«Ուժեղ ղեկավար, որից վախենում են» ու չեն ընտրում
Ռոբերտ Քոչարյանի դաշինքը Սահմանադրական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները։ Քվեարկության արդյունքները վիճարկել են նաև «Ուժեղ Հայաստանը», որն ընդդիմության նոր ֆավորիտն է, «Բարգավաճ Հայաստանը», որը չի անցել պառլամենտ ԿԸՀ-ի պատճառով, և նույնիսկ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որը մեղադրել է նախորդ երեքին ընտրակաշառք բաժանելու մեջ։
Հունիսի 14-ին Քոչարյանին արգելել են լքել Հայաստանը։ Կամայական սահմանափակումը օրինականացվել է հետին թվով, երբ գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, իսկ ԿԸՀ-ն՝ հապճեպ զրկել անձեռնմխելիությունից։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է հայտարարել, թե «եռագլուխ մաֆիան բացարձակապես ոչինչ անել չի կարող <> ափալ-թափալ մի՛ հավաքեք ձեր ճամպրուկները, դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»: Քոչարյանին մեղսագրվող արարքը 22 տարվա վաղեմություն ունի, նույնիսկ մեղադրական դատավճռի պարագայում նա չի ազատազրկվելու։ Նախկին նախագահն արդեն 8 տարի անցնում է նաև Մարտի մեկի գործով։
2021-ի արտահերթ ընտրություններից հետո Քոչարյանը փորձել էր վերլուծել պարտության պատճառները, հարմարվել ժամանակներին, իջեցնել դեկլարացիաների նշաձողը և դառնալ մարդամոտ։ Քարոզարշավի ժամանակ նա այցելում էր մարզեր, լուսանկարվում երեխաների և շփվում նրանց ծնողների հետ, դարձել էր փոդքասթեր, բարելավել էր հայերենը, խաղում էր թիմային և ապավինում հին դաշնակիցներին։ Հակառակ այս ջանքերին, Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 12 մանդատ է ստացել։ Նախորդ ընտրություններին նրա օգտին քվեարկել էր մոտ 269 հազար մարդ, այս տարի՝ 145 հազարից էլ քիչ։
***
Ընտրությունների թեման այս օրերին բացվում է ինքնըստինքյան, քննարկումը միշտ աշխուժանում է, և ինչ-որ պահի հնչում է Քոչարյանի անունը, նույնիսկ եթե մինչ այդ խոսվում էր, օրինակ, ԿԸՀ ապօրինի որոշման մասին։ Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ չէ կամ վարչապետի նոր թեկնածու, այլ քաղաքական արքետիպ՝ առաջնորդ, որի լեգիտիմությունը բխում է ուժից, վերահսկողությունից և վախից։ Սիմվոլիկ կերպարի միջոցով արտահայտվում է վերաբերմունքը իշխանության նկատմամբ։
Պատահական չէ, որ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի համար ընտրվել էր «Դինամո» մարզադաշտը։ Պատմականորեն «Դինամո»-ն կապվում է ոստիկանության և ԿԳԲ-ի հետ։ Սովետական հանրապետություններում այսպես կոչվում էին գերատեսչական ֆուտբոլային և սպորտային ակումբները։
Քոչարյանը պատկանում է քաղաքական գործիչների այն սերնդին, որը ձևավորվել է 90-ականների երկրորդ կեսին իշխանության վերաբաշխման արդյունքում։ Հայաստանում նրա նախագահ դառնալը համընկել է Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման սկզբի հետ։
Երկու երկրներում էլ 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը ուժային թևի «ռևանշի», ԶԼՄ-ների նկատմամբ պետական վերահսկողության (ռուսական НТВ-ի գործը՝ 2001 թվական, հայկական «Ա1+»-ինը՝ 2002-ին), լոյալ էլիտաների ձեռքում ռեսուրսների կենտրոնացման և ուղղահայաց իշխանության ամրապնդման ժամանակաշրջան էին։
Մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը նախագահ Քոչարյանը ստիպված էր իշխանությունը կիսել, օրինակ, վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին ահաբեկչություն եղավ նաև ռուսական Վոլգոդոնսկում՝ բեռնատարի պայթյուն բնակելի շենքի հարևանությամբ։ Բնակելի շենքերում «տեռակտները» շարունակվեցին, և սկսվեց Չեչենական երկրորդ պատերազմը՝ ամրապնդելով Ռուսաստանի նոր նախագահի դիրքերը։
Պուտինը չգնաց Վոլգոդոնսկ, բայց հոկտեմբերի 30-ին հինգ ժամով եկավ Երևան՝ աջակցելու Հայաստանի նոր նախագահին։ Այստեղ արժի հիշել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ իր և Վլադիմիր Պուտինի ընկերությունը հիմնվում է անբացատրելի «քիմիայի վրա»։
Պուտինի իշխանության հիմքում ուժեղ պետության գաղափարն է։ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում Քոչարյանը նախանձով նկատում էր, որ Հայաստանում «պետությունն ավելի քիչ տեղ է զբաղեցնում»։ Նա ուզում էր ազգային բյուրոկրատիա ձևավորել, որը կդառնա ուժեղ պետության ինքնության կրողը։ Այստեղից էլ ձգտումը ստեղծել կառավարման ուղղահայաց համակարգ, որը կհենվի ներքին պարտավորություններով կապված ենթակաների հավատարմության վրա։
Քոչարյանի համար կարևոր են հուսալիությունը և կայունությունը։ Պատահական չէ, որ ամենակարևոր արժեքների շարքին նա դասում է «ընկերությունը, հավատարմությունը և նվիրվածությունը»։ Ամենաաններելի բանը «դավաճանությունն» է։
Ռուսաստանի հետ հարաբերությունները նա բացատրում է նույն կայունությամբ. «Ռուսական ռազմաբազան կայունության զգացություն է տալիս <...> Կարծում եմ, կայունությունը ինքնին մի բան է, որն ամեն դեպքում կայունացնում է իրավիճակը»։ (Կայունությունը կայունացնում է․ չես էլ վիճի)։
Քոչարյանը երբևէ չի թաքցրել իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Նա չի պատրաստվում «աջ ու ձախ խաղեր տալ» և համարում է, որ քաղաքական դիրքորոշումը պետք է լինի պարզ և միանշանակ, իսկ եթե չես կարողանում կողմնորոշվել, ուրեմն թույլ ես և կամազուրկ։ «Փաշինյանն ու Զելենսկին նման են, քանի որ երկուսն էլ ավանտյուրիստ են», — ասում է նա։ Իր պաշտոնավարման ժամանակ Քոչարյանը, սակայն, սիրում էր կրկնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կոմպլիմենտար։
Քաղաքականությունն այստեղ հիմնվում է կոնկրետ մարդկանց միջև վստահության վրա։ Պետությունը լոյալությունների շարք է, համակարգի դիմացկունությունը պայմանավորված է մասնակիցների՝ ոչ ֆորմալ պարտավորություններին հետևելու կարողությամբ։ Ուժային կառույցների, հատուկ ծառայությունների կամ ազդեցիկ քաղաքական խմբերի հետ կապերը դիտարկվում են ոչ թե որպես կոմպրոմատ, այլ որպես կոմպետենտության և անվտանգություն ապահովելու ունակության ապացույց։ Քաղաքական գործիչը գնահատվում է ոչ թե ժողովրդավար մոտեցումների, այլ իրավիճակը վերահսկելու կարողության համար։
Քոչարյանը հետևողականորեն ընդգծում է ուժի նշանակությունը. «Այս աշխարհում չկա ավելի կարևոր բան, քան ռազմական գործողությունների արդյունքները»։
Երկրորդ նախագահի քաղաքական կենսագրության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում նրա համագործակցությունը ՀՅԴ-ի հետ։ «Դաշնակցությանը» նա երբեք չի անդամակցել, բայց օգտագործել է դաշնակների ռեսուրսներն իր լեգիտիմությունն ամրապնդելու համար։ Քոչարյանը կուսակցական գործիչ չէ, այլ բոլորովին այլ միջավայրի արտադրանք։
Որպես քաղաքական գործիչ նա ձևավորվել է Ղարաբաղի կոմսոմոլում, եղել է Ադրբեջանի ԽՍՀ Կոմունիստական կուսակցության անդամ, հետո դարձել ազգային-ազատագրական շարժման մասնակից, չճանաչված հանրապետության նախագահ, միացել ՀՀՇ կուսակցությանը, որի առաջնորդին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1998-ին գահընկեց է արել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Մեկուկես տարի անց, արդեն Քոչարյանի նախագահության օրոք, Սարգսյանը սպանվել է պառլամենտում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։
Քոչարյանը պատկանում է առաջնորդների այն սերնդին, որոնց համար իշխանության և վերահսկողության հարցը պայմանավորված չէ գաղափարախոսական ուսմունքով։ Նրա քաղաքական ամբիցիաներին գաղափարական աստառ հաղորդելու գործառույթը 90-ականների ամենավերջից իր վրա է վերցրել, մանսավորապես, Դաշնակցությունը, որը 1992 թվականին արգելվել էր Քոչարյանի կուսակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Տեր-Պետրոսյանից իշխանությունը խլելուց հետո Քոչարյանը ռեաբիլիտացրեց ՀՅԴ-ին։ Նոր նախագահի սիմվոլիկ կապիտալի մեջ ներառվեցին դաշնակցական թեմաները՝ պահանջատիրություն, ցեղասպանության ճանաչում, հակաթուրքական հռետորաբանություն, սփյուռքահեն մոտեցումներ և այլն։
Հանրային ընկալման մեջ Քոչարյանն ամբողջացել է որպես «ուժեղ տղամարդու» կերպար։ Նրան նկարագրում էին «մաչո», «որձ», «պախան», «կնքահայր» փոխաբերություններով։ Այս բառը հիշատակվում են որպես քննադատություն, բայց դրանք հրաշալի տեղավորվում են նաև նրա ինքնաբրենդավորման մեջ։ Քոչարյանի հեղինակությունը կառուցվել է ուժի և ուժ կիրառելու պատրաստակամության վրա։ Տասնամյակներ անց էլ Քոչարյան-թեկնածուն գովազդվում է որպես «ուժեղ ղեկավար, որից մինչ օրս վախենում են»։ Այս կոնտեքստում երբեմն հիշատակվում է նաև Պողոս Պողոսյանի սպասնությունը (որն, ի դեպ, դաշնակցական էր) Երևանի «Պապլավոկ» սրճարանում։ Քոչարյանին հանդիպելիս նա ասել էր «պրիվետ, Ռոբ» և սպանվել թինկապահի կողմից սրճարանի զուգարանում։
Ընտրողներից շատերը Քոչարյանին չեն ընդունում ոչ այնքան աշխարհաքաղաքական կողմնորոշման, որքան հանրային պահանջարկի փոփոխության պատճառով։ Նա ասոցացվում է իշխանության կոնկրետ մոդելի հետ՝ մենաշնորհ և կառավարում վախի միջոցով։ «Ավելի լավ է պերաշկի ուտեն», — ասում էր մեր զրուցակիցներից մեկը։
Ուժեղ առաջնորդի, խիստ ղեկավարի, երկաթե բռունցի մասին ֆանտազիաները մինչև հիմա պոպուլյար են։ Գործող վարչապետը ձգտում է հասնել այդ իդեալին։ Բայց «առաջնորդ, որից վախենում են» կարգախոսը Հայաստանում ձայն չի բերում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանին։
Անաստասիա Կարկոցկայա