դեպքերում աչք են փակում։ Իսկ եթե, օրինակ, դիստրիբյուտորը Կարֆուրն է, միանգամից կմտցնեն լաբորատորիա։
Սուրենավանում պտտվում էին լուրեր, որ Բելգիայից քիմիկներ պիտի գան, լաբորատորիաներ բերեն, տեղում ստուգեն ծիրանի որակը։ Բրոքերներն ասել էին, որ Էկոնոմիկայի նախարարությունում ժողով պիտի լինի և Եվրոպա արտահանման հարցը քննարկվի։ Նախարարությունում նման ժողով պլանավորված չէր։
Ապագա կա, կա ապագա
Պաշտոնական լուրերը խրախուսում են արտահանողներին չհանձնվել։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրապարակել էր լուսանկար սիմվոլիկ յոթ հատ ծիրանի և սիմվոլիկ եվրոպական պաշտոնյայի հետ։ Նա Բրյուսելում հանդիպել է նաև թուրք գործընկերոջը և քննարկել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է ֆեյսբուքում, որ Ռուսաստանի սանկցիաներից հետո Հայաստանից հարյուրավոր տոննաների միրգ արդեն արտահանվել է (նախարարը չի նշել՝ դեպի ուր):
Նախարարությունը նաև հրապարակել է ուղեցույց, թե ինչ քայլեր պիտի անի հայ արտադրողը Եվրոպա մտնելու համար։ Ըստ ուղեցույցի, պահանջվում է՝ արտադրական պայմանների ստուգում, հումքի և մատակարարների հետագծելիության ապահովում, լաբորատոր փորձարկումների իրականացում, անհրաժեշտ սերտիֆիկատների և փաստաթղթերի պատրաստում, լոգիստիկայի և սառը շղթայի ապահովում։
Ուղեցույցը պարզ բացատրում է, որ ԵՄ շուկան ուղղակի անհասանելի է հայկական ընտանեկան ավանդական ֆերմերների համար։ Նրանք չունեն փաստաթղթեր գյուղմթերքի արտադրման ողջ պրոցեսի մասին, բայց եթե ունենային էլ՝ չէին կարող այն սերտիֆիկացնել։ Հայաստանի Ստանդարտացման և Չափագիտության Ազգային Մարմինը չի տալիս Եվրամիությունում պահանջվող GLOBALG.A.P. ստանդարտը։
— Եթե ես ուզում եմ Եվրոպա գնամ, պիտի քանդեմ իմ այգին ու տնկեմ իրենց եվրոպական սորտերը։
— Լավ էլի, պետք չի իրանց անհամ ծիրանը մեր մոտ բերել։
Հայաստանում GLOBALG.A.P. ստանդարտ ունեն միայն նոր հիմնադրված «ինտենսիվ» «ոչ ավանդական» այգիները, որտեղ եվրոպական ծիրանի ծառեր են տնկվում, և դրանց վրա պատվաստվում է տեղական Prunus armeniaca սորտը։ Ինտենսիվ այգիներ ունեն միայն մեծ ֆիրմաները։ Դրանց թիվը դեռ սիմվոլիկ է։
ԵՄ-ն չի հեշտացրել հայկական մթերքի ներկրումը
Եվրոպա արտահանման շուրջ խոսակցությունները խիստ չափազանցված են։ ԵՄ-ի աջակցությունը ուղղված է ռուսական սանկցիաների ազդեցության մեղմացմանը։ Դրանով փոխհատուցվում է կրած վնասի մի մասը, բայց չի ստեղծում եվրոպական շուկա հասնելու պարզեցված ու ավելի հեշտ ռեժիմ»։ Նման քննարկումներ անգամ չկան։ Եվրոպական շուկա կարող են հասնել միայն նրանք, ովքեր կարող էին նաև նախկինում։ Մյուսները կդիմեն վնասի դիմաց որոշակի փոխհատուցում ստանալու համար։ Հունիսին Ռուսաստան չհասած մրգերը Կառավարությունը կփոխհատուցի հետևյալ սակագներով․ ծիրանը՝ 200 դրամ մեկ կիլոգրամի համար, սալոր, դեղձ, նեկտարին՝ 250 դրամ, կեռաս՝ 400 դրամ, գինի՝ 350 բրենդի՝ 830, հանքային ջուր՝ 150 դրամ, լոլիկ՝ 275, պղպեղ՝ 400 դրամ, ելակ՝ 770, ծաղիկ՝ 37 դրամ։
Ջերմատնային տնտեսությունները գազի, լույսի, ինչպես նաև աշխատավարձի վճարման համար ֆինանսական աջակցություն կստանան հունիսին։ Հուլիսի հարցը դեռ քննարկվում է։ Վեց ամսով սառեցվել է նաև ագրոպարենային արտադրամասերի լիզինգը, սառեցվել են ջերմատնային վարկերը։
Բայց Լարսից վերադարձած ֆուրերի դեպքում վնասի փոխհատուցումը հավանական չէ, քանի որ բարդ է հաշվարկել նրանց կրած վնասը։