Հուլիսի վերջերին ռուսական Բիրոբիջանի քննչական մեկուսարանում հացադուլի հետևանքների պատճառով մահացել է 39-ամյա դաշնակահար Պավել Կուշնիրը։ Նրան կալանավորել էին ահաբեկչական հոդվածով՝ 5 հետևորդ ունեցող YouTube ալիքում հակապատերազմական հոլովակներ հրապարակելու մեղադրանքով։ Կյանքի վերջին ամիսները Բիրոբիջանի ֆիլհարմոնիկի դաշնակահար Կուշնիրը նվիրել էր Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ պայքարին։ Առողջական վիճակի վատթարացումից հետո անգամ նա չէր համաձայնում դադարեցնել հակապատերազմական հացադուլը։
«Բարե’վ ֆաշիստական Ռուսաստանի հակաֆաշիստ սփյուռքին», – այսպես էր Կուշնիրը Յութուբի իր «ինոագենտ Մալդեր» ալիքում ողջունում հետևորդներին։ Իրական անունը նա չէր բացահայտում, ներկայանում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ФБР) հորինված ագենտ Ֆոքս Մալդերի անունով՝ «Գաղտնի նյութեր» սերիալից։
Սև վերնազգեստով նիհար սևահեր դաշնակահարն իր հոլովակները նկարում էր սպիտակ ֆոնին, որի վրա ամերկյան դերասանուհի Ջին Սիբերգի լուսանկարն էր։ Տեսանյութերը բավականին անորակ էին, հավանաբար նկարահանվել էին հին հեռախոսով։ Յութուբ ալիքի ստեղծման պատճառը, հավանաբար, «ԼԳԲՏ պրոպագանդայի» խիստ արգելքն էր («ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական, թեև նման շարժում առհասարակ գոյություն չունի)։ Ռուսական իշխանություններին Կուշնիրն իր ալիքում ֆաշիստների հավաքածու էր անվանում, պահանջում էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին «և առհասարակ բոլոր դատապարտվածներին». «ազատություն բոլորին»։ «Վոտ Տակ» հրատարակչության փոխանցմամբ, իր գոյության ողջ ընթացքում դաշնակահարի ալիքին հետևել է հինգ հոգի։
Բիրոբիջանում Պավել Կուշնիրին ճանաչում էին բոլորը։ Ազատզրկումից կես տարի առաջ նա դարձել էր տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի սոլիստը։ Յութուբում տեսնայութեր հրապարակելու պահից ի վեր նրա մասին ոչինչ հայտնի չէր։ Այս օգոստոսին «Վոտ տակ» հրատարակչությունը գրել էր նրա մահվան մասին. «39-ամյա Կուշնիրը չոր հացադուլի հետևանքով մահացել է քննչական մեկուսարանում»։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է դաշնակահարի մայրը։ Նրա խոսքով Պավել Կուշնիրը մահացել է հուլիսի 28-ին։
Մեկուսարանում անց կացրած ժամանակահատվածի մասին տեղեկություններ առայժմ չկան։ Հարազատները նշում են, որ նա նախկինում ևս փորձել է հացադուլ սկսել ի նշան բողոքի։ Ամեն անգամ, սակայն, տարբեր պատճառներով հարազատներին հաջողվել է դադարեցնել հացադուլը։