2026 թ. հունիս 22, երկուշաբթի

Թղթե վագր, Երկաթե գառ, Գիշերային պատմություններ Կաննից

Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը դիտել է Կաննի փառատոնի մրցութային ծրագրի բոլոր 22 ֆիլմերը։ Գրախոսությունները կհրապարակենք չորս մասով։ Ֆիլմերից որոշները շուտով կհասնեն նաև Հայաստան, և դրանք հնարավոր կլինի դիտել «Ոսկե ծիրանի» ժամանակ՝ հուլիսի 12-19, Երևան։

Մաս առաջին՝  Հայրենիք, Քնքուշ հրեշ, Նոթեր և Զուգահեռ պատմություններ Կաննից

Մաս երկրորդ՝ Մինոտավրոսը և Մեր փրկությունը, միֆեր Կաննից

Մաս երրորդ

ALL OF A SUDDEN (1) (1).jpg

Հանկարծ
All of a Sudden

Ռյուսուկե Համագուչի
Ֆրանսիա, Ճապոնիա, Բելգիա, Գերմանիա

Հանկարծը վերջին տասնամյակում ճապոնական կինոյի դրոշակակիր Ռյուսուկե Համագուչիի՝ Ճապոնիայից դուրս նկարած առաջին ֆիլմն է: Մարի-Լուն (Վիրժինի Էֆիրա) ղեկավարում է Փարիզի արվարձանում գործող բուժհաստատությունը, որը նախատեսված է սահմանափակ կարողություններով անձանց համար: Անձնակազմի դիմադրության և թերահավատության պայմաններում նա փորձում է ներդնել խնամքի «Humanitude»՝ մարդակենտրոն մեթոդը։ Մարի-Լուի անձնական կյանքը տակնուվրա է լինում, երբ հանկարծ հանդիպում է մահամերձ ճապոնացի դրամատուրգ Մարի Մորիսակիին (Տաո Օկամոտո)։

Բժշկական կենտրոնը գրեթե վերածված է ուտոպիստական կոմունայի: Թատրոնը՝ հոգեբանական ապահովության, հանդիսատեսի ու դերասանի երկխոսության, մշակույթների և լեզուների միաձուլման տարածք։ Ինչպես Նստիր մեքենայիս ղեկին ֆիլմում, այստեղ էլ տեսնում ենք ենթագրված ներկայացում: Մի պահ ֆիլմն ընդհանրապես վերածվում է դասախոսության` «կապիտալիզմի կարճ պատմությունը»: Ճապոնացի Մարին կանգնում է գրատախտակի առջև և ներկայացնում աշխարհի դրությունը:

ALL OF A SUDDEN (3) (1).jpg 

ALL OF A SUDDEN (4).jpg 

Թեպետ սա Համագուչիի լավագույնը գործը չէ, տևողությունն էլ՝ երեք ժամից ավել (ինչը հեռու է նրա համար ռեկորդային՝ 317-րոպեանոց Երջանիկ ժամից), եթե հաջողվի ընկղմվել ֆիլմի մթնոլորտի մեջ, հաստատ ձանձրալի չի լինի:

Հայելային կերպարների մարմնավորած Էֆիրան ու Օկամոտոն Կաննում այս տարի կիսեցին լավագույն դերասանուհու մրցանակը:

BELOVED (1).jpg 

Սիրելին
The Beloved

Ռոդրիգո Սորոգոյեն
Իսպանիա, Ֆրանսիա

Խավիեր Բարդեմը մարմնավորում է մեծ համբավ ու մեծ էգո ունեցող ռեժիսորի: Բոլորն ասում են, որ նրա լավագույն գործերն անցյալում են: Բայց նա մեծ հույսեր է կապում իր նոր նախագծի՝ Իսպանիայի գաղութատիրական անցյալին նվիրված ֆիլմի հետ: Գլխավոր դերն առաջարկում է սեփական դստերը, որի հետ վաղուց կտրել է կապը (զուգահեռները անցյալ տարի Կաննի Գրան պրին ստացած Զգացմունքային արժեք ֆիլմի հետ պատահական են): Սիրելին բացվում է հոր և դստեր զրույցի՝ տասնյակ րոպեներ տևող անձնական ու «անհանգստացնող» տեսարանով։ Տեսնում ենք նրանց դեմքերը խոշոր պլանով, և ուրիշ ոչինչ: Այս ֆորմալիստական լուծումը ձևավորում է ամբողջ ֆիլմի տոնայնությունը:

Ռոդրիգո Սորոգոյենը՝ մռայլ դետեկտիվների ու թրիլերների վարպետ, այստեղ էլ է մի քանի իսկապես լարված և հագեցած դրվագ կառուցում: Բայց, ցավոք, նրա հիմնական նպատակը հիշեցնելն է, որ սա կինո է կինոյի մասին: Ռեժիսորը ներառում է սևուսպիտակ, ժապավենային կամ լիովին անձայն կտորներ, իսկ նշանային տեսարաններից մեկը հենց մոնտաժային սենյակում է անցնում. ռեժիսոր-Բարդեմը դիտում, վերադիտում, ձևափոխում է նկարահանված պատկերները: Ձևաչափային էքսպերիմենտները հետաքրքիր են, բայց երբ դրանք չեն հավաքվում մեկ ամբողջության մեջ՝ խանգարում են կապ հաստատել կերպարների և ֆիլմի հետ:

THE BDAY PARTY (1).jpg 

Գիշերային պատմություններ
The Birthday Party

Լեա Միսիուս
Ֆրանսիա, Բելգիա

Թոմասը, Նորան և նրանց դեռահաս դուստրը՝ Իդան, ապրում են մեկուսացված ֆերմայում։ Մինչ ընտանիքը զբաղված է Նորայի համար ծննդյան երեկույթ կազմակերպելով, դռան շեմին անկոչ հյուրեր են հայտնվում։ Սկիզբը լի է կլիշեներով, բայց դեռ հուսադրող է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ մեզ լարված թրիլեր է սպասում: Եվ այո՝ սա իսկապես թրիլեր է, բայց բոլորովին ոչ լարված: Հետաքրքրության կորը շարունակաբար իջնում է՝ երրորդ ակտի սկզբում հասնելով հատակին։ Սասփենսի փոխարեն՝ բոլիվուդյան կրքերի տարափ։

Գիշերային պատմությունները (միջազգային վարձույթում՝ Ծննդյան երեկույթ) մրցութային ծրագրի ամենաթույլ ֆիլմերից է: Այն ավելի շատ կհամապատասխաներ երեկոյան հեռուստաեթերին՝ Funny Games ողջ ընտանիքի համար:

PAPER TIGER (1).jpg 

Թղթե վագր
Paper Tiger

Ջեյմս Գրեյ
ԱՄՆ, Բրազիլիա, Իտալիա

Ջեյմս Գրեյը պարադոքսալ ռեժիսոր է: Նա հավակնում է համալրել ամերիկյան կինոյի «նեոդասականների» շարքը և կանգնել, օրինակ, Փոլ Թոմաս Անդերսոնի կողքին: Այդքան էլ հաճախ չի նկարում՝ երեսուներեք տարում ընդամենը ինը ֆիլմ, և ամեն անգամ ներառվում է Կաննի կամ Վենետիկի ծրագրում, ինչը որոշակի կշիռ է հաղորդում նրա կերպարին: Բայց միշտ կա տպավորություն՝ անգամ ամենաստացված ֆիլմերում, որ մի բան չի հերիքում (երևի բացառությամբ Two Lovers-ի):

Նրա նոր ֆիլմի դերասանական կազմն ինքնին մրցանակային հայտ է՝ Ադամ Դրայվեր, Մայլզ Թելեր, Սկարլետ Յոհանսոն: 1980-ականների Բրայթոն-բիչում լավ եղանակն էլ չի խանգարում կրիմինալ տարրերի ստվերային գործերին: Հերոսները որոշ չափով պատահմամբ, որոշ չափով՝ սեփական անմտության պատճառով հայտնվում են օրեցօր թափ առնող ռուս մաֆիոզների թիրախում։

Գրեյը միախառնում է ամերիկյան երազանքի մասին ընտանեկան մելոդրամայի, մռայլ նեոնուարային թրիլերի և սամուրայական մարտաֆիլմի կլիշեները: Որոշ էլեմենտներ հրաշալի աշխատում են, մյուսները՝ կատարելապես ձախողվում:

«Թղթե վագր» նշանակում է արտաքուստ վտանգավոր կամ հզոր, իրականում՝ թույլ և անզոր մի բան։ Լավ բնութագիր է նաև այս ֆիլմի համար:

HOPE (1).jpg 

Հույս
Hope

Հոն Ջին Նա
Հարավային Կորեա

Կորեական ժանրային կինոյի վարպետ Հոն Ջին Նան (Հետապնդողը, Դեղին ծով, Աղաղակը) սկսում է առանց նախապատրաստության և միանգամից անցնում բուն գործողությանը: Բնությանն անհայտ մոլեգին հրեշն ավերակների է վերածում հարավկորեական սահմանային քաղաքը: Գլխավոր հերոսը տեղացի ոստիկան է, որը, ինչպես հանդիսատեսը, առաջին 40 րոպեների անդադար հետապնդման ընթացքում ոչ մի կերպ չի հաջողացնում տեսնել հրեշին։ Երևում են միայն ավերածությունները։

Բոն Ջուն Հոյի Տիրակալը ֆիլմի հետ համեմատություններից խուսափել հնար չէ: Նան չի էլ խուսափում, հակառակը՝ ուղիղ ռեֆերենսներ է անում հենց ֆիլմի սկզբնամասում, երբ ոստիկանը հանդիպում է նետ ու աղեղով զինված համաքաղաքացու և հարցնում, թե արդյոք հրեշը դինոզավրի տեսք ունի:

Ֆիլմը պիտի մնար հենց այդ կոորդինատներում՝ անվերջ հետապնդում, անտեսանելի հրեշ, մեդմաքսյան ռադիկալ էքշնի ու բեքեթյան աբսուրդիզմի յուրօրինակ կոկտեյլ: Սակայն շուտով հա՛մ հրեշի կերպարն է կադրում հայտնվում, հա՛մ հետապնդումն է դադար վերցնում, և ֆիլմը լայնացնում է իր աշխարհագրությունը՝ կորցնելով հմայքը:

Հաջորդ երկու ժամվա ընթացքում կլսենք ստամոքսը ցավեցնելու չափ ծիծաղելի մի վկայություն, կտեսնենք տասնամյա վաղեմության կինոաստղեր Մայքլ Ֆասբենդերի ու Ալիսիա Վիկադերի տարօրինակ կերպարանափոխությունը և կստանանք անկոչ սիքվելի խոստում:

SHEEP IN THE BOX (1).jpg 

Գառնուկն արկղի մեջ
Sheep in the Box

Ռեժիսոր՝ Հիրոկոձու Կորեեդա
Ճապոնիա

Հիրոկոձու Կորեեդան անդրադառնում է իր կինոյի համար կենտրոնական թեմաներին՝ ընտանիքը որպես բնական և արհեստական կառույց, երեխաների միջև փոխհարաբերություններ, մահ և կորստի վիշտ: Այս անգամ նա ընտրում է սփիլբերգյան ուղին և տեղափոխում գործողությունները ոչ հեռու ապագա: Կատարյալ մարդանման կիբորգներն արդեն մի քանի տարի է, ինչ հասանելի են շուկայում: Դրանք (թե՞ Նրանք) հեշտությամբ կփոխարինեն ընտանիքի մահացած անդամներին: Պատմության կենտրոնում որդեկորույս ամուսնական զույգ է, որը «որդեգրում» է այդպիսի մի ռոբոտի:

Սա կարող էր դառնալ փառատոնի ամենաակտուալ ֆիլմերից մեկը: Բայց Կորեեադան ընդամենը կրկնում է բազմիցս հնչած նույն հարցերը: Արհեստական բանականությանը առնչվող բոլոր մակերեսային գաղափարները իրենց տեղում են՝ ռոբոտն ունի՞ ինքնագիտակցություն, կարո՞ղ է զգալ, թե՞ միայն արտացոլում է մարդկանց զգացմունքները և այլն:

Անվանումը հղում է Փոքրիկ իշխանին: Կորեեդան համարում է, որ մարդուն մարդ դարձնում է երևակայելու ունակությունը: էքզյուպերիի մոտ պիտի երևակայեիր, որ նկարված արկղի մեջ գառնուկ կա, այստեղ՝ պիտի երևակայես, որ ռոբոտն ունի հոգի: Գուցե մի օր նա ինքն էլ սկսի երևակայել:

UNKNOWN (2) (1).jpg 

Անհայտը
The Unknown

Արթյուր Հարարի
Ֆրանսիա, Իտալիա

Լուսանկարիչ Դավիդ Ցիմերմանի կյանքն անդառնալիորեն փոխվում է, երբ խնջույքի ժամանակ նա հանդիպում է խորհրդավոր մի էության, որի զոհերը սեռական հարաբերությունից հետո փոխանակվում են մարմիններով։

Առաջին իսկ կադրից՝ ավտոմեքենայի ապակեմաքրիչների շրշյունը, ֆոտոխցիկի չխկոցը և երևակայական պրոյեկտորի կտտոցը հիպնոսացնող համադրությամբ ներքաշում են Անհայտի աշխարհ։

UNKNOWN (3) (1).jpg 

Թեպետ դետեկտիվային թրիլերը գրեթե միանգամից ստանում է անտոնիոնիական հակադետեկտիվի ուրվագծեր, դեռ երկար ժամանակ պատասխաններ ես փնտրելու: Ո՞րն է տրանսֆորմացիայի պատճառը: Գուցե երեկույթին ընդունած անհայտ ծագման դեղահաբը: Գուցե (ինչպես, ըստ տարածված կլիշեի, բնիկ ժողովուրդներն էին հավատում) ֆոտոխցիկն է գողանում մարդկանց հոգիները: Ով է «ես»-ը և ով է «ուրիշ»-ը։ Ներքինը պայմանավորված է արտաքինո՞վ։ Մենք միայն մեր մարմիննե՞րն ենք։

Մրցույթի գլխավոր ֆիլմը սպասելիորեն ոչ մի պարգևի չարժանացավ։ Չի ոգևորում նաև քննադատների միջինացված գնահատականը: Ոչ թե բովանդակային նմանության, այլ անարտասանելին արտահայտելու ընդհանուր միտման շնորհիվ կարելի է հիշել քառորդ դար առաջ թողարկված ու սկզբում ոչ մեկին դուր չեկած երկու ֆանտազմ՝ Կուբրիկի Լայն փակ աչքերը և Կարաքսի Պոլա իքսը: Հետաքրքիր է, թե որ ճանապարհով կգնա Հարարիի ֆիլմը՝ կուլտային ստատուս և ուշացած վերաբացահայտո՞ւմ, թե՞ համընդհանուր մոռացում։

UNKNOWN (1) (1).jpg 

Սիմվոլիկ ժեստով Հարարին փակում է շրջանը։ Դեպի անհայտը սլացող տիտրերին համընթաց երգում է Բոբ Դիլանը՝ մեկ այլ «լրիվ անհայտ» Ցիմերման, որի «Ես»-ը երբեք այստեղ չէ:

Մաս չորրորդ՝ Սև գունդն ու Իմ սիրելի տղամարդը, Անրջական արկածներ Կաննից