20 ֆիլմ մանկության մասին
Երեխաների միջազգային օրվա առթիվ Cinescope-ի* կազմած կինոընտրանին, որը չհրապարակվեց հունիսի 1-ին, հրապարակում ենք այսօր՝ մեծահասակների «լռության» վերջին օրը։
Չորս հարյուր հարված
Les Quatre Cents Coups
Ֆրանսուա Տրյուֆո, Ֆրանսիա, 1959
12-ամյա Անտուան Դուանելը բարդ պատանի է։ Մայրը զբաղված է իր անձնական կյանքով, որդու խնդիրների մեջ խորանալու ժամանակ ու հավես առանձնապես չունի։ Խորթ հայրը թուլակամ մարդ է, որը ազդեցություն չունի ոչ կնոջ, ոչ որդու վրա։ Ուսուցիչն էլ միայն պատժում է տղային։ Անտուանն ու նրա ընկերը գնալով ավելի հազվադեպ են դպրոցում երևում, փախչում են տնից։ Ոչ մի լավ բանի դա, իհարկե, չի բերում։
Ֆիլմը՝ որոշ չափով ինքնակենսագրական (ընդ որում՝ ոչ միայն Տրյուֆոյի, այլև գլխավոր դերակատար Ժան Պյեռ Լեոյի համար), ֆրանսիական Նոր ալիքի այցեքարտերից է։ «Չորս հարյուր հարվածը» նոր խոսք էր ժամանակի համար, հատկապես՝ ավանդական ու հնաոճ «հայրիկի կինոյի» ֆոնին: Առ այսօր այն համարվում է ֆրանսիական կինոպատմության կարևորագույն գործերից մեկը, որը զարկ տվեց «հեղինակի տեսության» զանգվածայնացմանը։
Անվանումը՝ մի փոքր անհասկանալի, տարօրինակ ու խորհրդավոր, գալիս է «faire les 400 coups» ֆրանսերեն դարձվածքից, որն օգտագործվում է «անպարկեշտ պահվածք», «չարաճճիություն», «մանկական խուլիգանություն» նշանակությամբ։
Զրո` վարքի համար
Zéro de conduite: Jeunes diables au collège
Ժան Վիգո, Ֆրանսիա, 1933
Վարքի համար զրոն ենթադրում է, որ հանգստյան օրեր չեն լինելու՝ ամենախիստ պատիժը փակ քոլեջում սովորող տղաների համար։ Պատանիներն ի վերջո պատերազմ են հայտարարում դաստիարակներին ու օյիններ բերում նրանց գլխին։
Փակ դպրոցը՝ որպես պետական համակարգի մակետ, մանրատիպար․ ուսուցիչներն այստեղ բյուրոկրատներ են, գողեր, այլասերվածներ։ Նրանցից ազատվելու՝ տղաների փորձերը համակրանք չառաջացնել չեն կարող, անգամ երբ նրանք արտասովոր, երբեմն էլ դաժան միջոցների են դիմում։
Ֆիլմը գրեթե անմիջապես հայտնվեց պահպանողական մամուլի թիրախում, կարճ ժամանակ անց՝ արգելվեց իշխանությունների կողմից՝ հիմնավորմամբ, թե այն կարող է զանգվածային անկարգություններ հրահրել և խաթարել հասարակական կարգը։
Միայն երկրորդ աշխարհամարտից հետո այն կրկին հայտնվեց կինոթատրոններում, բայց ըստ արժանվույն գնահատվեց միայն 50-ականների վերջում՝ Նոր ալիքի սկզբնավորման տարիներին․ «Զրո վարքի համարը», առհասարակ՝ Ժան Վիգոյի ստեղծագործությունները, անառարկելիորեն դրա գլխավոր ոգեշնչողների թվում են։
Տրյուֆոն, օրինակ, «Չորս հարյուր հարվածում» ուղիղ կրկնօրինակում է ֆիլմի որոշ դրվագներ։ Վիգոյի գործը շատերի վրա է ազդել՝ թեկուզ անուղղակիորեն («Բարի գալուստ կամ կամ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է», «Եթե…»)։ 1979-ին Ամերիկայում անգամ նկարահանվել է դրա ռոքնռոլային տարբերակը՝ «Ռոքնռոլի ավագ դպրոցը»։
Գերմանիա․ զրո թվական
Deutschland im Jahre Null
Ռոբերտո Ռոսելինի, Իտալիա, Գերմանիա, 1948
Տրյուֆոյի և նրա «Չորս հարյուր հարվածի» վրա մեծ ազդեցություն թողած ևս մեկ ֆիլմ։
Տղան թափառում է ավերակների վերածված քաղաքում՝ ուտելիք ու փող փնտրելով:
Նրա ընտանիքը բարոյալքված է, ավագ եղբայրը` նախկին զինվորական, թաքնվում է նոր իշխանություններից, հիվանդ հայրը գամված է մահճակալին:
Զրո թվական՝ այսպես էին անվանում պատերազմում պարտությանը հաջորդած մի քանի տարիները, երբ գերմանացի ժողովուրդն ասես հայտնվել էր խուլ անժամանակության մեջ։
Թանձր անթափանց մթնոլորտը ոչ մի վարկյան չի լիցքաթափվում․ կինոյի պատմության մեջ ամենասարսափելի և ողբերգական վերջաբաններից մեկն այստեղ թվում է բացարձակապես օրինաչափ։
Արգելված խաղեր
Jeux interdits
Ռենե Կլեման, Ֆրանսիա, 1952
Երկրորդ Աշխարհամարտ։ Հնգամյա Պոլետի ծնողները զոհվում են օդային հարձակումից, նրան առանց առանձնակի խանդավառության խնամքի է վերցնում գյուղական մի ընտանիք։ Պոլետն ընկերանում է որդեգիր ծնողների 11-ամյա տղայի՝ Միշելի հետ։ Նրանք միասին մահվան գաղտնի աշխարհ են ստեղծում․ կենդանիների և միջատների դիակներ հավաքելով՝ երեխաները սրբազան ծեսեր են կատարում նրանց հետ, իսկ հետո՝ թաղում լքված խորդանոցում․․․
Պատկերելով ողբերգական իրադարձությունները՝ Կլեմանը չի մոռանում հեգնել նաև գյուղացիների նիստուկացը․ ֆիլմում անգամ սև կատակերգության տարրեր են նկատվում։
Պատերազմը բթացնում է զգացմունքները, և մեծ հաշվով լավ մարդիկ սկսում են իրենց բացարձակ անսպասելի կերպով դրսևորել։ Նույնիսկ որդու մահը լաց ու հառաչանք չի առաջացնում՝ զուտ կենցաղային մոտեցում և առօրեական հոգսեր․ նորոգել դիակառքը, ծաղկեպսակ գնել, մաքրել գերեզմանը, որ կողքիններից ավելի պատկառելի երևա․․․
Աշխարհում, որտեղ մահը սովորական է, երեխաներին այլ բան չի մնում, քան վերածել այն խաղի։ Նրանք ստեղծում են սեփական՝ «ընտանի կենդանիների գերեզմանոցը»։ Մեծահասակներին այս գաղափարը դուր չի գալիս, նրանք վերաբերվում են դրան որպես անպարկեշտ մի բանի՝ առանց փորձելու հասկանալ նման վարքի արմատները։
Կես
Kes
Քեն Լոուչ, Մեծ Բրիտանիա, 1969
Ֆիլմը պատմում է 12-ամյա Բիլի Կասպերի մասին։ Բիլին չունի ընկերներ, դպրոցում նրան ծաղրում են թե հասակակիցները, թե ուսուցիչները։ Պատանին հանդիպում է վայրի բազեի և որոշում զբաղվել որսկան թռչուննների ընտելացմամբ։
«Կեսը» Քեն Լոուչի առաջին ֆիլմերից է (85-ամյա ռեժիսորը առ այսօր շարունակում է նկարահանել՝ գրեթե նույն պարբերականությամբ և սրությամբ, ինչ նախորդ դարում)։
Լոուչը ասոցացվում է ուլտրասոցիալական կինոյի հետ, որում պատկերվում է բրիտանացի պրոլետարների կյանքը՝ առանց առանձնակի գունազարդումների։ Վիզուալ բաղադրիչը երկրորդ պլան է մղվում․ նրա ֆիլմերում գլխավորը ռեալիզմն ու քաղաքական համատեքստն են։ Սա նկատելի է նաև «Կեսում», բայց դրան զուգահեռ այստեղ կա մեկ այլ՝ լոուչյան ֆիլմերի սովորական կառուցվածքին ոչ հատուկ շերտ․ ֆիլմը գրավում է ոչ միայն ամուր պատումով, այլև կինեմատոգրաֆիկ արտահայտչականությամբ։
Որոշ տեսարաններ դուրս են պրծնոմ ֆիլմի ընդհանուր հենքից ու ապրում սեփական կյանքով (օրինակ՝ կինոյի պատմության մեջ ցուցադրված հավանաբար ամենատարօրինակ ֆուտբոլային հանդիպումը)։ Դրվագը, երբ տղան դասարանում պատմում է՝ ինչպես է ընտելացրել իր բազեին, երևի ամենաազդեցիկն է: Սկզբում համադասարանցիներն առանձնակի ուշադրություն չեն դարձնում պատմությանը, ընդամենը մի քանի րոպե անց՝ շունչները պահած լսում։ Նույնը տեղի է ունենում նաև հանդիսատեսի հետ։
Շառաչ և ցասում
De bruit et de fureur
Ժան-Կլոդ Բրիսո, Ֆրանսիա, 1988
Գլխավոր հերոսը 13 տարեկան մի տղա է՝ Փարիզի աղքատ արվարձաններից, ով ստիպված է ընկերություն անել թաղի խուլիգանների հետ:
Հետաքրքիր է, որ ինչպես և «Կես»-ի հերոսի դեպքում, պատանու միակ ընկերը թռչուն է` Սուպերմեն անունով մի դեղձանիկ: Նրանից բացի՝ արտաքին միջավայրից վերացարկվել տղային առժամանակ օգնում են անուրջները, որոնցում նրան այցելում է հրապուրիչ փերին, ձեռքին՝ արծիվ (ֆրոյդիստական այս պատկերը հաճախ վերադառնում է Բրիսոյի հետագա ֆիլմերում):
Ֆիլմը կառուցված է հակասությունների համատեղման վրա. կոշտ ռեալիզմի կողքին տեսնում ենք գրոտեսկ ու աբսուրդ, սեռահասունացող դեռահասի կախարդական երազները հակադրվում են նողկալի իրականությանը:
Անվանումը հղվում է Ուլյամ Ֆոլքների հայտնի վեպին և Մաքբեթի մենախոսությանը։
Վաղը, և վաղը, և վաղը դարձյալ
Սողում է այսպես, հուշիկ, օրեցօր
Դեպ ժամանակի արձանագրված վանկը վերջնական.
Մեր երեկները լուսավորել են հիմարի ճամփան
Դեպի փոշոտ մահ: Հանգի՛ր, կարճ ճրագ,
Կյանքը մի քայլող ստվեր է միայն, խղճուկ դերասան,
Որ բեմի վրա փքվում է մի ժամ, գոռում ու գոչում
Եվ կորչում անհետ: Ապուշի պատմած
Պատմություն է մի ՝ շառաչ ու ցասում,
Իմաստը ՝ ոչինչ:
Բայց ֆիլմը սկսվում է Շեքսպիրի ողբերգության այլ տողերից, որոնք այստեղ կիրառվում են որպես բնաբան։
Սրանից առաջ էլ արյուն թափվել է.
Հին դարերի մեջ, նախքան մարդկային օրենսդրությունը
Հստակած լիներ ընկերությունը և մեղմափոխած․․․
Որտեղ է ընկերոջ տունը
Khane-ye doust kodjast?
Աբաս Քիառոստամի, Իրան, 1987
Քիարոստամիի՝ Քոքեռ գյուղի մասին պատմող եռապատման առաջին մասը:
Ֆիլմը պատմում է գյուղացի մի տղայի մասին, ով սխալմամբ տուն է տարել դասընկերոջ տետրը և անպայման պիտի այն վերադարձնի, հակառակ դեպքում ընկերը չի կարողանա անել տնայինները և կհեռացվի դպրոցից: Բայց դասընկերն ապրում է հարևան գյուղում, իսկ տղան չգիտի նրա տան տեղը։ Որոնումները վերածվում են իսկական արկածի:
Դիտելիս, կարծես, հայտնվում ես երեխայի աշխարհում՝ նրա հետ միասին վերապրելով թե վախը, թե հետաքրքրասիրությունը: Քիարոստամիի ֆիլմերին հատուկ է որոշակի դիդակտիզմ․ այստեղ էլ նա ասես խրատտու լինի, ով քարոզում է բարություն ու կարեկցանք մերձավորի նկատմամբ:
Համամարդկային արժեքների մասին պատմող այս պարզ ու հասկանալի ֆիլմը ժամանակին գերել էր բացարձակապես բոլորին: Լոկառնոյի կինոփառատոնում, օրինակ, «Որտեղ է ընկերոջ տունը» միանգամից մի քանի մրցանակ ստացավ, իսկ Քիարոստամին որոշակի ճանաչում ձեռք բերեց նաև Իրանից դուրս:
Ֆլորիդա նախագիծը
The Florida Project
Շոն Բեյքեր, ԱՄՆ, 2017
6-ամյա Մունին ու նրա երիտասարդ մայրը ապրում են էժան մոթելում՝ «Disney World»-ից քիչ հեռու։
Վառ ու զբարթ գույներով հագեցած այս ֆիլմը խոսում է տխուր, երբեմն էլ՝ սարսափելի բաների մասին։ Բեյքերն առաջին անգամ չի կիրառում այս մեթոդը․ նուjնը նա անում էր, օրինակ, «Մանդարինում»։
«Ֆլորիդա նախագծում» ուշադրության կենտրոնում երեխաներն են՝ նրանց խաղերը, չարաճճիությունները, փոքրիկ արկածները, որոնց ֆոնին ծավալվում են իրապես դրամատիկ իրադարձություններ։
Ճանապարհի երգը
Pather Panchali
Սաթյաջիտ Ռայ, Հնդկաստան, 1955
Պատմություն՝ բենգալյան գյուղում ապրող աղքատ ընտանիքի գոյատևաման պայքարի և աստիճանական անկման մասին։
Ռայը (սա, իդեպ, նրա առաջին ֆիլմն է) ազդված էր իտալական նեոռեալիզմից, ինչը իհարկե նկատելի է: Հնդկական ընտանիքի դժվար կենցաղը պատկերելու հետ մեկտեղ, նա անբացատրելիորեն հաջողում է նշմարել նաև հոգևոր-հայեցողականը:
Ֆիլմի առաջին կեսում ստեղծվում է պատրանք՝ ասես հերոսներն ապրում են ժամանակներից դուրս: Դժվար է անգամ գուշակել, թե որ ժամանակաշրջանն է այստեղ պատկերված: Ու միայն հեռվում անցնող գնացքն է ունակ ալեկոծել հեռավոր գյուղում բնակվող երեխաների միապաղաղ կյանքը։
«Ճանապարհի երգը» Ապուի եռապատման առաջին մասն է: Յուրաքանչյուր մաս նվիրված է գլխավոր հերոսի կյանքի որոշակի հատվածին` մանկությանը, պատանեկությանն ու հասուն տարիներին (Մաքսիմ Գորկու եռապատման օրինակով):
Քանի որ այս նյութը ծանոթագրական բնույթ ունի՝ թերևս հնարավոր չէ խուսափել գլխավոր կարծրատիպից, որը հանդիպում է Սաթյաջիտ Ռային և հնդկական հեղինակային կինոյին նվիրված գրեթե ցանկացած տեքստում․ ո՛չ, այստեղ չեն երգում և չեն պարում։
Մերկ մանկություն
L’enfance nue
Մորիս Պիալա, Ֆրանսիա, 1968
10-ամյա Ֆրանսուայի մայրը հրաժարվում է իրենից և հանձնում ուրիշների խնամքին։ Երեխան հայտնվում է որդեգիր ծնողների տանը, ովքեր, ի վերջո, ևս որոշում են հրաժարվել նրանից։ Այդ մասին իմանալուց հետո Ֆրասուան սպանում է նրանց դստեր կատվին, որի մասին հենց ինքն էլ հոգ էր տանում։
Կենտրոնում ձանձրույթից ու ջղայնությունից տառապող պատանին է, որն իրեն վանդակված է զգում: Նրա գործողությունները հաճախ պարադոքսալ ու անտրամաբանական են: Անկեղծ քնքշանքին կարող է հաջորդել անտանելի դաժանությունը:
Չնայած պատմության առանցքում երեխան է, չի կարելի ասել, որ իրադարձություններին հետևում ես հենց նրա տեսանկյունից։ Մորիս Պիալան, ամեն դեպքում, պահպանում է որոշակի հեռավորություն:
Կան իրավիճակներ, որոնք ելք ուղղակի չունեն: Ահա և Պիալան (ակնհայտորեն տպավորված Տրյուֆոյի «Չորս հարյուր հարվածից») չի էլ փորձում առաջարկել ինչ-որ լուծում և, ամենակարևորը, չի ընկնում բարոյախոսական պաթոսի մեջ: Սա ֆիլմ-դիտարկում է, որը չի տալիս պատասխաններ, իսկ հերոսը կարծես այդպես էլ մնում է մինչև վերջ չբացահայտված:
Լիալուսնի թագավորություն
Moonrise Kingdom
Ուես Անդերսոն, ԱՄՆ, 2012
20-րդ դարի 60-ականներ։ Նոր Անգլիայում ապրող դեռահաս սիրահարները փախչում է մեծերից։ Հայտնաբերելով, որ նրանք անհետացել են` տեղի շերիֆը հետաքննություն է սկսում, իսկ բոյսկաուտական ճամբարի ղեկավարը՝ հավաքում որոնողական ջոկատ․․․
Նուրբ ու վառ հեքիաթ մանկական էսկապիզմի մասին՝ ստեղծված վերջին տասնամյակների գուցե ամենաճանաչելի ռեժիսորներից մեկի` Ուես Անդերսոնի հեղինակային ոճով։
Տեսախցիկի աշխատանքը, երկրաչափական համաչափությունը, մշտական կենտրոնադրումը, դերասանների շարժուձևը․․․ տպավորություն է, կարծես ոչ թե գեղարվեստական ֆիլմ ես դիտում, այլ տիկնիկային ներկայացում:
Այս ամենը եղել է նաև «Թագավորությունից» առաջ, բայց նախկինում երբեք Անդերսոնը նման կերպ չի շեշտադրել հենց երեխաների կերպարները ու, ամեն դեպքում, չի նկարել այսքան վառ-հեքիաթային-կոնֆետային ոճի մեջ։ Այդ իսկ պատճառով շատերը «Թագավորությունն» ընկալեցին որպես զուտ մանկական ֆիլմ (սխա՛լ մոտեցում)։
Բարդ է այս համատեքստում չհիշել մեկ այլ ոճային (կամ, ավելի ճիշտ, ոճավորված) ֆիլմ մանկական «ավազակության», պատանեկան առաջին սիրո և «համատեղ փախուստի» մասին՝ Ռիչարդ Այոադիի «Սուզանավը»։
Բարի գալուստ, կամ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է
Добро пожаловать или посторонним вход воспрещен
Էլեմ Կլիմով, ԽՍՀՄ, 1964
Կոստյա Ինոչկինին հեռացնում են պիոներական ճամբարից՝ որպես կարգապահության չարամիտ խախտողի։ Այստեղ ևս նա որոշում է ընդդիմանալ և ծածուկ վերադառնում է ճամբար։
«Բարի գալուստում․․․» կարելի է նկատել այն ժամանակների կինոյի համար բավական անսպասելի ուղերձ՝ սահմանված կանոններին հետևելը գուցե լավ է, բայց՝ ձանձրալի, հետևաբար՝ մեկ-մեկ կարելի է նաև ուրախանալ:
Կինոյի հիանալի օրինակ՝ անվնաս (և ոչ միայն) չարաճճությունների և մանկական երևակայության ազատության մասին՝ լի ծայրահեղ աբսուրդային, երբեմն էլ՝ պարզապես ֆանտաստիկ տեսարաններով։
ԽՍՀՄ-ում, անգամ «մանկական» կինոյի շրջանակներում, դժվար էր այսպիսի մտահղացում իրագործել, առավել ևս՝ ստանալ սովետական կինովարձույթ թողարկելու իրավունք: Առանձնահատուկ է ֆիլմի՝ մեծ էկրաններ հասնելու պատմությունը:
Սկզբում գրաքննիչներն, իհարկե, այստեղ գտան «հակասովետական տրամադրություններ» և նույնիսկ Նիկիտա Խրուշչովի թաքնված պարոդիան։ Ֆիլմը միանգամից արգելվեց․․․և, կարելի է ասել, հրաշքով հասավ հենց Խրուշչովին, ով ամբողջ սեանսի ընթացքում ծիծաղելուց հետո անձամբ «դաբռո տվեց»։
Տարիներ անց Կլիմովը ևս մի ֆիլմ կնկարի մանկության մասին, բայց այս անգամ՝ լրիվ հակառակ տրամադրությամբ: Խոսքն, իհարկե, «Գնա ու նայիր»-ի (1985) մասին է, որը Երկրորդ աշխարհամարտի սարսափն ու արհավիրքները ներկայացնում է պատանու դիտակետից:
Իվանի մանկությունը
Иваново детство
Անդրեյ Տարկովսկի, ԽՍՀՄ, 1962
Եվ մեկ ֆիլմ «պատերազմական» երեխաների մասին՝ թեև ոչ այնքան ֆիզիոլոգիապես բաց և սարսափեցնող, որքան Կլիմովի «Գնա ու նայիր»-ը։
Տարկովսկու հայեցողական կինեմատոգրաֆի կոնտեքստում «Իվանի մանկությունը» դիտարկվում է որպես նրա ամենակոնվենցիոնալ ստեղծագործությունը։ Արդեն այս ֆիլմում հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին (մինչպատերազմական կյանքը ցուցադրող պարբերական ֆլեշբեքերը, տեսախցիկը, որը երբեմն կարծես մոռանում է հերոսների մասին ու կենտրոնանում բնության վրա, և այլն)։ Տարկովսկին այստեղ անգամ սեփական երազներն է էկրանավորել։ Առաջին հայացքից այս մեթոդն առանձնապես չպիտի նպաստի սյուժեի զարգացմանը, բայց իրականում հե՛նց դա է օգնում կառուցել վաղաժամ մեծացած տղայի արտասովոր աշխարհը և ավելի սաստկացնում մանկական անհոգության և հարկադրված հասունացման միջև հակադրությունը։
Տարկովսկուն, ի տարբերություն Երկորդ համաշխարհայինի մասին նկարող շատ այլ ռեժիսորների, իր կերպարի «հերոսացումն» այդքան էլ չի հետաքրքրում։
Վազորդը
Davandeh
Ամիր Նադերի, Իրան, 1984
Ամիր Նադերիի ֆիլմը (նեոռեալիզմի ոգով լցված) պատմում է անտուն մի տղայի մասին, ով հակառակ բազմաթիվ դժվարություների՝ կանգ չի առնում՝ ասես մշտական շարժման մի խորհրդանիշ:
Ամիր Նադերին առհասարակ ամենաչգնահատված ռեժիսորներից է ո՛չ միայն իրանական, այլև համաշխարհային կինոյի կոնտեքստում: Նրա ֆիլմոգրաֆիայում կարելի է առանձնացնել մի քանի բացարձակապես տարբեր շրջաններ․ իր «վազորդի» պես՝ նա անցնում է տարբեր փորձությունների միջով, բայց կանգ չի առնում՝ շարունակելով նկարել փոփոխվող պայմաններում, երկրներում, քաղաքական իրավիճակներում: Մինչև հիմա։
Փեթակի ոգին
El espíritu de la colmena
Վիկտոր Էրիսե, Իսպանիա, 1973
Գլխավոր հերոսը` Անան (6-ամյա Անա Տորենտի հրաշալի կատարմամբ), Ֆրանկենշտեյնի կինոյից ազդված, ստեղծում է իր սեփական աշխարհը` բնակեցված ուրվականներով ու հրեշներով: Պատրանքներն ու իրականությունը, ճշմարտությունն ու հորինվածքը միահյուսվում ու խճճվում են երեխայի գիտակցության մեջ այնպես, որ անգամ հանդիսատեսն է կասկածում այս աշխարհի ճանաչելիության մեջ։
Ֆիլմի սյուժեն ուղիղ հղվում է վաղ շրջանի հոռորին (նույն Ֆրանկենշտեյնն այստեղ նշանակալի դեր է խաղում), թեև «Փեթակի ոգին» ինքը ավելի շուտ առաջին «հակահոռորն» է (ինչպես, օրինակ, Անտոնիոնիի «Ֆոտոոխոշորացումը» առաջին «հակադետեկտիվն» է):
Էրիսեն խաղում է ժանրի հետ՝ օգտագործելով դրա հայտնի ատրիբուտները` կպչուն մթնոլորտ, վախենալու մանկական պատմություններ, նույնիսկ լքված տուն կա դեղին դաշտի մեջտեղում (գունային գամման ու կադրի կառուցվածքը կարծես ներշնչված են ամերիկացի նկարիչ Էնդրյու Ուայեթի գերող կտավներից):
Նա պատկերում է դաժան աշխարհը՝ երեխայի պրիզմայով, խաղում ժանրերի հետ, անդրադառնում 20-րդ դարի Իսպանիայի պատմությանը ու, իհարկե, սեր խոստովանում կինոյին:
Անշուշտ, հենց «Փեթակի ոգուց» և այս ընտրանու հաջորդ ֆիլմից է ոգեշնչվում նաև Գիլիերմո դել Տորոն՝ իր հայտնի «Ֆավնի Լաբիրինթոսում» (թեկուզ և պարզեցնելով պատումի կառուցվածքը․ իրականն ու հորինվածքը այստեղ արդեն հստակորեն տարանջատված են):
Կերակրիր ագռավին
Cría cuervos
Կառլոս Սաուրա, Իսպանիա, 1975
Ֆիլմից ստացած զգացմունքներն ու կինոդիտման անձնական փորձը բարդ և անգամ որոշակի մակարդակում վտանգավոր է բառերով նկարագրել, քանի որ զգացմունքային-ինտուիտիվը վերբալ դաշտ բերելու ընթացքում մեծ է հավանականությունը խճճվելու կամ առհասարակ կորցնելու բուն էությունը:
Շատ բան կապում է այս ֆիլմը «Փեթակի ոգու» հետ: Փոքրիկ հերոսը (գլխավոր դերում կրկին Անա Տորենտն է) այստեղ էլ ապրում է իր կողմից հորինված փակ աշխարհում․ ստացվում է կրկին բազմաշերտ մի այլաբանություն՝ երեխայի աշխարհընկալման, ինքնաներշնչանքի ուժի, նրա երազների, վախերի և, իհարկե, մահվան մասին:
«Կերակրիր ագռավին»-ում էլ ավելի բացահայտ է պատմաքաղաքական ենթատեքստը: Սաուրան ֆիլմը նկարում էր դիկտատուրայի վերջին տարիներին. գեներալ Ֆրանկոն արդեն ծանր հիվանդ էր: Ֆիլմն այս ենթատեքստում ինքնաբերաբար մեկնաբանվում է նաև որպես Իսպանիայում ֆաշիզմի անկման պատմության այլաբանություն:
«Կերակրիր ագռավին, և նա աչքերդ կհանի․․․»
Թիթեղյա թմբուկը
Die Blechtrommel
Ֆոլկեր Շլյոնդորֆ, Գերմանիա, 1979
Եթե «Կերակրիր ագռավին»-ը ֆիլմ է ֆաշիզմի մահվան մասին, ապա «Թիթեղյա թմբուկը» պատկերում է դրա ծագումը․ սյուրռեալիստական այս առակը ևս բավականին ընդարձակ տարածք է թողնում՝ կերպարների ու իրադարձությունների բազմաթիվ մեկնությունների համար:
Ֆիլմի հիմնական հատվածը պատմում է այն տարիների մասին, երբ նացիոնալ-սոցիալիստական գաղափարները նոր-նոր էին տարածում գտնում: Փոքրիկ տղան՝ հիասթափվելով մեծահասակների աշխարհից, հրաժարվում է մեծանալ:
Բայց անմասն մնալ չի հաջողվի։ Իրականության հետ բախումն անխուսափելի է, և այդ կետում մնում է զայրույթն արտահայտելու մի միջոց՝ գոռալ ու թմբկահարել:
«Թիթեղյա թմբուկը» հիմնված է Գյունթեր Գրասի համանուն վեպի վրա: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ գիրքն ու դրա էկրանավորումը համարվում են համարժեք գլուխգործոցներ:
Ոչ մեկով պակաս
Yi ge dou bu neng shao
Չժան Իմոու, Չինաստան, 1999
Փոքրիկ լեռնային գյուղում բնակվող 13-ամյա Վեյ Մինչժին ստիպված է փոխարինել դպրոցի ուսուցիչ Գաոյին։ Վերջինս Վեյից խոսք է վերցնում, որ իր բացակայության ընթացքում 28 աշակերտներից ոչ մեկը չի թողնի ուսումը։ Բայց շուտով հենց դա էլ տեղի է ունենում, և Վեյը լծվում է իր խնամյալին գտնելու գործին՝ մեկնելով մեծ քաղաք։
Եթե ֆիլմի վերջաբանը հնարավոր է չափազանց «հեքիաթային» անվանել, այն, ինչ նախորդում դրան, բավականին հոռետեսական մի պատկեր է, որի միակ լուսավոր կետը գլխավոր հերոսուհու դիմացկուն կերպարն է։
Գյուղի աղքատությունը հանգեցնում է նրան, որ մանկահասակ երեխաները ապրուստ հայթայթելու համար ստիպված են մեկնել քաղաք, որտեղ իշխում է դիմացինի նկատմամբ համընդհանուր անտարբերությունը: Մարդիկ իրենց ռոբոտի պես են պահում. կանոններին անառարկելիորեն հետևելը հանգեցնում է մարդկայինի տոտալ կորստին (սա արդեն փաստացի ռեժիմի քողարկված քննադատություն է)։ Իսկ եթե մարդկային որևէ բան անգամ հայտնվում է, ապա, ամենայն հավանականությամբ, շահադիտական նպատակներով։
Ոչ ոք չգիտի
Dare mo shiranai
Հիրոկաձու Կորեեդա, Ճապոնիա, 2004
Չորս քույր ու եղբայր իրենց մոր հետ երջանիկ ապրում են Տոկիոյի մի փոքրիկ բնակարանում։ Բոլոր երեխաները տարբեր հայրեր ունեն։ Դպրոց երեխաներից ոչ մեկը չի հաճախել, իսկ նրանցից երեքի բուն գոյության փաստը գաղտնի է պահվում տանտիրոջից։
Մի անգամ մայրը հեռանում է՝ թողնելով մի քիչ փող ու մի գրություն, որում 12-ամյա որդուն խնդրում է հոգ տանել մյուսների մասին։ Այստեղ սկսվում է երեխաների ոդիսականը՝ ճանապարհորդություն, որի վերջնակետը ոչ ոք չգիտի։
Կորեեդային հատուկ են չափավոր տեմպն ու «հանգիստ» ոճը, ինչի շնորհիվ նրան հաճախ անվանում են ճապոնական և համաշխարհային կինոյի դասական Յասուձիրու Օձուի հետնորդը:
Երկու ռեժիսորներին միավորում է ևս մի բան` սյուժեի առանցքում գրեթե միշտ ընտանիքն է ու դրա անդամների միջև փոխհարաբերությունները։ Բացի այդ, ինչպես Օձուի, այնպես էլ Կորեեդայի մոտ որպես գլխավոր հերոսներ հաճախ հանդես են գալիս երեխաները. «Ոչ ոք չգիտի»-ում մեծահասակ կերպարներ գրեթե չկան:
Համաչափության դասեր
Aslannyń sabaqtary
Էմիր Բայգազին, Ղազախստան, 2013
Բուժզննման ընթացքում 13 տարեկան Ասլանը բոլորի աչքի առաջ ստորացվում է «դասարանի նայողի» կողմից։ Այս միջադեպը սնուցում է նրա թաքնված խանգարումները։
Ֆիլմումն անդրադառնում է մանկական ագրեսիային ու դպրոցական բուլիինգին։ Բայգազինին հաջողվում է գտնել կարևոր թեմայի ու հեղինակային էսթետիկայի համաչափությունը․ նման խնդիրների մասին ֆիլմերում չափազանց դժվար է հեռավորություն պահել բովանդակությունից և չգլորվել դեպի «չեռնուխա»:
Ղազախստանում ֆիլմը սուր քննադատության արժանացավ։ Ցուցադրությունները պատրաստ էին անգամ արգելել․ պաշտոնյաները ժխտում էին, որ տեղի դպրոցներում կարող են գողական բարքերով առաջնորդվող կիսաքրեական խմբավորումներ գործել։
Դպրոցական հալածանքներին անդրադարձող ֆիլմերը քիչ չեն: Խորհրդային միության համար, օրինակ, առանձնակի կարևոր էր Ռոլան Բիկովի «Խրտվիլակը», որտեղ սովետական դպրոցականների փոխհարաբերությունները պատկերվում էին անսպասելի ազնվությամբ:
__
* Cinescope-ը (Ալեքսանդր Մելյան, Աստղիկ Ասլանյան) Երևանում գործող կինոկոլեկտիվ է։ Նկարում է վիդեոէսսեներ, ձայնագրում փոդքասթներ, հավաքում կինոկոլաժներ, գրում գրախոսականներ։ Սինեսկոպին կարելի է հետևել ֆեյսբուքում, ինստագրամում, տելեգրամում, պարբերաբար՝ նաև Epress․am-ում։
* Շապիկի լուսանկարը և վերնագիրը՝ «Ցտեսություն, երեխաներ», հղում են Լուի Մալի 1987 թվականի համանուն կինոնկարին, որը կարելի է համարել ընտրանու 21-րդ ֆիլմը։