Սկսվեց խաղաղությամբ, ավարտվեց գեոպոլիտիկայով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները: Խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ) և «Հայաստան» դաշինքը (12 մանդատ)։ Անցողիկ չորս տոկոսանոց շեմը կհաղթահարեր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե ԿԸՀ-ն չչեղարկեր թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրատեղամասերի արդյունքները։ Պատրվակը հերթափոխից իջած զինծառայողների ուշ քվեարկությունն էր, որը կասկածներ էր հարուցել հատկապես ընդդիմության մոտ։ Ենթադրվում էր, որ չեղարկված ընտատեղամասերում վերաքվեարկություն կնշանակվի, քանի որ հենց դա էր պահանջում օրենքը։ Բայց ԿԸՀ-ն վերաքվեարկություն չնշանակեց։ ԲՀԿ-ն զրկվեց պառլամենտ մտնելու հնարավորությունից, ինչի շնորհիվ ՔՊ-ի մանդատները հասան երեք հինգերորդի։
Ընդդիմադիր ուժերն արդեն դիմել են Սահմանադրական դատարան։ ԿԸՀ որոշումն բացահայտ ապօրինի է համարել նաև «Անկախ դիտորդ» դաշինքը, որը մինչ այդ հայտարարել էր․ «[Հունիսի 7-ին] քվեարկության արդյունքները կեղծելու փորձեր չեն գրանցվել, արձանագրված խնդիրները եղել են զուտ ընթացակարգային»։
Վանաձորում ընտրությունների օրը ամեն ինչ հանգիստ էր։ Հանզվադեպ հերթեր էին ընտրատեղամասերի մոտ։ Դիտորդներին ամենաշատը անհանգստացնում էր Ռուսաստանում ապրող հայերի հնարավոր ներհոսքը։ Ծանոթ ակտիվիստներից մեկը պատմում էր, որ ՌԴ-ից ժամանած ընտրողները ողողել են տեղամասերը առավոտյան ժամերին։ Նրանց իբրև թե մատնել է ակցենտը։ Նրա ընկերն օրինակ է բերում Կրասնոդարի երկրամասից ժամանած հարևանին, որը ամենայն հավանականությամբ աշխատում է Տաշիր Գրուպում։ Այստեղ անգամ աննշան մանրուքներն են մեկնաբանվում որպես կազմակերպված միջամտության ապացույց։
— Շատ բարեկամներ ունե՞ք Ռուսաստանում։
— Հա։
— Ինչ-որ մեկն եկե՞լ է։
— Չէ։ Բայց մեր հայաթում ռուսական համարներով մի հատ նոր ավտո է հայտվել։ Վստահ եմ, որ առաջ չկար։
Ընտրողների մասսայական տեղափոխության մասին խոսակցությունները չափազանցացված են։ ԽՍՀՄ փլուզումից հետո դատարկված հետարդյունաբերական քաղաքում բոլորը ունեն Ռուսաստանում ապրող բարեկամներ։ Նրանց մեջ քվեարկելու եկածների չգտանք։ Ռուսաստանի հայերի միությունը և ընդդիմության հետ փոխկապակցված ձեռնարկությունները փորձել են մոբիլիզացնել սփյուռքի ընտրազանգվածին, ինչի շնորհիվ մոբիլիզացվել են նաև գործող կառավարության ալարկոտ համակիրները։ Վանաձորում մեզ հանդիպում են միայն նրանք։
%20(1).jpg)
Հարցեր վոքսփոփի համար․ մասնակցե՞լ եք ընտրություններին, ե՞րբ և ինչպե՞ս եք որոշել, թե ում եք քվեարկելու, հատկապես ի՞նչն է ազդել այդ որոշման վրա։
մոտ 70 տարեկան տղամարդ․ — Ձեր նման աղջիկները չէին կարա ֆռֆռային առաջ, ձեռքերը դնում էին վրեքը, ասում էին՝ սաղ մերն են:
բիսեդկի տղամարդիկ․ — Քվեարկել ենք, որ գնանք Բաքու, որ իրանք չգան Հայաստան։
35 տարեկան տղամարդ․ — Ընտրությունս աութսորս եմ արել Աստծուն, որ հետո ինձ մեղավոր չզգամ։ Քվեաթերթիկները շուռ տվեցի, խառնեցի իրար, մեջից մի հատն ընտրեցի պատահական, դրեցի ծրարի մեջ։ Ում բախտը բերեց, ուրեմն իրա բախտն էլ պիտի բերեր։ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ ա, բայց ինքը լավ մարդ չի։ Ինքը արժանապատվություն չունի։ Իրա ամենամեծ սխալը խոսքի ազատություն տալն էր։ Եթե մեկ-երկու պատժեին, երրորդը ռիսկ չէր անի։ Հիմա ամեն մեկը կարա իրան մեր քրֆի։ Շատ բան փոխվել ա դեպի լավը, բայց եթե մարդն ինքն իրան պաշտպանել չի կարում, մեզ ո՞նց ա պաշտպանելու։
— Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Նստացնե՞լ բոլորին, ովքեր հայհոյել են։
— Ուրիշ ձևեր էլ կան։
— Ասեցիք, որ շատ բան փոխվել է դեպի լավը։ Օրինակ, ի՞նչ։
— Բեսպրեդել չկա։ Առաջ ինչ ուզում անում էին։ Հիմա ավելի լավ է։
մոտ 30 տարեկան կին․ — Չեմ վախենում ասել, որ քվեարկել եմ Նիկոլին։
25 տարեկան տղամարդ․ — Ընտրություններին չեմ մասնակցել:
— Ինչո՞ւ։
— Մեկ ա ինձ։ Իմ կյանքի վրա դա չի ազդում։
— Դուք վանաձորցի՞ եք։
— Տաշիրից եմ, էստեղ աշխատում եմ։
— Ձեր համաքաղաքացին առաջատար դիրքերում է։
— Դրա համար էլ չեմ մասնակցել ընտրություններին։
— Որտե՞ղ եք աշխատում։
— Յանդեքս-Տաքսի։ Երևանում տաքսիստները ամսական 800 հազար փող են առնում։ Ես մի ամիս ապրել եմ Երևանում, համարյա 600 հազար աշխատեցի։ Իսկ մարզերում տարիֆը 200 դրամ ա, այսինքն տաքսին մարշրուտկից էժան ա նստում։ Երևանում ժողովուրդը լավ ա ապրում, իսկ մարզերում փող են աշխատում մենակ դասատուները ու պետական ապարատում։ Մատուցողներին ստեղ սկի 150 հազար չեն տալիս, իսկ Երևանում կարելի ա 500 հազար աշխատել։ Բայց ուտելիքը նույն գնի ա։
մոտ 40 տարեկան կին․ — Չեմ քվեարկել։
— Ինչո՞ւ։
— Սպիտակում եմ գրանցված։ Չուզեցի գնալ։ Ինձ թվում ա, որ չքվեարկածների ձենը գնում ա իշխանությանը։ Տե՞նց չի։
— Դուք իշխանության կողմի՞ց եք։
— Այո։ Ինքը ասում ա էն, ինչ սաղս էլ գիտենք, բայց իրան դրա համար են քննադատում։ Ձայն չեմ տա նրանց, ովքեր իրենց քաղաքականության համար ուրիշի երեխեքին տանում են պատերազմի։
— Բայց Փաշինյանն էլ ուրիշի երեխեքին տարավ պատերազմի։
— Ինքը գոնե փոշմանել ա։
Երեկոյան հանդիպում ենք վանաձորցի ծանոթներին։ Նրանցից մեկը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, մյուսը՝ «Բոլորին դեմ եմ»։ Ժամանակին իրար տեսնում էինք Կոնգրեսի հանրահավաքներին։
2010-ականների Շարժումից մնացել է Լևոն Զուրաբյանը։ Նրա շուրջ համախմբված փոքրաթիվ կուսակցականներ ձգտում են վերականգնել Հայասանի արժանապատվությունը։ 2016-ի պատերազմից հետո ՀԱԿ-ը մասնակցեց ընտրություններին «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով։ Տեր-Պետրոսյանը կոչ արեց ընտրողներին կանխել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը: Հարկավոր է գնալ ողջախոհ զիջումների և լուծել հակամարտությունը բանակցային տրամաբանությանը համապատասխան։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո ՀԱԿ-ը համարեց, որ խաղաղությունը դրոշակ չէ։ Լևոն Զուրաբյանն այս քարոզարշավն անում էր միայնակ։ Երբեմն նրան օգնում էր Արամ Մանուկյանը։ 2026 թվականին կոնգրեսականները պայքարում են արժանապատիվ ազգային պետության համար, որպեսզի TRIPP-ին գումարվի BRICS-ը, և հայկական գետերը չհոսեն դեպի Ադրբեջան։
— Լևոնականների մեծ մասը ոնց որ թե միացել է Փաշինյանին, մնացածին Դաշնակցություն չեն վերցրել, — ասում է մեր զրուցակիցը։
— Բանակում անհավասարությունն ավելի արտահայտված է։ Ոչ մի կապ չկա լոզունգների և իրականության մեջ։ Էնտեղ հասկացա, որ ձևակերպումներ չունեմ դա նկարագրելու համար։ Մինչև ծառայելը ՀԱԿ-ի մասին մտածում էի որպես այլընտրանք։ Բանակում սկսեցի նկատել, որ հանրահավաքների ժամանակ «Խաղաղություն հիմա՛»-ն լղոզվում էր «Հաղթանա՜կ, հաղթանակ» վանկարկումների տակ։ Ոչ մի պատրանք չկար։ Զինվորներից ամեն մեկը իրա ձևով էր հասկանում, թե ինչքան շատ է ամեն ինչ վարկաբեկված։ Դա դեռ մինչև 2020 թիվն եմ ասում։
— Մոբիլիզացիան սկսվեց, բոլորը պախկվեցին։ Խոսում էին, որ «եթե մերոնք հաղթեն, 90-ականներից էլ վատ է լինելու»։ Թաղի կեսին դավաճան չես հանի, պետք է գոնե հասկանալ, թե խի շատերը պատրաստ չէին պաշտպանել հռչակված արժեքները։
— Քանի դեռ իշխող կուսակցությանը քննադատում են քչից-շատից եղած խաղաղության համար, մենք իրանց կողմից ենք, — ասում է զրույցին միացած 70 տարեկան կինը, որը իշխող կուսակցության օգտին է քվեարկել նաև «քչից-շատից եղած խաղաղությունից» առաջ։
Խաղաղության տակ նա հասկանում է հակամարտության հնարավորինս արագ և հնարավորինս վերջնական հանգուցալուծումը՝ պայմաններով, որոնք հնարավոր են այստեղ և հիմա։
— Պատերազմի ժամանակ պետք է մտածել, թե ինչպես է հնարավոր դադարեցնել մահերը։
Այստեղ ոչ մեկ նոր զոհերի և նոր հերոսների կարիքը չի տեսնում։ Բայց արդյո՞ք կա խաղաղություն առանց արդարության։
Ոչ մի կասկած չի մնացել, որ մեծամասնությունն այլևս չի կիսում այն բովանդակությունը, որը փոքրամասնությունը ներդրել է ազգային արդարության մեջ։ Իսկ խաղաղությունն ավելի պարզ է՝ որ չլինի պատերազմ կամ պատերազմի վտանգ։
«Դոն Կիխոտը ապաշխարեց մահվան մահճում, Ռեմբոյից փրկեց նախկին հրամանատարը, Կիերկեգորը հետմահու արդարացվեց և սրբադասվեց։ Բայց ի՞նչ անել բոլոր այն փոքր մարդկանց, ռադիկալ անհաջողակների հետ, որոնք «արժանապատվություն» են փնտրում ապագա ճակատամարտերում։ Ստեղծել պետություն, որում հնարավոր կլիներ ասել, որ արժանապատվությունը թողնված է անցյալին, որ մենք մտնում ենք հետարժանապատվային հասարակություն մեզ այդքան գրավող «արժանապատվությունից» հետո։ Սա է մինորիտար, ուտոպիական իդեալը»։
— Ծանոթս ֆուռի վարորդ է աշխատում։ Իրան էլ են մայիսի վերջին կանգնեցրել սահմանին, դատարկել են մեքենան, ստուգել են բեռը, նորից են ստուգել, մի քանի օր սպասացրել են կայանատեղում, որի համար պետք էր վճարել սեփական գրպանից։ Որ դա կարող է կապ ունենալ ընտրությունների կամ Եվրամիության հետ մերձեցման պատճառով քաղաքական ճնշումների հետ, սկզբից ոչ մեկ չէր խոսում։ Օրեր անց իրենց մոտեցել է ռուսական սահմանային ծառայության աշխատակիցն ու ասել, որ ոչ մեկի չեն թողնելու։ Ասել են․ «Դժգոհ ե՞ք, գնացեք ընտրությունների», առաջարկել են բունտ անել Փաշինյանի դեմ, — պատմում է մեր զրուցակիցը։
— Ո՞նց են բեռնափոխադրողներն արձագանքել։
— Հույս ունեին, որ ընտրություններից հետո սանկցիաները կհանեն։ Բայց արգելված ապրանքների ցանկը գնալով մեծանում է։
Ախալքալաք-Կարս երկաթգիծն արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար, ապրանքները կարելի է արտահանել նաև Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով՝ հայտնում են կառավարությունից։ Փաշինյանի կարծիքով, մեր բիզնեսը չի օգտվում այս հնարավորություններից, քանի որ «սովորել է ֆուռ լցնել, բայց դեռ չի սովորել վագոն լցնել»:
Հայաստանի կառավարությունը Եվրոպայից հիսուն միլիոն ֆինանսական աջակցություն է ստացել և սուբսիդավորում է արտահանումը ԵՄ և ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ։ Իշխանությունները խոստանում են փոխհատուցել մաքսային և տրանսպորտային ծախսերի մի մասը։
Բայց դեպի նոր շուկաներ գնալու համար ժամանակ և փող է պետք։ Ֆերմերներն ու վերավաճառողները Եվրոպայում գործընկերներ չունեն, ապրանքները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, չունեն վկայականներ կամ լիցենզիաներ, ԵՄ-ն չի ընդունում հին ֆուռեր, միջազգային փոխադրողի թույլտվություն ստանալու համար ժամանակ է պետք, իսկ բեռնափոխադրողները նույնիսկ մուլտիվիզա չունեն։
Ռուսաստանն արգելում է հայկական մի շարք ապրանքների ներմուծումը և փոխադրումը։ Սկզբում սանկցիաների տակ ընկան «Ջերմուկն» ու ծաղիկները, հետո բանջարեղենը, հատապտուղները, մրգերն ու խաղողը, ավելի ուշ՝ բուսական ծագման բոլոր ապրանքները։ Պաշտոնական հիմնավորումը ֆիտոսանիտարական նորմերի խախտումն է։
Ռուսական կողմը Երևանից պահանջում է ընտրություն կատարել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և ԵԱՏՄ երկրների առջև ստանձնած պարտավորությունների միջև։ Մոսկվան սպառնում է վերանայել նաև էներգակիրների տարիֆները․ «Գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով»։
Վերընտրված կառավարության առաջին որոշումներից էր ակցիզային հարկի բարձրացումը։ Վառելիքը, ալկոհոլը, ծխախոտը, էլեկտրոնային սիգարետներն ու նիկոտինային արտադրանքը կթանկանա 2027-ի հունվարի 1-ից։ Օրենքը դեռ պիտի վավերացվի խորհրդարանի կողմից, բայց կառավարությունն արդեն առաջարկում է դիտարկել այն հրատապ կարգով։
Բենզինի մեկ լիտրը կթանկանա 10,5 դրամով, բնական գազը՝ 9 դրամով։ Ծխախոտի մեկ տուփի ակցիզը կավելանա 30 դրամով ու կշարունակի աճել առաջիկա երկու տարիների ընթացքում։ Կբարձրանան նաև գինու, գարեջրի, վիսկիի և ռոմի գները։ Գինու մեկ լիտրը կթանկանա 45 դրամով, կես լիտրանոց գարեջրի շիշը՝ 25 դրամով։ Վիսկիի ու ռոմի ակցիզը կաճի 25 տոկոսով։ Օղու պարագայում ակցիազային դրույքը կմնա անփոփոխ, մրգային օղունը նույնիսկ մի փոքր կնվազի։ Կառավարությունը սա պատաճառաբանում է արտադրողներին աջակցելու ցանկությամբ։ Կվերանայվեն նաև կոնյակի ակցիզները։ Երիտասարդ կոնյակը մի քիչ կթանկանա, ավելի հնեցվածը հարաբերականորեն կէժանան։
%20(1).jpg)
%20(1).jpg)
— Ես Փաշինյանի օգտին եմ քվեարկել, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման։ Գյուղացիներն ու տնտեսվարողները սնանկանալու են։ Բոլորը վարկերի տակ են, սա աղետ է Հայաստանի համար, — ասում է մեր մեկ այլ զրուցակից։
Քննարկում ենք իշխող կուսակցության քարոզարշավը։ Ամեն ինչ սկսվեց խաղաղության օրակարգով և ավարտվեց աշխարհաքաղաքական դիմակայությամբ։
— Ընտրությունները ընդամենը ծես է, որը կազմակերպվում է հինգ տարին մեկ ընտրողներին երկար ժամանակով պասիվացնելու համար։
%20(1).jpg)