Home / Բանակ / Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Փետրվարի 24-ին լրանում է չորրորդ տարին, ինչ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Պատերազմը շարունակվում է մինչև հիմա։ Ռուսաստանի դեսպանատան մոտ առաջին ակցիան առավոտն էր։

Ակտիվիստները տպել էին ռուսաստանցի զոհերի անունները, որոնց նույնականացրել են լրագրողներն ու իրավապաշտպանները։ Պաշտոնական տվյալներում զոհերի զգալի մասը նշվում են որպես «անհայտ կորած»։

Ոստիկանները փորձում էին արգելել ակցիան՝ հիմնավորմամբ, թե 1450 էջերի վրա տպած անունները եթե ամրակցվեն ցանկապատին, նրանք կծածկեն այգու այդ կողմն ամբողջությամբ, և դա «անհամաչափ կլինի հանրային վայրերի օգտագործման կանոններին»։ Ակցիայի կազմակերպիչներն ասում էին, որ որոշել են սպանված ռուսաստանցիների անունները կպցնել այստեղ, որպեսզի Ռուսաստանի դեսպանատնից տեսնեն «ողբերգության ծավալները»։ «Որոշեցինք մահերի աբստրակտ թվին տեսք տալ, որ տեսնեն, թե ինչ է այս պատերազմը հենց Ռուսաստանի համար», — Epress.am-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից Ալեքսանդրա Լևիցկայան։

Ոստիկանները պահանջել էին թույլտվություն բերել քաղաքապետարանից, քաղաքապետարանից ասել էին, թե «այգին վարձով է տրվել, և միայն վարձակալն է իրավասու թույլտվություն տալ կամ չտալ»։ Ակտիվիստները գտել էին վարձակալ «Սատուռն Ա» ընկերության տնօրեն Ստեփան Մինասյանին։ Վերջինս հրաժարվել էր արտոնել նրանց ակցիան, քանի որ նման քաղաքական հարցի մասին որոշում կայացնելը «մեծ բեռ է» մասնավոր անհատի համար։

Ծանր որոշումն ի վերջո իրենց վրա վերցրեցին ոստիկանները՝ ակցիան չեն արգելի, եթե այն արվի ավելի փոքր մաշտաբով, և բոլոր անվանացանկերը կախվեն մոտ 10 մետր հատվածում։

Անվանացանկին կից ակտիվիստները փակցրել էին կոչ՝ թույլ չտալ, որ նոր մարդիկ ուղարկվեն պատերազմ։ «Այս պատերազմը անհամար մարդկանց բերում է անսահման ցավ ու տառապանք։ Այն անհրաժեշտ է միայն մեկ մարդու։ Մենք կոչ ենք անում ձեզ հիշել, որ այս պատերազմն անհրաժեշտ է միայն մեկ մարդու՝ Վլադիմիր Պուտինին, ով իր ողջ զորությամբ բորբոքում է վախ, անզորություն, դաժանություն և ագահություն՝ պատերազմը շարունակելու և իշխանությունը պահպանելու համար»։

Ճաղավանդակներին ամրակցվել էր նաև Россия 200 վերտառությունը, որը հղում է խորհրդային ռազմական կանոնակարգի «груз 200» կոդին. սպանված զինվորի աճյունը, իրերը և ցինկապատ դագաղը այս կոդով էին ուղարկվում նրա հարազատներին։

***

Ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից անցել է 4 տարի։ Բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս, պատերազմը շարունակվում է։

Ուկրաինական կողմը զինվորական և քաղաքացիական զոհերի մասին թվային տվյալներ չի հրապարակում։ Մեդիազոնան և ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը կամավորների օգնությամբ բաց հասանելի տվյալների հիման վրա հաշվում և նույնականացնում են ռուսական կողմի զոհերին։ Այս պահին լրատվականներին հաջողվել է նույնականացնել պատերազմի ընթացքում զոհված 200 186 զինվորականների։ Ռազմական վերլուծաբանների գնահատմամբ, գերեզմանատների, մեմորիալների ու մահախոսականների ուսումնասիրությամբ ստացված տվյալները ներկայացնում են զոհերի իրական թվի 45-65 տոկոսը։ Ռուսական կողմի իրական կորուստները, հավանաբար, 329 000 – 468 500 միջակայքում են։

Զոհերի մեծամասնությունը՝ շուրջ 57 տոկոսը, կամավորները, մոբիլիզացվածները կամ դատապարտյալներն են, այսինքն մարդիկ, որոնք մինչև պատերազմի սկսվելը զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել։

Մեդիազոնայի և ԲիԲիՍի-ի ռուսական ծառայության գնահատմամբ, 2025 թվականին ռուսական կողմն ավելի շատ զոհեր է ունեցել քան նախորդ տարիներին։ Պաշտպանության նախարարության հետ կամավոր պայմանագիր կնքող և առաջնագիծ գնացող քաղաքացիների նախնական զինվորական պատրաստության ժամկետները գնալով կրճատվում են։ Պայմանագիրը կնքելուց առաջ մարդիկ բուժզննում են անցնում, որը ևս գնալով ավելի մակերեսային է դառնում։ Արդյունքում հաճախ առաջնագծում հայտնվում են լուրջ առողջական խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ և նույնիսկ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։

ԶՈՒ շարքերը նոր համալրած զինվորներին հիմնականում ուղարկում են հարձակողական ջոկատներ, որոնցում ամենաշատ զոհերն ու վիրավորներն են լինում։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինտիտուտի (ISW) տվյալներով, ռուսական բանակը խուսափում է բարդ գործողություններից, որոնց կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ են ավելի գրագետ և պատրաստված հրամանատարներ։ Հիմնական շեշտը դրվում է ռմբակոծությունների և գրոհայինների անվերջ ալիքային հարձակումների վրա։ ISW-ի և բրիտանական ռազմական հետախուզության տեղեկություններով, այս պահին կամավոր զինվորագրվողները ռուսական կողմի ուժերի համալրման հիմնական աղբյուրն են։ Փորձագետների գնահատմամբ, վատթարացող տնտեսական վիճակի և գործազրկության ֆոնին, կամավորների պակաս Մոսկվան չի ունենա։

Լրատվականների հավաքած թվային տվյալներից երևում է, որ Զինված ուժերի հետ պայմանագիր կնքում են հիմնականում փոքր քաղաքների և գյուղերի բնակիչները. Նորմալ վարձատրվող աշխատանքն այդպիսի բնակավայրերում քիչ է, իսկ տեղական իշխանությունների կողմից պրոպատերազմական ագիտացիան՝ ավելի ուժեղ։ Բնակչության թվի համեմատ հատկապես մեծ կորուստներ արձանագրվում են այն մարզերում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է, կյանքի միջին տևողությունը՝ ցածր։ Զոհերի ամենամեծ բացարձակ թիվը Բաշկորտոստանում և Թաթարստանում է։ Տղամարդկանց մեկ շնչի հաշվով ամենաշատ կորուսներ ունեն Տիվան և Բուրյաթիան։

Պատերազմի առաջին երեք տարիներին ռուսական կողմի զոհերի կեսից ավելին մարդիկ էին, որոնք գրեթե չունեին սոցիալական կապեր ռուսական հասարակությունում, ինչի շնորհիվ կորուստներն ավելի քիչ էին նկատվում ընդհանուր բնակչության կողմից։ Առաջին տարում զոհերի զգալի մասը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից մոբիլիզացվածներն էին։ 2023-ին և 2024-ի սկզբներին ավելի հաճախ զոհվում էին ռուսական կալանավայրերից պատերազմի դաշտ գնացած դատապարտյալները։ Նրանց մեծ մասը ազատազրկված էին արդեն մի քանի տարի, և փաստացի մեկուսացած էին մնացած հասարակությունից։ 2025-ին զոհվածների 67 տոկոսը գյուղական բնակավայրերից կամ փոքր քաղաքներից է։

Կորուստների ամենացածր մակարդակը մոսկվայում է՝ 5 զոհ ամեն 10 հազար տղամարդուց։ Ավելի աղքատ շրջաններում, օրինակ՝ Բուրյաթիայում և Տիվայում, այդ ցուցանիշը հասնում է համապատասխանաբար 27-ի և 33-ի։

«Ավելի շատ կորուստներ տեսնում է ռուսական հասարակության այն մասը, որն իսկզբանե ամենաքիչ ռեսուրսներն ուներ՝ կրթական, ֆինանսական և քաղաքական։ Հավանաբար Կրեմլը փորձում է այնպես անել, որ հանրության առավել ռեսուրսային հատվածը հնարավորինս չնկատի պատերազմը», – ԲիԲիՍի-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի Թագավորական քոլեջի Ռուսաստանի հետազոտության ինտիտուտի ղեկավար Գյուլնազ Շարաֆուտդինովան։

Զգալի են կորուստները նաև սպայական կազմի շրջանում։ Ուկրաինա ներխուժումից ի վեր զոհվել է շուրջ 7000 սպա, որոնց 77 տոկոսը՝ ցածրաստիճան, 13-ը՝ գեներալ։ Կրտսեր հրամանատարները՝ կրտսեր լեյտենանտից մինչև կապիտան, առանցքային դեր են խաղում ռազմի դաշտում. ապահովում են կապը հրամանատարների միջև, պատասխանատու են գործողությունների կազմակերպման և զինվորների համակարգման համար։ Կրտսեր սպաները հետևում են հրամանների պատշաճ իրականացմանը և այլն, բայց հաճախ մնում են առանց բավարար աջակցության։ Ռազմական ուսումնարանները չեն հասցնում անհրաժեշտ թվով նոր սպաների կրթել. հրամանատարության համար անհրաժեշտ զինվորական պատրաստության համար առնվազն չորս տարի է պետք։ Պաշտպանության նախարարությունը հաճախ արագացված կարգով բարձրացնում է ռազմական փորձ ունեցող շարքայինների ռազմական հարգը։