Home / Կանանց իրավունքներ / «Սվետա, փախի՛ր։ Տունդ խուզարկում են»

«Սվետա, փախի՛ր։ Տունդ խուզարկում են»

«Հոգնել եմ վախենալուց». Ռուսաստանցի կինը խորացող քաղաքական հետապնդումների մասին 

Epress.am-ը զրուցել է Երևան փախած ռուսաստանցի Սվետլանայի հետ՝ հայրենիքում հետապնդումների և նոր բնակավայրում փորձությունների մասին։

Եկել եմ Հայաստան 2024 թվականի մարտին։ Շատ արագ եմ փախել՝ առանց իրերի․ Վորոնեժում իմ դեմ հետապնդումներ էին սկսվել։ Այդ ժամանակ տանը չեմ եղել, բայց տան տերը լավ մարդ էր, ինձ տելեգրամով գրեց. «Սվետա, փախի՛ր։ Քո մոտ խուզարկություն է»։

Հանեցի քարտիս ողջ գումարը, տաքսի կանչեցի առևտրի կենտրոնի մոտ, անջատեցի հեռախոսը։ Տեղում գնեցի նոր հեռախոս և կպա Wi Fi-ին։ Դեպի Երևան թռիչք կար։ Գնեցի տոմս հաջորդ չվերթի համար և ուղևորվեցի Մոսկվա, որովհետև ինձ դեռ միայն Վորոնեժում էին փնտրում։ 

Ես ընդամենը փորձել էի օգնել մի երիտասարդի, ում զինակոչման թերթիկ էր եկել։ Նրան տվել էի մի կազմակերպության կոնտակտային տվյալները, ասել էի, որ եթե գնա բանակ, կարող է գերի ընկնելով հանձնվել և անցնել Ուկրաինայի կողմից կռվելու։ Իսկ նա հայտարարություն գրեց իմ դեմ, իբր ես իրեն փորձել եմ հավաքագրել։ Դա էլ արդեն պետական դավաճանություն է՝ մինչև 15 տարի ազատազրկմամբ։ 

Անձնագրիս ժամկետն անցել էր. կարող էի կա՛մ Հայաստան, կա՛մ Ղազախստան գնալ։ Ստուգման ժամանակ անձնագիրս մի քանի անգամ սկան արեցին։ Ստուգող կինն ասաց, որ մեքենան չի կարդում։ Նա նայում էր ինձ, իսկ ես փորձում էի ցույց չտալ, որ դողում եմ։ Մտածեցի՝ վերջ։ Աչքի ծայրով նայում էի կողքերս, փորձում տեսնել, թե որ կողմից մի խումբ տղամարդիկ կմոտենան ինձ ու կտանեն։

Հարցրեցի՝ ինչու։ Ինձ հիմարի տեղ էի դնում։ Նա հետո ձեռքով լրացրեց իմ տվյալները։ Մի քանի րոպե սպասում էինք։ Հետո նայեց ինձ, դրեց կնիքը, ու բարի ճանապարհ մաղթեց։ Ես շունչ քաշեցի։ Ճամփորդության նպատակը չհարցրեց։ Երևի իմ վիճակից պարզ էր, որ հուզված եմ։ Գնացի սպասասրահ, գնացի ուղիղ ծխարան։

Սովածացել էի։ Որոշեցի ուտել։ Չորս հազար ռուբլու կերա։ Օդանավակայանի գներ։ Պատվիրել էի ընդամենը կեսար աղցան, կարտոֆիլ, սուրճ և հանքային ջուր։ 

Իջանք Երևան, կանչեցի տաքսի։ Մեքենայով գնում ենք, դիմացից պարեկային է անցնում, իսկ իմ տաքսիստը նրան վազանցում է։ Մտածում եմ՝ վերջ, հիմա կկանգնեցնեն, նորից ոստիկանություն, ստիպված այլ մեքենա պիտի գտնեմ։ Վարորդին հարցնում եմ՝ մեր հետևից պարեկները չեն գա՞։ Պատասխանում է՝ ինչի՞ համար։ 

 *** 

2020 թվականին ինձ դատեցին 207-րդ հոդվածով. տեռորիստական ակտի մասին սուտ ցուցմունք տալը։ Չնայած իրականում նման բան չի եղել։ Ես ուղղակի զգուշությունս կորցրել և հոգեբանական օգնության համար զանգել էի պետական ծառայության 112 համարով։ Հոգեբանը ինձ սկսեց ասել, որ ես իրավունք չունեմ ինքնասպան լինել, որովհետև շուտով կսկսվի մեծ պատերազմ Արևմուտքի հետ, ամբողջ աշխարհի հետ, բոլորը պիտի կռվեն, իսկ եթե ես մեռնեմ, այդպիսով ես կդավաճանեմ հայրենիքը։ Ես պատասխանեցի, որ եթե կռվեի, կկռվեի ո’չ թե Ռուսաստանի կողմից, այլ՝ աշխարհի։ Ես հավելեցի՝ ինչպես կզգայիք, եթե հարձակվեին մեր խաղաղ քաղաքների, առևտրի կենտրոնների վրա։ Եվ հոգեբանը սկսեց ճշտող հարցեր տալ. ե՞րբ են հարձակվելու, դուք հստակ ժամը գիտե՞ք, ո՞ր առևտրի կենտրոնի վրա են հարձակվելու։ Ես ասեցի՝ ենթադրենք էս-էս առևտրի կենտրոնը։ Ցանկացած ժամանակ։ Ասեցի՝ դուք ուզում եք հարձակվել ամբողջ աշխարհի վրա, ինչո՞ւ եք մտածում, որ ձեզ ոչ ոք ձեռք չի տա։ 

Հաջորդ օրը իմ տուն եկան, սովորության համաձայն՝ առավոտյան վեցին։ «Բացեք, թե չէ դուքը կջարդենք»։ Ինձ տարան բաժին, գործ հարուցեցին։ Քննիչը ասեց՝ դու ուղղակի սխալ ժամանակ ընտրեցիր. տարվա վերջն է, մենք պետք է մինչև դարվա վերջ էս հոդվածով գործ բացահայտած լինենք։ 

Անկեղծ խոսեք, և կստանաք կամ պայմանական, կամ մի երկու տարի կնստեք։ 

Ես համաձայնեցի, քանի որ իմաստ չկար հրաժարվելու։ Զանգել էի իմ հեռախոսից, ամեն ինչ ձայնագրված էր։ Ինձ բաց թողեցին չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ես չփորձեցի փախչել, որովհետև մոտ ընկերուհուս մոտ էի ուզում լինել, նա մենակ էր երեխայի հետ։ Եղավ դատ և ինչպես սպասվում էր՝ ինձ տվեցին պայմանական։ 

Հաջորդ անգամ ինձ բռնեցին 2023 թվականի մարտին։ Ես տեղափոխվել էի նոր շենք։ Հարևանուհի ունեի։ Նա մի օր ասում է՝ իմ ծնունդն է այսօր, բայց ոչինչ ու ոչ մեկին չեմ ուզում, ուզում եմ ուղղակի զրուցել ոչ մոտ մարդու հետ։ Տենց նստեցինք, գարեջուր խմեցինք, իհարկե, խոսակցություն եղավ նաև քաղաքականությունից։ Ես ասեցի էն ինչ որ կա. որ Ռուսաստանը ֆաշիստական երկիր է, Պուտինը Հիտլերի պես ֆաշիստ է, որ ռմբակոծում են խաղաղ քաղաքներ։ Հաջորդ առավոտ ինձ տարան բաժին, պահեցին երեք օր։ 

Օպերը ինձ ուղիղ ասեց՝ չփորձես անգամ փախչել։ Հարցնում էին՝ ում հետ ես համագործակցում, ում ես ճանաչում, շփվում, ի՞նչ ես հասցրել անել և այլն։ Ես պատասխանեցի՝ ոչ մեկի հետ, ես մենակ եմ։ Ասեցին՝ էլ մի, մենակ եմ, տենց չի լինում. դու կամ պարտիզանական շարժման մեջ ես, կամ Արևմուտքի վրա ես աշխատում։ 

Երեկոյան նորից կանչեցին։ Խոսում էին իրար հետ, ընդ որում՝ գողականների նման, ինձ՝ ոչ մի խոսք։ Օպերը մյուս օպերին ասում է՝ «լսի, ախպերս»։ Ես մտածում եմ՝ գուցե իրենց է պետք խցում նստել, ոչ թե ինձ։ Շարունակում են. «դավայ սրա ջեբը նարկոտիկներ քցենք պրծնենք։ Ի՞նչ ենք երկարացնում»։ Հետո դիմում է ինձ. «Թմրանյութերի հետ ո՞նց ես»։ Ես չեմ փորձել, ու ցանկություն էլ չունեմ։ Ասում է՝ էլ մի, հիմա կբերենք մի տոպրակով, դու քո ձեռքով կբացես։ 

Պատասխանեցի, որ լավ հասկանում եմ, որ եթե ուզում եք՝ կանեք, բայց ես ձեր գործը չեմ հեշտացնի։ Կբարդացնեմ։ Կդիմադրեմ։ Եթե ձեռնաշղթաներ հագցնեք՝ կկծեմ, կճանկռեմ, որպեսզի իմ մատներին մնա ոչ միայն թմրանյութի հետքեր, այլև ձեր մաշկի։ 

Հետո հարցրեցին՝ կուզե՞մ ծխել։ Ասեցի՝ կարելի է։ Մեկը տարավ ինձ զուգարան, ծխախոտ տվեց։ Մեկ էլ ասում է՝ կրակայրիչն եմ մոռացել։ Չգիտես ինչու թատերական, դեմոնստրատիվ փնտրում է գրպաններում։ Ու զուգարան է մտնում երկրորդը՝ էլեկտրաշոկով։ Սա նայում է ինձ՝ ահա, կրակայրիչ, նայիր, ինչ լավն է։ Սվետա, երբեք սրանով չե՞ս փորձել ծխախոտ վառել։ Մոտեցրեց դեմքիս, հետո խրեց կողս։ Դիմանալ կարելի էր, բայց ցավոտ էր, ես չորեքթաթ ընկա գետնին։ Այսպես երեք օր։ Քրեական գործ չհարուցեցին։ 

 ***

Երբ հասա Հայաստան, որոշեցի գնալ Սևան, որովհետև այնտեղ տներն էժան էին։ Մնացի մինչև մայիս։ Հետո ընկերուհիս փող փոխանցեց, եկա Երևան։ Ինձ տուն գտնել օգնեց ԷԹՈՍ ֆոնդը։ Բայց փողերս վերջանում էին։

Պատահաբար տեսա աշխատանքի հայտարարություն և ընդունվեցի գործի Ուրարտու խանութում։ Այնտեղ բանալիների, ֆոտոյի, փաստաթղթերի պատճենահանում էի անում։ Սեպտեմբերին ինձ կրճատեցին, որովհետև կարել չգիտեմ։ 

Ուզում եմ տաքսի քշել։ Ռուսաստանում 14 տարի քշել եմ։ Արդեն պայմանավորվել եմ մեքենա վարձել, բայց բյուրոկրատական պրոցեսները երկար են տևում։ Ինձ պետք է նորից վարորդական իրավունքներ հանել։ Քննության գրանցվելու համար պետք է գրանցում ունենալ, գրանցման համար՝ ճամփորդական անձնագիր է պետք։

Շելթերում ես ծանոթացա Անիի և նրա դստեր հետ։ Անիի ամուսինը մահացել է, բարեկամները չեն օգնում։ Մենք ընկերացանք և հիմա միասին ենք տուն վարձում։ 

Մի հարցրեք՝ վախենո՞ւմ եմ ամեն ինչ պատմել։ Ոչ, չեմ վախենում։ Հոգնել եմ վախենալուց։ Ես ուզում էի գնալ Ուկրաինա կռվելու։ Ուզում էի կռվել «Սիբիրի գումարտակում»։ Անցել եմ օնլայն ստուգումները։ Մինչ սպասում էի ճամփորդական անձնագրին, զորահավաքը փակվեց։ Ընկերուհիս ասում է՝ որ զենք շատ կա, կռվող չկա։ Կան խոսակցություններ, որ զորահավաքը կվերսկսվի գարնանը։ Ես կուզեմ գնալ, առաջին հերթին՝ վրեժի համար։

Ուկրաինան ամեն դեպքում կհաղթի։ Իսկ Ռուսաստանի համար երկու տարբերակ կա. կամ կքանդվի ինչպես Խորհրդային միությունը, կամ էլի ավելի փակ երկիր կդառնա։

Որպես տաքսիստ աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ թղթաբանական հարցերը լուժելու համար Սվետլանային կարելի է ֆինանսապես օգնել փոխանցում անելով հետևյալ բանկային հաշվին.
4454 3000 0484 6769
Svetlana Chevychalova