Home / Բանակ / Ուկրաինայում ամեն 20-րդ զորակոչիկը զոհվել կամ վիրավորվել է

Ուկրաինայում ամեն 20-րդ զորակոչիկը զոհվել կամ վիրավորվել է

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետևանքով ուկրաինական կողմից 60-100 հազար զինվորական է սպանվել։ Այս մասին արևմտյան հետախուզական ծառայություններում և ԱՄՆ կառավարությունում իր աղբյուներին հղվելով գրում է The Economist ամսագիրը։

Եվս 400 հազար զինվորներ ռազմական գործողությունների արդյունքում ստացել են այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնցից հետո չեն կարող շարունակել ծառայությունը։ Քաղաքացիական բնակչության շրջանուկ կորուստները գնահատվում են տասնյակ հազարներով։ Ամսագիրը նշում է, որ քաղաքացիական զոհերի մասին շատ ավելի քիչ հավաստի տեղեկատվություն կա քան զինվորականների։

Զինվորականների շրջանում զոհերի թիվն առնվազն 60 հազար է, ինչը կազմում է մինչև պատերազմը Ուկրաինայում ապրող 18-49 տարեկան տղամարդկանց 0.5 տոկոսը։ Այսինքն, զոհվել է այդ տարիքային խմբի ամեն 200 տղամարդուց մեկը։ Ծանր վիրավորվածների թիվը 6-8 անգամ մեծ է։ «Զինակոչային տարիքի ամեն 20-րդ տղամարդ զոհվել կամ ծառայության հետ անհամատեղելի ծանր վիրավորում է ստացել», – գրում է The Economist-ը։

Զոհերի մոտավոր թիվը հասկանալու համար հարթակը հիմնվել է նաև UAlosses կայքի հրապարակած թվերի վրա, որը հաշվում է զոհերին ըստ բաց աղբյուրներում հայտնված հաղորդագրությունների։ Կայքի տվյալներով, 2022 թվականից ի վեր զոհվել է նվազագույնը 60 435 ուկրաինացի զինվորական։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը, ինչպես և Ռուսաստանինը, պաշտոնական թվեր չի հրապարակում։ 

Economist-ը ռուսական կողմի զոհերը գնահատում է մոտավորապես 200 հազար։ Նոյեմբերի 15-ի դրությամբ, Բաց հասանելի տեղեկությունների հիման վրա ԲիԲիՍին և Մեդիազոնան նույնականացրել էին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդյունքում զոհված 78 329 ռուս զինվորականների։  Ըստ հարթակների գնահատման, ռուսական կողմի կորուստների իրական թիվը 141 506-ից 197 564 է։

Ռուսական կողմի կորուստների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

The Economist-ի լրագրողներն ընդգծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի ընդհանուր թիվը գրեթե հավասարվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ կորուստներին։ Ռուսական կողմի զոհերն արդեն իսկ ավելի շատ են, քան 1945 թվականից ի վեր բոլոր զինված հակամարտությունների կորուստները միասին վերցված (ներառյալ Խորհրդային Միության անդամ այլ երկներների զոհերը)։