Home / Բանակ / Կիևում հաշվում են գիշերային հրթիռակոծության հետևանքները

Կիևում հաշվում են գիշերային հրթիռակոծության հետևանքները

Գիշերը ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Կիևը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Օբոլոնի շրջանում սպանված 1 քաղաքացու և մի քանի վիրավորների մասին։ Տուժածների շարքում իննամյա երեխա կա։ Հարվածները հասցվել են բալլիստիկ հրթիռներով։

Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Գոլոսեևի, Օբոլոնի, Պոդոլսկի, Սոլոմենսկի և Սվյատոշինսկի շրջաններում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, Օբոլոնի շրջանում այրվում է գրասենյակային շինությունը, Գոլոսեևում՝ 600քմ մակերեսով պահեստը, Սոլոմենսկի և Սվյատոշինսկի թաղամասերում հրդեհներ են սկսվել երկու բնակելի շենքերի տանիքներում։ Տուժել է չորս քաղաքացի։

Հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել նաև Կիևի մարզի այլ բնակավայրերի, հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։ Կան տուժած բնակելի շինություններ, առանձնատներ, ավտոմեքենաներ։

Մեկ գիշերվա ընթացքում ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Մ» տեսակի յոթ բալլիստիկ հրթիռ և 123 ԱԹՍ։ Ուկրաինական կողմին հաջողվել է «որսալ» վեց հրթիռ և 71 ԱԹՍ։