Home / Մշակույթ / Մինսկի սինդրոմ աշխարհի վերջի նախաշեմին

Մինսկի սինդրոմ աշխարհի վերջի նախաշեմին

Ֆյոդոր Օզերովի կարապի երգը
The Swan Song of Fedor Ozerov / Лебядзіная песня Фёдара Озерава
Յուրի Սեմաշկո / Yuri Semashko
78′
Լիտվա, Գերմանիա, 2025

Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ նոր տարվա գիշերը միջուկային զենք կկիրառի: Աշխարհը տագնապի մեջ է: Դատաստանի օրվա ժամացույցին տասներկուսից վայրկյաններ են պակասում: Բայց երիտասարդ երաժիշտ Ֆյոդոր Օզերովին սա առանձնապես չի հետաքրքրում: Նա ավելի լուրջ խնդիր ունի․ չի գտնում իր մարգարտածաղիկներով սվիտերը՝ տեղական «կվարտիրնիկների» լեգենդ, որը ժառանգել է ավագ սերնդի ռոքերից։ Ֆյոդորը վստահ է, որ շորը մոգական, ոգեշնչող ուժ ունի։ Իր լավագույն երգերը նա գրել է այդ սվիտերը հագին։

F OZEROV IMAGES (5)սքրինշոթ ֆիլմից

Բելառուսցի ռեժիսոր Յուրի Սեմաշկոյի՝ Ֆյոդոր Օզերովի կարապի երգը նկարված է անշուք բնակարաններում և փողոցներում: Հատուկ դեկորացիաներ չկան, ակնհայտ է բյուջեի սակավությունը, դերասանների սիրողական խաղը, դիալոգների «մամբլքորային»1 չմշակվածությունը։ Ֆիլմը ուսանողականի տպավորություն է թողնում: Այն գրավում է իր անմիջականությամբ, չարաճճի անլրջությամբ, ակնհայտ թերություններով։

Օրերը նմանվում են մեկը մյուսին։ Ֆյոդորը ստեղծագործական ճգնաժամի մեջ է, նա փորձում է խումբ հավաքել, տեղադրում է իր հերթական հայտարարությունը և կիսում դոշիրակը երկու մասի, որ «վաղվան էլ հերիքի»։ Աննպատակ սվայփում է թինդերը, ուղղակի նայում է առաստաղին։ Գեյմեր-հարևանը դուրս չի գալիս սենյակից՝ ապրում է իր անվերջանալի խաղային սթրիմում: Փողոցային հարբեցողը խանդավառությամբ նկարագրում է սլավոնաֆիլների սրբազան պայքարն ընդդեմ արևմտամետների։ Նա վստահ է, որ «Ֆյոդորը» կարգին սլավոնական անուն է։ Ինքնանույնացման խնդիրները և կապերի խզվածությունը արտահայտվում են նաև որպես լեզվական կատակերգություն։ Մարդիկ բառացիորեն խոսում են տարբեր լեզուներով․ Ֆյոդորը՝ բելառուսերեն, մյուսները՝ ռուսերեն։

F OZEROV IMAGES (6)սքրինշոթ ֆիլմիցWeb

Համընդհանուր անտարբերությանը և մոլորությանը հակադրվող միակ կերպարը Ֆյոդոր Օզերովի քույրն է՝ Նինան, որը դեռ փորձում է ինչ-որ բան անել։ Օրինակ՝ պատրաստվում է գնալ հակապատերազմական ցույցի ռուսական դեսպանատան մոտ: Եսակենտրոն, ինքնամփոփ եղբորը համոզել, որ միանա իրեն, չի ստացվում։ Միայն կորսված սվիտերի՝ Ֆյոդորի Սուրբ Գրաալի որոնումներն են (հերոսի ազգանունն ի վերջո թույլ է տալիս նաև նման համեմատություններ անել) ստիպում նրան ճամփա ընկնել Մինսկի կիսամութ, անուրախ փողոցներով: 

Webսքրինշոթ ֆիլմից

Երրորդ գործողությունում իրականությունն ու առեղծվածը վերջնականապես միախառնվում են: Ֆյոդորի արկածները վերածվում են միֆի: Հունական առասպելը հարմարվում է հետխորհրդային անտուրաժին: Հակապատերազմական միտինգի ժամանակ զոհված քրոջը վերակենդանացնելու համար Ֆյոդորը, հետևելով Օրփեոսի օրինակին, ուղևորվում է մեռյալների արքայություն՝ մռայլ սովետական աստիճանավանդակով իջնում դեպի շենքի նկուղ: 

Որևէ ֆինանսական աջակցություն չունեցող բելառուսական անկախ կինոյի պարագայում «սիրողականությունը» դարձել է ոճական էլեմենտ: Արդեն Բելառուսից դուրս ստեղծված2 Ֆյոդոր Օզերովի կարապի երգի ընդգրկումը Բեռլինի կինոփառատոնի ծրագրում հարգանքի տուրք է տասնամյակների ընթացքում նկարված ու չնկատված «բելառուսական կորած կինոյին»3:

Webսքրինշոթ ֆիլմից

Ռեժիոսոր Յուրի Սեմաշկոյի նախորդ գործը՝ կարճամետրաժ Աղբի գլուխը, սյուժեի ու ոճի առումով օմաժ էր Դեյվիդ Լինչի Ռետինե գլխին: Լինչի ազդեցությունը նկատվում է նաև Կարապի երգում: Ֆիլմի բեռլինյան ցուցադրություններին Սեմաշկոն շապիկ էր հագնում՝ Ռետինե գլխից պատկերով: Երևի այն նույնպես ոգեշնչող ուժ ունի:

Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ

_______________________

1 Մամբլքոր՝ ԱՄՆ-ում 2000-ականներին ձևավորված անկախ կինո-շարժում, որի համար հատկանշական են փոքր բյուջեն, ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությունը, բնական երկխոսություններն ու իմպրովիզացիան:
2 Ֆիլմի ստեղծագործական կազմի հիմնական մասը հեռացել է Բելառուսից դեռ 2022 թվականին:
3 «Բելառուսական կորած կինոյի» մասին: