Վրացական մի քանի բանտերում տասնյակ դատապարտյալներ հացադուլ են իրականացնում։ Բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած համաներման մասին նոր օրինագծի դեմ, որի ընդունման դեպքում իրենք ամնիստիայի ծրագրից դուրս կմնան։
Վրաստանի խորհրդարանում հուլիսի 11-ին դիտարկվել է «Համաներման մասին» նոր օրինագիծը։ Նախաձեռնության հեղինակները ներում են նախատեսել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը դատապարտված անձանց համար։ Օրենքը տարածվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 66 հոդվածներով մեղադրվող անձանց վրա։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, համաներումը կվերաբերի դատապարտյալների 10 տոկոսին և ինչ-որ ձևով կազդի մեկ երրորդի վրա (քրեակատարողական հիմնարկներում նրանց մնալու ժամկետները կկրճատվեն ½-ով, ¼-ով, ⅙-ով)։ Եվս 7 հազար մարդու պայմանական դատավճռի ժամկետ կկրճատվի մեկ տարով։
Քութայիսիի №2 բանտի դատապարտյալները հացադուլի մեջ են արդեն հինգ օր։ Պահանջում են փոփոխություններ մտցնել նախագծի մեջ, որպեսզի այն տարածվի ավելի մեծ թվով մարդկանց վրա։ Հարազատների խոսքով, հացադուլավորները լրագրողների հետ հանդիպում են պահանջում։
«Նրանք դիմել են բողոքի ծայրահեղ ձևին։ Երբ մենք` ընտանիքի անդամներս, փոխանցել էինք լրագրողի հեռախոսահամարը, բոլոր դատապարտյալների մոտ այդ համարը բլոկավորել են։ Նրանց նաև հեռուստացույց նայել չեն թողնում», – պատմել է բանտարկյալներից մեկի բարեկամուհի Թամար Սոպրոմաձեն։
Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրացիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռաթի Իոնատամիշվիլիի խոսքով, համաներման նոր նախագիծը չի վերաբերելու անձանց, որոնք դատապարտվել են սպանության, թմրանյութերի վաճառքի, սեռական հանցագործությունների, թալանի, ահաբեկչության, կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար, նաև` «գողական աշխարհի» ներկայացուցիչների վրա։
Բացի Քութայիսիից, հացադուլ են սկսել նաև վրացական այլ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ։ Ռուսթավիի հինգերորդ բանտում, օրինակ, հացադուլ է սկսել շուրջ 50 քաղաքացի։ Լուրեր կան նաև Կսանիի և Գլդանիի բանտային հաստատություններում սկսված հացադուլների մասին։
«Իսկապես այս նոր օրինագիծը ոչնչով չի օգնի նրանց, ովքեր արդեն նստած են բանտում։ Համաներման նախագծի համաձայն, այն կտարածվի նրանց վրա, ովքեր դատվում են մեղմ հոդվածներով և նախկինում դատապարտված չեն եղել։ Այդ մարդիկ, որպես կանոն, բանտում չեն էլ հայտնվում։ Ո՛չ դատարանը, ո՛չ դատախազությունը նրանց բանտեր չի ուղարկում, ստանում են պայմանական ժամկետներ կամ տուգանքով պրծնում են։ Դատապարտված մարդիկ այս օրենքին սպասել են 12 տարի։ Այդ ամբողջ սպասողական վիճակն այժմ արժեզրկվում է։ Ո՛չ միայն դատապարտյալներն են բողոքում սրա դեմ, այլև նրանց հարազատները։ Կարծում եմ, բողոքի ալիքը գնալով կմեծանա», – «Կավկազսկի ուզել»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Նատիա Չխետիանին։
Համաներման այս օրենքը մեկնաբանել էր Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Նրա խոսքով, երկրում չեն գործում մի շարք մեխանիզմներ, որոնք կարող էին նպաստել բանտային պայմանների բարելավմանը և դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը։ Նա մասնավորապես խոսել է տարեցների համար բժշկական ստուգումների ոչ պատշաճ կազմակերպման մասին, և նշել, որ չեն գործում մեխանիզմները, որոնցով դատապարտյալները կարող են դիմել դատարան` տարիքի կամ հիվանդության բերումով վաղաժամ ազատվելու պահանջով։
Արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն հեռուստատեսությամբ հերքել է հացադուլավորների մասին լուրերը. «Հացադուլ հայտարարած դատապարտյալների թվի մասին տարածվող տեղեկություններն ապատեղեկատվություն են` միտված հասարակության մոլորեցմանը»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարբերաբար որոշումներ է կայացնում անհատ դատապարտյալների վաղաժամ ազատ արձակման մասին։ Օրինակ, հուլիսի 12-ին ներում է շնորհվել 13 քաղաքացու, որոնցից 6-ը դուրս են եկել բանտից, 2-ն ազատվել են այլ տեսակի պատժիչ ձևերից, 5-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է։
2019-ի օգոստոսից մինչև 2020-ի հունվար Վրաստանում համաներման մորատորիում էր գործում։ Այն ներմուծվել էր նախագահի կողմից հայտարարված ամնիստիայի արժանացածների ցանկում Ռամազ Դևաձեի առկայությամբ։ Դևաձեն ոստիկանի սպանելու համար դատապարտված էր 15 տարվա ազատազրկման։ Նրան համաներմամբ ազատելու որոշմանը դեմ էին ինչպես ընդդիմադիր ուժերը, այնպես էլ իշխող «Վրացական երազանքի» անդամները։ 2020-ի հունվարի 6-ին, երբ մորատորիումը հանվեց, Զուրաբիշվիլիի հրամանով ազատ արձակվեցին ևս հինգ քաղաքացիներ։ Սա առաջացրեց իրավապաշտպանների դժգոհությունը. չի կարելի հարցը լուծել կետային և ազատ արձակելու որոշումներ կայացնել կոնկրետ մարդկանց վերաբերյալ, երբ երկրում համաներման են սպասում հարյուրավոր դատապարտյալներ։