2026 թ. հունիս 4, հինգշաբթի

Մինոտավրոսը և Մեր փրկությունը, միֆեր Կաննից

Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը դիտել է Կաննի փառատոնի մրցութային ծրագրի բոլոր 22 ֆիլմերը։ Գրախոսությունները կհրապարակենք հինգ մասով։ Ֆիլմերից որոշները շուտով կհասնեն նաև Հայաստան: Դրանք հնարավոր կլինի դիտել «Ոսկե ծիրանի» ժամանակ՝ հուլիսի 12-19, Երևան։

Առաջին մասը՝ Հայրենիք, քնքուշ հրեշ, նոթեր և զուգահեռ պատմություններ Կաննից

Մաս երկրորդ

MINOTAUR.jpg

Մինոտավրոս
Minotaur

Անդրեյ Զվյագինցև
Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա

Ո՞վ է Մինոտավրոսը՝ վերացականորեն արտացոլված պատերազմը, ամբողջ ռուսական պետությունը, թե՞ անձամբ Վլադիմիր Պուտինը, որի՝ գուբերնատորական կաբինետում կախված դիմանկարը զուսպ հավանությամբ հետևում է պաշտոնյաների ամենօրյա ոճրագործություններին:

Ռուսական խոշոր ընկերության ղեկավար Գլեբի առջև խնդիր է դրված՝ աշխատակիցներից 14-ին հարկավոր է ուղարկել ռազմաճակատ։ Միաժամանակ Գլեբն իմանում է, որ կինը դավաճանում է իրեն երիտասարդ լուսանկարչի հետ։ Ֆիլմը կանգնած է երեք հիմնասյուների վրա՝ ռուսական արդիականություն, ֆրանսիական սյուժե և հին հունական առասպել: Կլոդ Շաբրոլի Անհավատարիմ կնոջ (1969) սյուժեն Զվյագինցևը հագցնում է 2020-ականների Ռուսաստանին: Բայց նրա ապակե գորշ-կապույտ էսթետիկան ավելի շուտ հիշեցնում է Էդրիեն Լեյնի Անհավատարիմը (2002): Ռիմեյքի ռիմեյք:

MINOTAUR 3.jpg

«Հնաոճ» կրքերը չեն հանգավորվում «հատուկ ռազմական գործողության» իրականության հետ: Պաթոսային վերնագիրը ընդամենը մակերեսային սիմվոլիզմ է՝ ռազմաճակատ ուղարկվողների թիվն այստեղ համապատասխանում է միֆական մինոտավրոսին մատուցված զոհերի թվին։

Որպես արդյունավետ կառավարիչ՝ Գլեբը հեշտությամբ գտնում է անհրաժեշտ 14 հոգուն: Լուծում է նաև լուսանկարչի հարցերը: Շուտով կլռի ֆիլմի ամբողջ ընթացքում հնչող 2000-ականների ռոքը (Սպլին, Բի-2, Մումիյ Տրոլ)` կորսված Ռուսաստանի վերջին արձագանքը: «ԷսՎեՕ»-ի նահատակ-հերոսի պաստառը հայտնվելու է գետնին: Մինոտավրոսի բնօրրան Կրետե կղզի մեկնող ինքնաթիռից կբացվի ջանֆրանկոռոսիական երկնքի տագնապալի պատկերը:

Մինոտավրոսը կերավ իր զոհերին և սպասում է նորերին:

MINOTAUR 2.jpg

Ֆիլմն արժանացավ Ժյուրիի Գրան պրիին՝ մրցույթում գրավելով երկրորդ տեղը:

Թե Կաննում հավաքված կինոքննադատների, թե միջազգային ժյուրիի համար ֆիլմի ներքին առասպելից շատ ավելի ազդեցիկ էր արտաքին կյանքի առասպելականությունը: Զվյագինցևն առաջին ռուս մեծ ռեժիսորն է, որը ֆիլմով ուղիղ անդրադառնում է պատերազմին: Քովիդի ժամանակ նա մահվան եզրին էր և վերակենդանացավ հրաշքով: Ռեժիսորի անձնական փորձը և քաղաքական բեքգրաունդը ազդում են ֆիլմի կարգավիճակի վրա։ Շարունակում է կիրառվել վերջին տարիներին ձևավորված՝ հեղինակներին նրանց ստեղծած ֆիլմից գերադասելու ավանդույթը (հիշենք, օրինակ, Ռասուլոֆին շնորհված ժյուրիի մրցանակը 2024-ին կամ Փանահիի Ոսկե արմավենու ճյուղը 2025-ին):

Մրցանակի համար բեմ բարձրացած Զվյագինցևը կոչով դիմեց Պուտինին և խնդրեց «ավարտել այս կոտորածը»: Հորդորն անարձագանք մնաց: Նույն գիշերը ռուսական զորքերը լայնածավալ հարված հասցրեցին Ուկրաինային՝ արձակելով 90 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք։

MOULIN.jpg

Մուլեն
Moulin

Լասլո Նեմեշ
Ֆրանսիա, Բելգիա, ԱՄՆ

1943 թվականի հունիսին ֆրանսիական Դիմադրության շարժման առաջնորդ Ժան Մուլենը (Ժիլ Լելուշ) ձերբակալվում է «Գաղտնի բանակի» (Armée Secrète) ուժերը վերամիավորելու փորձի ժամանակ։ Լիոնում Գեստապոյի ղեկավար Կլաուս Բարբին անձամբ է վարում հարցաքննությունները: Սկզբում նա առաջարկում է քննիչի ու կասկածյալի միջև դասական հոգեբանական խաղ: Արդյունքի չհասնելով՝ դաժան խոշտանգումների է ենթարկում Մուլենին։

Լասլո Նեմեշը (Սաուլի որդին, Մայրամուտ) այստեղ հետ է կանգնում իր այցեքարտային վիզուալ ոճից. Մուլենում չկան օպերատորական շրջապտույտներ և մեկ կադրով նկարված տեսարաններ: Ձևաչափն ավելի ավանդական է, կարելի է նմանեցնել, օրինակ, Ռոման Պոլանսկու ուշ շրջանի պատմական կինոյին՝ Դաշնակահարը, Սպան և լրտեսը:

Բայց ծանրաքաշ, միապաղաղ վիզուալ ֆորմալիզմը մի կողմում թողնելով՝ Նեմեշը մնաց առանց «ձևական» շղարշի և մերկացրեց իր կինոյի բովանդակային խնդիրները: Մուլենում նրան մնում են միայն պլակատային մետաֆորները՝ գնացքի հնոցը «վերածվում է» դիակիզարանի:

A MAN OF HIS TIME.jpg

Մեր փրկությունը
A Man of His Time

Էմանուել Մարր
Ֆրանսիա, Բելգիա

Լավագույն սցենարի համար պարգևատրված Մեր փրկությունը (միջազգային անվանումը՝ Իր ժամանակի մարդը) Նեմեշի ֆիլմի հակոտնյան է․ այն հետազոտում է Վիշիստական ֆրանսիայի մյուս կողմը:

Պատմության կենտրոնում է մարշալ Պապենի հավատարիմ հետևորդ, կոլլաբորացիոնիստ գրող և բյուրոկրատ Անրի Մարրը (Սվան Առլո): Ուշագրավ է, որ կինոփառատոնին քառասունականների Ֆրանսիայի մասին էր նաև արտամրցութային Դե Գոլը, որում գեներալին մարմնավորում է Սիմոն Աբգարյանը:

Ռեժիսոր Էմանուել Մարրի նախորդ՝ Թքած ունեմ ֆիլմում բորտուղեկցորդուհու քրոնիկոնները ներկայացվում էին գրեթե մոքյումենտարիի ֆորմատում՝ կերպարին անվերջ հետևող, անախորժ ու զավեշտալի իրադրություններում բռնացնող կամերայի միջոցով: Նույնը՝ Մեր փրկությունում։ «Անլուրջ» ձևաչափն աշխատում է նաև պատմական սեթինգում:

Ֆիլմը հագեցած է աուդիովիզուալ կոնտրապունկտներով ու երաժշտական անոխրոնիզմներով։ 40-ականների Ֆրանսիայում հնչող 70-80-ականների փոփ-հիթերը (Alphaville-ի Sounds Like A Melody-ն, OPUS-ի Live Is Life-ը, Hot Butter-ի Popcorn-ը) միաժամանակ «սովորականացնում» ու «տարօրինակեցնում» են կինոն։

Չնայած այս խաղերին՝ բյուրոկրատ Մարրի շփոթված, մոլորված դեմքի արտահայտությունը Մուլենի հերոսական ճիչից ավելի իրական է թվում: Ու Սվան Առլոյի՝ Ժիլ Լելուշից մի տասը գլուխ խարիզմատիկ լինելը միակ պատճառը չի։

Միֆերը քանդելու ընթացքում Մարրը հեգնում է անգամ ամենասուրբը՝ Մարսելյեզը: Նեմեշի ֆիլմում Մարսելյեզի կատարման հերթական պաթետիկ տեսարանն էինք տեսնում. դիմադրության անդամները վերջին երգն են երգում գնդակահարվելուց առաջ: Մեր փրկությունում էլ Մարսելյեզով ոգեշնչող դրվագ կա՝ երգում են կոլլաբորացիոնիստ նախարարները:

Գերմանական օկուպացիոն ուժերն ինչքան էլ արգելեին, Մարսելյեզը մնում էր վիշիստական իշխանության ոչ պաշտոնական օրհներգը:

A MAN OF HIS TIME 1.jpg

Պատմությունը ռեժիսորի համար ծայրահեղ անձնական է՝ դա կարելի է կռահել արդեն հերոսի ազգանունից (Անրին Էմանուելի պապն է): Ոչ բոլորը խիզախություն կունենան կիսվել ընտանեկան այսպիսի անցյալով ողջ աշխարհի հետ: