Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 14-ի առավոտյան հայտնել է, որ Կուրսկի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Բրայնսկի, Օռլովի ու Ռոստովի մարզերը ենթարկվել են ուկրինական անօդաչու թռչող սարքերի տարբեր ինտենսիվության հարձակումների։ Թիրախում եղել են ավիաբազաները։ Այս մասով պաշտոնական հաստատումներ դեռևս չկան։
Ռուսական հակաօդային պաշտպանությունը 117 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք և 4 մարտավարական հրթիռ է ոչնչացրել։ Տեղական ինքնակառավարման մարմինների փոխանցմամբ, զգալի կորուստներ ռուսական քաղաքները չեն ունեցել։ Դրոնների բեկորներից թեթևակի տուժել են որոշ բնակելի շինություններ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջոցներ։ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում բեռնատար մեքենայի վարորդը ծանր վիրավորում է ստացել, քաղաքի բնակարաններից մեկում էլ հրդեհ է բռնկվել։
Մեկ շաբաթ առաջ, երբ Ուկրաինայի Զինված ուժերը նոր մտել էին ռուսական Կուրսկ, մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Գիշերվա հարձակումներից հետո արտակարգ դրություն է հայտարարվել նաև Բելգորոդի մարզում։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված իր զեկույցում նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գրոհը Կուրսկի շրջանում և տարբեր ուղղություններով առաջ են շարժվել մեկից-երկու կիլոմետր: Սուջա բնակավայրում «ավարտվել են հակառակորդին որոնելու և ոչնչացնելու գործողությունները»։
Օգոստոսի 13-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «արդեն հարյուրավոր ռուս զինվորականներ հանձնվել են և գերեվարվել»։ Նրա փոխանցմամբ, նախատեսվում է գերի վերցվածներին հետագայում փոխանակել Ռուսաստանում պահվող ուկրաինացի զինվորների ու քաղաքացիական անձանց հետ։ Զելենսկին խոստացել է «մարդասիրաբար վերաբերվել» բոլոր գերիներին։
Մինչդեռ երեկվանից շրջանառվող ռուսական գերիներին տեղափոխող մեքենայի լուսանկարում գերիների աչքերը փակված են սկոտչով։ Նկարն արվել է օգոստոսի 13-ին Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող ուկրաինական Սումիի մարզում։