Home / Հայաստան / Որ այս անդունդները փակվեն

Որ այս անդունդները փակվեն

Երևանի էլիտար թաղամասերից մեկի բնակիչները լրագրողներին հրավիրել էին իրենց փոսերը տեսնելու։

Երկուհազարականներին նախագահական նստավայրի հետնամասում սկսեցին կոմպակտ բնակավան կառուցել ափեր-միդլ-կլասի համար՝ ցածրահարկ շենքեր, մեծ պատուհաններ, պատշգամբներ և բացօթյա լոջաներ, պահակակետեր, կանաչապատ զոնաներ կենդանիների համար։ Էլիտար թաղամասը շուտով սկսեց ընդարձակվել, և բնակիչները հայտնվեցին հավերժական շինհրապարակի կենտրոնում։

Screenshot 2026-03-14 225323

Screenshot 2026-03-14 225248

Գոհար Գասպարյան փողոցում ապրող տղամարդիկ մարտի 14-ին բողոքի ակցիա էին կազմակերպել, որպեսզի պատմեն քաղաքապետարանի անբարեխիղճ աշխատանքի մասին։ Ճանապարհը քանդված է արդեն ավելի քան 6 տարի։ Ասֆալտը շարքից դուրս է եկել, ամենուրեք փոսեր են, «մեքենաները փչանում են, կանայք և աղջիկները քայլում են ցեխերի միջով», մարդիկ փոշի են շնչում, և «նույնիսկ շտապօգնության մեքենաներն են խուսափում այցերից»։

800-մետրանոց փողոցի վերանորոգման համար քաղաքապետարանը երկար տարիներ գումար չի հատկացրել։ Ակցիան լուսաբանող լրագրողներն այստեղ դիտավորություն են տեսնում․ «ապահովված հարկատուներն» այս իշխանության ընտրազանգվածը չեն։ Բայց բնակիչները քաղաքական հայտարարություններ չեն անում, նրանք բողոքում են ցածրորակ սերվիսից և քաղաքաշինական գերատեսչություններում արհեստավարժության պակասից, պահանջում են այն, ինչին արժանի են՝ նորմալ պայմաններ «ինչպես Շվեյցարիայում»։

IMG_5743

IMG_5757

Երեք տարի առաջ նրանք փող են հավաքել (մարդահաշվով 30 հազար դրամ, ընդհանուր՝ մոտ 3-4 միլիոն), որ ինքնուրույն կարկատեն փոսերը։ Հատվածական վերանորոգումը երկար չի ձգել։ Թաղամասում կլոր տարի շինարարություն է, անընդհատ բեռնատարներ, ծանր տեխնիկա, թրթուրավոր մեքենաներ են անցնում, մեկը մյուսի հետևից կառուցվում են նոր շենքեր։ «Բայց ռեալ ապրող մարդիկ շատ չեն», տների մի զգալի մասը մինչև հիմա կիսադատարկ է։ Այստեղ անշարժ գույքը գնվում է ոչ միայն ապրելու, այլև ներդրվելու համար՝ ասում է ցուցարարներից մեկը, որն առնվազն երկու բնակարան ունի Վերին Անտառայինի նորակառույցներում։

Screenshot 2026-03-14 225918

IMG_5745

Քանդված փողոցի եզրերին էլիտար շենքեր են, բարձրահարկերի պանորամային պատուհանները նայում են ուղիղ Ազգային ժողովին, շուրջբոլորը՝ փլված սարայներ, գովազգային գրաֆիտիներ, որ հղվում են բիթքոինով թմրանյութեր վաճառող տելեգրամ-ալիքներին, շինարարական թափոններ, կենցաղային աղբ, մեջտեղում՝ գազոնապատ տարածք անգլալեզու ցուցանակներով, որոնք հորդորում են հավաքել տնային կենդաների արտաթորանքը։

Շենքերից մեկի բաց լողավազանը ծածկվել է փոշով։ Փողոցի սկզբնամասում հանդիպում ենք աշխատանքի գնացող մաքրուհիների։

IMG_5754

Screenshot 2026-03-14 230029

IMG_5746

Թաղամասի պահակախմբից մեկը դեռ տեղյակ չէ, որ բնակիչներն ակցիա են անում, և արգելում է նկարահանել բնակելի շենքերը․ «Անձնագիր ցույց տվե՛ք, չի կարելի նկարել, երբ որ նկարում եք՝ դա ՉէՊէ է իմ վրա»։

Screenshot 2026-03-14 230234

Screenshot 2026-03-14 230203

Մեջբերումներ բողոքի ակցիայի մասնակիցներից․

— Մեր փողոցը՝ Գոհար Գասպարյան, որը նախկինում Վերին Անտառայինն է, արդեն 6 տարի է՝ Կենտրոն համայնքի ամենավատ վիճակում գտնվող փողոցն է։ 

— Անցած տարի խնդրեցինք կառուցապատողին, որ բետոնամեշալկի տակը մնացած բետոնը, որը սենց թե նենց պիտի թափեին, բերեն լցնեն ստեղի փոսերի մեջ, որպեսզի այս անդունդները փակվեն։ Այ էտ օրին ենք հասել։

— Ու սա քաղաքի կենտրո՛նն է, հետն էլ պրեստիժնի ռայոն։

— 3 տարի առաջ 6 շենքով մի 4 միլիոն փող ենք գցվել, որ փոսալցումներ անենք այս 800 մետրի վրա։ Միանգամից փչացավ։

— Մեկ-մեկ քարեր-մարեր ենք բերում, որ մեծ փոսերը փակենք։ Անցած տարի աշնանը հող լցրեցինք։ Բայց անձրևից հետո նորից փոսեր եղան։

— Մի տարի դիմեցինք քաղաքապետարան, պատասխանեցին, որ շինարարությունը հենց վերջանա, իրենք կասֆալտապատեն։ Շինարարությունը երբեք չի վերջանում։ Մի շենքը սարքում են, մյուսն են սկսում։

— Ներքևի փողոցը նորմալ ասֆալտապատած է, վերևինն էլ է նորմալ ասֆալտ արած։ Մենակ մեր 800 մետրն է այսպիսի վիճակում։

— Գրագետ քաղաքաշինական մոտեցումն այստեղ ի սպառ բացակայում է։

— Էլ չենք ասում, որ հետիոտնի համար մտածված չէ ոչ մի բան։ Կին-երեխա, աղջիկներ, կին-արմատ գնում են, փոսերի մեջ՝ ցեխ, ջուր, մեքենան մի հատ թափով անցնում է, դառնում է հայոց պատմություն՝ պրոբլեմ, անշնորքություն, իսկ ո՞վ է մեղավորը։ Մեղավորը քաղաքապետարա՛նն է։

Screenshot 2026-03-14 225437

vlcsnap-2026-03-14-23h49m24s957

Screenshot 2026-03-14 225938

— Ոչ ճանապարհի վերանորոգում է արվել, ոչ մաքրման աշխատանքներ, աղբը թափված է բոլոր այս շենքերի կողքերով, և մենք բնակիչներով ենք կազմակերպում, որ աղբը հավաքենք։ Մոտակա աղբամանը 500 մետր էն յան է։

— Ես արխիտեկտոր չեմ, բայց ինչքան գիտեմ մի կիլոմետր գրագետ, ֆունդամենտալ, կապիտալ շինարարությունը մոտավորապես 800 հազար դոլար արժի։ Գոյություն ունեն քաղաքաշինական նորմեր, որոնք Եվրոպայում, աշխարհի նորմալ տեղերում ընդունված են։ Քընեքշնները՝ ջրատարը, էլեկտրական սնուցումը, կաբել-մաբել և մնացածը, ամեն անգամ չպիտի քանդեն, բացեն, քանդեն, բացեն։ 

— Կառուցապատողը մեղավոր չէ՛։ Մենք դիմում ենք քաղաքապետարանին՝ թող գրագետ վերաբերվեն, հոգատար վերաբերվեն մեր երկրին, մեր ամեն մի փողոցին, ու ինչ որ անում են, թող որակով անեն, ոնց որ Շվեյցարիայում է։

— Լուսավորություն էլ չունենք։