Cinescope-ը1 առանձնացրել է կին ռեժիսորների 20 նշանավոր ֆիլմեր2, որոնք պատմում են տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում, տարբեր կյանքերով ապրած տարբեր կանանց մասին։
Մարգարտածաղիկներ
Sedmikrásky
Վերա Խիտիլովա, Չեխոսլովակիա, 1966
«Մարգարտածաղիկները» 60-ականների ամենառադիկալ ավանգարդային ֆիլմերից մեկն է․ Խիտիլովան փորձարկումներ է անում ձևի և բովանդակության հետ:
Գլխավոր հերոսուհիները՝ մանուկ դեմիուրգների պես, ինչ ուզում անում են՝ թե՛ ձեռքի տակ եղած իրերի, թե՛ շուրջը պտտվող կերպարների, թե՛ իրենք իրենց հետ: Նրանց ցանկությամբ տարաձևվում է անգամ ֆիլմի մատերիան, պատկերը։
Տպավորություն է, որ ֆիլմն ինքնին նրանց ձեռքի գործն է․ այն կարծես անիշխանության օրհներգ լինի: Մոնտաժը հատուկ անհետևողական է․ վառ գույներին հաջորդում է սև/սպիտակը, գույները կարող են փոխվել անգամ նույն տեսարանի ընթացքում։
Ինչպես խենթ հերոսուհիներն են ընդվզում հայրիշխանության դեմ, այդպես էլ Խիտիլովան. նա խախտում է կինոյում ընդունված բոլոր ավանդույթներն ու օրենքները: Սոցռեալիստական իրականությունը բախվում է սյուրռեալիստական ֆանտազիաներին:
Թևեր
Крылья
Լարիսա Շեպիտկո, ԽՍՀՄ, 1966
Երկրորդ աշխարհամարտից շուրջ երկու տասնամյակ է անցել․ գլխավոր հերոսուհին` նախկին ռազմական օդաչուն, չի կարողանում հարմարվել հետպատերազմյան խաղաղությանը։ Առօրեականությունից շնչահեղձ լինելով՝ նա իրեն պատերազմից մնացած թանգարանային նմուշ է զգում։ Կրկին երկինք բարձրանալու ցանկության կողքին նոր կյանքն է, որտեղ կին օդաչուների կարիք այլևս չկա։
Լարիսա Շեպիտկոն ներկայացնում է 60-ականներին ձևավորված սովետական նոր ալիքը: Այդ շրջանի ֆիլմերում ռեժիսորներն (առաջին անգամ) կենտրոնանում էին «հասարակ» մարդկանց կյանքի վրա՝ պատկերելով այն իրականությանը հնարավորինս մոտ, առանց որևէ խանդավառության։
Անտուն, օրենքից դուրս
Sans toit ni loi
Անյես Վարդա, Ֆրանսիա, 1985
Ֆիլմի սկզբում ցրտահարված աղջկա դիակ է հայտնաբերվում: Հետո տեսնում ենք աղջկա կյանքի վերջին շաբաթների ռեկոնստրուկցիան, իմանում, որ նա «նորմալ» կյանքի բազմաթիվ հնարավորություններ ունենալով՝ չի օգտվել դրանցից՝ կայունությանը նախընտրելով թափառականի կյանքը։
Պատմության արանքներում կեղծ վավերագրական հարցազրույցներ ենք տեսնում․ գլխավոր հերոսուհուն ծանոթ կամ պատահական հանդիպած մարդիկ պատմում են նրա մասին։ (Հարցազրույցները՝ որպես տարբեր դասակարգերի ու ենթամշակույթների ներկայացուցիչների փոքրիկ դիմանկարներ)։ Ոմանք զզվանքով են հիշում թափառական աղջկան, ոմանք խղճում են, բայց չեն հասկանում․ սպառողական հասարակությունը երբեք չի ընդունի նրան, ով չի ձգտում նյութական բարիքների:
Որոշ կանայք
Certain Women
Քելլի Ռայքհարդ, ԱՄՆ, 2016
Ֆիլմը բացահայտում է երեք անձնական պատմություն․ իրավաբան Լորա Ուելսը չի կարողանում ազատվել կպչուն հաճախորդից, Ջինան տուն է կառուցում իր ընտանիքի համար, ձիապահ Ջեյմին՝ ծանոթանում երիտասարդ մի ուսուցչուհու հետ։
Հանդիսատեսի ուշադրությունը սևեռվում է առաջին և երրորդ պատմությունների վրա, որոնք ավելի ակնհայտ զարգացում ունեն և ավելի դինամիկ են: Տեսնում ենք անգամ ժանրային որոշ էլեմենտներ (առաջինում, օրինակ, պատանդառության տեսարան, երրորդում՝ մելոդրամատիկ երանգներ): Մինչդեռ անցողիկ երկրորդ պատմությունը, կարծես, կարող է անտեսված մնալ:
Այստեղ ուշադրության կենտրոնում է կինն ու նրա քայքայվող ընտանիքը: Դուստրն անտարբերությամբ է լցված մոր հանդեպ, ամուսինն այլ հարաբերություններ ունի: Կինը՝ նյութական մի բան կառուցելով, փորձում է վերականգնել ընտանիքը, ինչն, իհարկե, արդեն բոլորովին անիմաստ է:
Ռայքարդը երբեք չի ձգտել մեծ ֆորմատին, նա «պատմվածքային» փոքր ֆիլմերի վարպետ է։ Շատ նուրբ, համարյա աննկատ կերպով նա կապում է տարբեր կանանց պատմությունները՝ ոչ միայն ուղղակի սյուժետային, այլև բովանդակային, իմաստային առումներով:
Համազգեստով աղջիկները
Mädchen in Uniform
Լեոնտին Սագան, Գերմանիա, 1931
Լեոնտին Սագանի «Համազգեստով աղջիկները» համարվում է առաջին մեծ ֆիլմը լեսբիական սիրո մասին: Այն արժանացավ նացիստների հսկայական ատելությանը, իշխանության գալուց հետո նրանք փորձեցին (բարեբախտաբար՝ անհաջող) ոչնչացնել ֆիլմի բոլոր օրինակները:
Գործողությունները ծավալվում են աղջիկների ինտերնատում: Տղամարդիկ ֆիլմում չկան. պատկերված է կանանց փակ հաստատություն: Հայրիշխանական կարգերը, սակայն, գործում են անգամ այստեղ: Բացի մելոդրամատիկ սյուժետային գծից, որն այն ժամանակ ինքնին յուրօրինակ էր, հետաքրքրական է նաև փակ հասարակությունում մարդկանց փոխհարաբերությունների պատկերումը, բախումը՝ ավանդապաշտ իշխանության ու ազատատենչության:
Խնձոր
Sib
Սամիրա Մախմալբաֆ, Իրան, 1998
Հայրը երկու աղջիկներին պահում է փակի տակ: Այդ մասին իմանալով՝ հարևանները դիմում են սոցաշխատողներին։ Տարիներ շարունակ մեկուսացված աղջիկները, սակայն, արդեն չեն կարողանում շփվել հասակակիցների հետ:
«Խնձորի» հիմքում իրական դեպքեր են: Դրանց բոլոր մասնակիցները ֆիլմում իրենք իրենց են խաղում. տեսախցիկի առջև նրանք վերարտադրում են իրենց հետ կատարվածը՝ միաձուլելով վավերագրականն ու խաղարկայինը:
Ֆորմալ էքսպերիմենտները բնորոշ էին 90-ականների իրանական կինոյին:
Իր մանկական կենսուրախությամբ, բարդ, նույնիսկ դաժան իրավիճակում լուսավորը տեսնելու ունակությամբ «Խնձորն» առանձնանում է նույնիսկ Աբաս Քիառոստամիի կամ Մոխսեն Մախմալբաֆի ֆիլմերի ֆոնին:
Թոնի էրդման
Toni Erdmann
Մարեն Ադե, Գերմանիա, 2016
Գլխավոր հերոսուհու կյանքում աշխատանքից ու կորպորատիվ իրականությունից բացի ուրիշ ոչինչ չկա:
Ֆորման այստեղ համապատասխանում է բովանդակությանը․ ամեն ինչ պատկերված է սառը և չոր ձևով:
Հիմնական գործողությունները տեղի են ունենում Ռումինիայում։ Ֆիլմում ռումինական նոր ալիքի տարրեր են նշմարվում` ռեալիստական ոճը, հերոսներին հետապնդող շարժվող դինամիկ կամերան։
Գործողությունների զարգացման ընթացքում, սակայն, տրամադրությունը փոխվում է, ինչ-որ նոր լիցք է հաղորդվում, երբ քաղաք է գալիս հերոսուհու հայրն ու փորձում կրկին կապ հաստատել դստեր հետ: Ֆիլմը տրանսֆորմացվում է՝ վերածվելով հարազատ մարդկանց ջերմ հարաբերությունների մասին զգացմունքային, անկեղծ պատմության:
Իմ 20-րդ դարը
Az én XX. századom
Իլդիկո Էնյեդի, Հունգարիա, 1989
Փոքր ժամանակ բաժանված երկվորյակ քույրերի հետագա ճակատագրերը հակառակ են դասավորվում։ Մեկը դառնում է հեղափոխական, մյուսը՝ «կիսալույսի տիկին»: Երկու դերերն էլ նույն դերասանուհին է խաղում՝ Դորոտա Սեգդան․ տպավորություն է, որ նույն հերոսուհին երկու այլընտրանքային կյանք է ապրում:
Ֆիլմը պատկերում է 19-րդ ու 20-րդ դարերի հատման կետը՝ տեխնոլոգիական հրաշքների ու մեծ հույսերի խորհրդավոր ժամանակվա խճանկարային համայնապատկերը: Կինոյի ամենաաբսուրդային ու երգիծական տեսարանն էլ Օտտո Վեյնիգերի ելույթն է ֆեմինիստների առջև։
Աղջկական կռիվ
Girlfight
Քերին Քուսամա, ԱՄՆ, 2000
Այսօր նման սյուժեն, երբ արվարձանից («ուրիշներից տարբերվող») աղջիկը փորձում է կյանքում իր տեղը գտնել, անկախ կինոյի մաշված կաղապարի տպավորություն է թողնում։
Բայց պրեմիերայի ժամանակ՝ 2000 թվականին, ֆիլմը բազում պարգևների արժանացավ (այդ թվում՝ Կաննում, երիտասարդական ժյուրիի կողմից)․ այն նոր և թարմ էր թվում՝ հատկապես հոլիվուդյան մեծ ֆիլմերի հետ համեմատության մեջ։
«Girlfight»-ը, իրականում, հիմա էլ գրավում է իր պարզությամբ և շիտակությամբ։ Հատկապես՝ եթե կարոտել ես 2000-ականների զուսպ և անմիջական ինդի-դրամաները։
Ակվարիում
Fish Tank
Անդրեա Արնոլդ, Մեծ Բրիտանիա, 2009
Նման սյուժե ունի նաև «Ակվարիումը»։ Ուշադրության կենտրոնում կրկին «ուրիշն» է։ Գույներն այստեղ, ինչ խոսք, ավելի խտացված են։ Բրիտանական սոցիալական կինոյի բազմամյա ավանդույթը զգացնել է տալիս։ Գլխավոր հերոսուհու իրավիճակը թվում է անելանելի։ Ֆիլմի անունն այս առումով խոսուն է․ «Ակվարիումը» որպես փակ աշխարհի հասարակ փոխաբերություն. անտեսանելի պատերը գլխավոր հերոսուհուն թույլ չեն տալիս դուրս պրծնել ճնշող իրականությունից։
Հավանաբար, պատճառը ուլտրառեալիստական, համարյա դարդենյան ոճն է, որն այստեղ է քոչել «Կարմիր ճանապարհից»՝ Արնոլդի հրաշալի դեբյուտից։ Հերոսուհուն հնարավորինս մոտենալով, նրա մաշկի տակ թափանցելով՝ միևնույն է, շարունակում ես նրան կողքից նայել։ Հեռավորությունը որոշակիորեն պահպանվում է․ երևի հենց դա է թույլ տալիս չվերածվել բացարձակ «չերնուխայի»։
Այն օրը, երբ ես կին դարձա
Roozi ke zan shodam
Մարզիա Մախմալբաֆ, Իրան, 2000
Ֆիլմը բաղկացած է երեք մասից՝ տարբեր տարիքի երեք իրանցի կանանց մասին:
Առաջինը՝ իրանական կինոյի համար տիպիկ, երեխաների մասին համարյա արկածային պատմություն է: Գլխավոր հերոսուհին նշում է իր 9-ամյակը։ Մեծահասակների պատկերացմամբ, նա կին է դառնում, ուստի՝ պետք է ծածկի գլուխն ու չխաղա հարևան տղաներ հետ:
Երկրորդը երիտասարդ մի կնոջ մասին է, ով հեծանվավազքի է մասնակցում: Մրցավազքի ընթացքում նա մի ամբողջ կյանք է ապրում․ ձիավոր տղամարդիկ՝ ամուսինը, հայրը, եղբայրները, հոգևորականներն ու ակսակալները, հետապնդում են նրան։ Տղամարդիկ հաջորդաբար փորձում են համոզել կնոջը իջնել հեծանիվից և դուրս գալ մրցավազքից։ Ընթացքում՝ անցնում են նաև սպառնալիքների:
Երրորդում մի ծեր կին ժառանգություն է ստանում և որոշում գնել այն ամենն, ինչի մասին երազել է ողջ կյանքի ընթացքում․ ֆելինիական երանգներով լցված մի աբսուրդային պատմություն։
Այրվող աղջկա դիմանկարը
Portrait de la jeune fille en feu
Սելին Շիամա, Ֆրանսիա, 2019
Շիաման վերարտադրում է անտիկ գրականության գլխավոր սյուժեներից մեկը՝ Օրփեոսի և Էվրիդիկայի լեգենդը: Փոխելով նկարչի սեռը, նրան կին դարձնելով և մեր ժամանակների հետ ասոցացվող ֆեմինիստական գաղափարներ ավելացնելով , նա վերաիմաստավորում է դասական սյուժեն և դարձնում այն արդիական:
Արհեստականության զգացողություն, այնուամենայնիվ, չի առաջանում․ ֆիլմը չի կորցնում աութենտիկությունը, հերոսներին նայելիս չես էլ մտածում, որ քո առջև դերասանուհիներ են՝ ժամանակակից կանայք։ Նրանք ասես ապրում են իրենց կերպարների կյանքով: Գեղանկարչական առումով ֆիլմն ուղղակի կատարյալ է:
Վիրավորանք
Outrage
Իդա Լուպինո, ԱՄՆ, 1950
Իդա Լուպինոն Հոլիվուդյան դասական շրջանի եզակի կին ռեժիսորներից է: Նրա ֆիլմերը այս կամ այն կերպ անդրադառնում են կանանց խնդիրներին՝ արհավիրքներին, որոնց կանայք հանդիպում են առօրյա կյանքում:
«Վիրավորանքում» Լուպինոն տաբուացված թեմա է բարձրացնում: Ֆիլմի սկզբում երիտասարդ կինն աշխատանքից տուն վերադառնալիս ենթարկվում է բռնության:
Այդ տարիներին նման սկիզբը, թերևս, միայն նուարային դետեկտիվի հիմք կարող էր դառնալ: Լուպինոն, սակայն, կենտրոնանում է բռնություն վերապրած կնոջ, նրա փորձի ու դրա հետագա ազդեցության վրա:
Ֆիլմն անդրադառնում է նաև victim blaming-ի՝ զոհին մեղադրելու հասարակական սովորությանը։ Գլխավոր հերոսուհին նախատինքի է արժանանում, քանի դեռ պատրիարխալ հասարակությունը բռնության մեղքը դնում է բռնության ենթարկվածի վրա։
Կապարե ժամանակներ
Die bleierne Zeit
Մարգարեթ ֆոն Տրոտա, Արևմտյան Գերմանիա, 1981
Ֆիլմի անվանումը՝ «Կապարե ժամանակներ», հղվում է 70-ականների Եվրոպայում ձախ ռադիկալ խմբավորումների գործունեության տարիներին։ Արևմտյան Գերմանիայում գործում էր RAF-ը՝ Կարմիր բանակի ֆրակցիան։ 60-70-ականներին ձևավորված Գերմանական նոր կինոալիքի ռեժիսորները հաճախ էին անդրադառնում ընթացիկ քաղաքական պրոցեսներին: ՌԱՖ-ի մասին շատ ֆիլմեր են նկարվել․ լավագույնն, այնուամենայնիվ, Տրոտայի «Կապարե ժամանակներն» են:
Ֆիլմը պատմում է երկու քույրերի մասին․ Յուլիանան աշխատում է լիբերալ ֆեմինիստական ամսագրում, Մարիաննան անդամակցում է ծայրահեղական ձախ խմբավորմանն ու կարճ ժամանակ անց հայտնվում ճաղերի ետևում։ Քաղաքական տարաձայնությունների պատճառով օտարացած քույրերի ճանապարհները տարիներ անց կրկին հատվում են։
Ֆիլմը՝ բովանդակությամբ ծայրահեղ քաղաքական, կառուցվածքով և շեշտադրումններով ավելի շուտ բերգմանյան հոգեբանական դրամա է հիշեցնում։ «Անձնականը քաղաքական է»՝ ֆոն Տրոտայի բոլոր ֆիլմերի կարգախոսը:
Գերմանիա գունատ մայր
Deutschland bleiche Mutte
Հելմա Զանդերս-Բրամս, Արևմտյան Գերմանիա, 1980
Նույնը կարելի է ասել Գերմանական նոր կինոյի մեկ այլ ակնառու ներկայացուցչի՝ Հելմա Զանդերս-Բրամսի մասին: «Գերմանիա գունատ մայրը» մի կողմից ինքնակենսագրական է՝ պատմում է ռեժիսորի մոր կյանքի մասին, մյուս կողմից՝ ներկայացնում է պատերազմ վերապրած գերմանացի կնոջ հավաքական կերպարը։
Ֆիլմը պատկերում է Գերմանիայի պատմության մի ամբողջ ժամանակաշրջան՝ նացիզմից մինչև հետպատերազմական տարիների փլատակներ։ Գլխավոր հերոսուհու պատմության մեջ համատեղվում են անձնական փորձն ու կոլեկտիվ տրավման։
Որդեգրում
Örökbefogadás
Մարթա Մեսարոշ, Հունգարիա, 1975
Սյուժեի կենտրոնում երկու տարբեր տարիքի կանայք են, նրանց ապրումներն ու զգացմունքները: Ֆիլմը՝ որպես մարդու միայնության հետազոտություն: Շատ բան ուղիղ չի ասվում, բայց ակնարկվում է: Մեսարոշին, ամեն դեպքում, հաջողվում է էկրանին հաղորդել իր կերպարների թաքնված հույզերը:
40-ն անց կինն այլևս չի կարողանում մենակ ապրել։ Նա որոշում է ամեն գնով երեխա ունենալ: Ցանկությունը ուժգնանում է, երբ նա ընկերանում է ինտերնատից փախած մի աղջկա հետ: Տարօրինակ ձգողությունը նրա նկատմամբ կինը բացատրում է երեխա ունենալու ցանկությամբ:
Աղջկան, իր հերթին, բնորոշ է մանկական էսկապիզմը․ սկզբում նա փախչում է տնից, հետո՝ ինտերնատից: Վաղ ամուսնությունը, որն, ըստ նրա, կէմանսիպացնի, կազատագրի իրեն, ևս դեպի փակուղի է տանում։ Այն, ամենայն հավանականությամբ, կբերի նոր փախուստի:
Բաբադուկ
The Babadook
Ջենիֆեր Քենթ, Ավստրալիա, 2014
Միայնակ մայր Ամելիան իր 7 տարեկան որդու համար գիրք է կարդում տարօրինակ հրեշ Բաբադուկի մասին։ Եվ հրեշը սկսում է «հետապնդել» նրանց․ ամենուր Բաբադուկին տեսնող հերոսների համար իրականությունն ու ֆանտազիաներն այլևս անտարբերակելի են դառնում։
Քենթի համար դասական սարսափի տարրերը զուտ գործիք են: Հորորի կլիշեների հիման վրա նա հոգեբանական դրամա է կառուցում՝ ցնորվող և իրականության հետ կապը կորցնող կնոջ մասին:
Անցյալի տրավմաները ժամանակի ընթացքում ավելի են խորանում։ Ամելիայի ամուսինը մահացել է ծննդատան ճանապարհին՝ 7 տարի առաջ։ Նույն օրը ծնվել է նրա որդին։ Ծնունդն ու մահը միաձուլվել են․ Բաբադուկ հրեշն այդ տրավմայի նյութական մարմնավորումն է:
Ժամանակակից ամենակարևոր սարսափ ֆիլմերը գրեթե միշտ դուրս են գալիս ժանրային սահմանափակումներից՝ փորձելով առաջարկել ավելին, քան ուղղակի վախն ու էքստրեմալ զգացմունքներն են: Դրա շնորհիվ սարսափ կինոն վերջին տարիներին հետաքրքիր է ոչ միայն ժանրի երկրպագուներին. կարելի է ասել, որ սարսափը դարձել է 2010-ականների գլխավոր ժանրը: «Բաբադուկ»-ն այս նոր տեսակի հորորի լավ օրինակ է:
Վանդա
Wanda
Բարբարա Լոդեն, ԱՄՆ, 1970
Վանդան թողնում է ամուսնուն և երեխային՝ ոչ թե հստակ որոշմամբ, այլ՝ հուսահատությունից, օտարումից դրդված: Ոչ գնալու տեղ ունի, ոչ գիտի՝ ինչ անել։
Սա հասարակությանն ընդդեմ գնացող կամ համակարգից կանխամտածված փախչող կնոջ պատկեր չէ: Ընտանիքից հեռանալով ու տունը թողնելով՝ Վանդան չի «ազատագրվում», այլ մնում է տղամարդկանցից կախյալ, կրկին զոհի կարգավիճակում:
Մեկ այլ տղամարդու հետ պատահական հանդիպումը վերածվում է համարյա բոննի-ու-քլայդյան պատմության, բայց զուրկ որևէ ռոմանտիզացիայից:
Վանդայից առաջ նման գլխավոր հերոսներ կինոյում չեն եղել: Լոդենի ֆիլմը երբեմն Կասավետիսի ստեղծագործությունների հետ են համեմատում: Բայց եթե Կասավետիսի ֆիլմերում կերպարները էքսպրեսիվ են, իսկ էմոցիաները՝ միշտ դեպի դուրս, դեպի արտաքին աշխարհ, Լոդենի հերոսուհու զբացմունքները թաքնված են: Շատ բան կարող է աննկատ մնալ:
Ժաննա Դիլման
Jeanne Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels
Շանտալ Ակերման, Բելգիա, 1975
Շուրջ երեք ու կես ժամ մենք հետևում ենք Ժաննա Դիլմանի՝ սովորական մի տնային տնտեսուհու առօրյային։ Նա ճաշ է եփում, ամաններ լվանում, տուն մաքրում, հոգ տանում իր դպրոցական որդու մասին:
Հերոսուհին, կարծես, միշտ նույն օրն է վերապրում՝ միապաղաղ ու հաշվարկած: Նրա գործողությունների ավտոմատիզմի, անընդհատ կրկնությունների մեջ ինչ-որ ծիսական բան կարելի է տեսնել:
«Ժաննա Դիլմանը» կանգնած է ժամանակակից դանդաղ կինոյի ակունքներում: Ամեն ինչ կարծես պատկերվում է իրական ժամանակում, իսկ Դիլմանն ուղղակի գոյություն ունի էկրանին:
Օրլանդո
Orlando
Սալի Փոթեր, Մեծ Բրիտանիա, 1992
Ֆիլմը Վիրջինիա Վուլֆի համանուն վեպի էկրանավորում է: Այն բաժանված է 7 իմաստային մասերի՝ «Մահ», «Սեր», «Պոեզիա», «Քաղաքականություն», «Հասարակություն», «Սեքս», «Ծնունդ»։ Ֆիլմը պատմում է 350 տարիների մասին, որոնց առաջին կեսն Օրլանդոն ապրում է որպես տղամարդ, երկրորդը՝ որպես կին:
Համարվում էր, որ Վուլֆի գրքերն անհնար է էկրանավորել: Սալի Փոթերին դա հաջողվեց: Ի տարբերություն նրա ավանգարդ ֆեմինիստական մանիֆեստի՝ 1983 թվականի «Ոսկի որոնողների», «Օրլանդոն» բավականին պարզ ու հասանելի լեզվով է մատուցված: Ֆիլմում ինչ-որ պոետիկ եթերային բան կա, որն օգնում է սահուն կերպով տեղափոխվել մի ժամանակաշրջանից մյուսը:
___
1 Cinescope-ը (Ալեքսանդր Մելյան, Աստղիկ Ասլանյան) Երևանում գործող կինոկոլեկտիվ է։ Նկարում է վիդեոէսսեներ, ձայնագրում փոդքասթներ, հավաքում կինոկոլաժներ, գրում գրախոսականներ։ Սինեսկոպին կարելի է հետևել ֆեյսբուքում, ինստագրամում, տելեգրամում և Epress-ում։
2 Հոդվածը առաջին անգամ հրապարակվել է 2021 թվականին՝ Epress.am-ում