Վրաստանի խորհրդարանը փողոցային բազմահազարանոց ցույցերի ներքո առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ 2023-ին այս օրենքի ընդունման փորձը տապալվեց՝ Թբիլիսիի կենտրոնում չդադարող պրոտեստներին տեղի տալով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծն այս տարի օրակարգ էր հանվել ապրիլի սկզբին։ Նախատեսվում է, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնց շահույթի 20%-ից ավելին ապահովվում է արտասահմանյան ֆինանսավորմամբ, գրանցվելու են հատուկ ցուցակում։ Գրանցումից կամ ֆինանսավորման աղբյուրների բացահայտումից խուսափած կազմակերպությունների համար սահմանվել է 25 հազար լարի տուգանք (շուրջ 10.000$)։ Հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պարտավոր են իրենք դիմում ներկայացնել օտարերկրյա շահեր ներկայացնող ուժ ճանաչվելու մասին։ Ներկայացված դեկլարացիաների զննությամբ և ցուցակագրմամբ զբաղվելու է արդարադատության նախարարությունը։
Օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները այն համարում են 2012 թվականին Ռուսաստանում ընդունված համանման օրենքի անալոգ։ Վրաստանի իշխանություններն այս մեղադրանքները չեն ընդունում՝ պնդելով, որ այն հիմնվում է ամերիկյան իրավական փորձի վրա։ Նախագծի հեղինակները նաև նշում են, որ Ռուսաստանի դեպքում խնդրահարույց է ոչ թե բուն օրենքը, այլ դրա շահարկումը Կրեմլի կողմից։
Ապրիլի 8-ից սկսած հարյուրավոր քաղաքացիներ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույցեր են իրականացնում։ Երեկվա ակցիայի ժամանակ 11 մարդ է ձերբակալվել՝ հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է՝ հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ և մահակներ են կիրառում խորհրդարանի դիմաց հավաքված մարդկանց նկատմամբ։ Ոստիկանների գործողություններից տուժել են նաև «Պուբլիկա», «Թաբուլա» և «Ափրիլի» առցանց պարբերականների լրագրողները։ Վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ։
Օրենքի նախագիծը հեղինակել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ դաշնակցող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները։ «Վրացական երազանքը» աջակցել է նախաձեռնությանը։ 2023-ի մարտին այն խորհրդարանի օրակարգ էր բերվել և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Զանգվածային բողոքի ցույցերից հետո իշխանությունները նահանջել և հետ էին կանչել օրենքի նախագիծը։
Այս տարվա ապրիլի 8-ին այն կրկին օրակարգ է հանվել։ Բողոքի ցույցերը վերսկսվել են նույն օրվանից։ Օրենքի լրամշակված տարբերակը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին նախագիծը, ապիլի 15-ին հաստատվել է պարլամենտի պրոֆիլային հանձնաժողովի կողմից, ապրիլի 16-ին՝ դրվել խորհրդարանային քննարկման։
Ապրիլի 15-ին օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվում էր խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։ Քննարկումն ավարտվել է պատգամավորների միջև ծեծկռտուքով։ Ընդդիմադիր «Քաղաքացիներ» միավորման առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին նիստի ժամանակ հարձակվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեի վրա, ով այդ պահին պատասխանում էր նախագծի վերաբերյալ հարցերին։ Վեճին միացել են նաև այլ պատգամավորներ։ Միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո ըստ համապատասխան ընթացակարգի Էլիսաշվիլիին հեռացրել են նիստերի դահլիճից։ Իրավական հանձնաժողովն ի վերջո հավանություն է տվել նախագծին։
Նույն օրը ավելի քան 3 հազար մարդ դուրս է եկել փողոց։ 14 քաղաքացի ձերբակալվել է, որոնցից չորսն ազատ են արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ, մյուսները շարունակում են մնալ քննչական մեկուսարանում։
Բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Զուգդիդի, Բաթումի և Քութայիսի քաղաքներում։
Վերջին երկու օրերի ձերբակալություններն ու բիրտ ուժի կիրառումը արդարացնելով՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե ցուցարարները «ֆիզիկապես դիմադրում էին ոստիկաններին, նրանց ուղղությամբ տարբեր տեսակի բութ իրեր, քարեր ու շշեր էին նետում»։ Հաղորդվել է, թե ոստիկանության մեկ ծառայող է հոսպիտալացվել, կա վնասված ոստիկանական մեքենա։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է քաղաքացիների նկատմամբ միտումնավոր սադրանքներ հրահրելու մեջ։ Ավելի վաղ նախագահն իշխող ուժին «Ռուսական երազանք» էր անվանել։
Զուրաբիշվիլին Բի-բի-սիի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է վետո դնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։ Իշխող կուսակցությունը, սակայն, ունի բավարար թվով պատգամավորներ նախագահական վետոն հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ ներկայումս Վրաստանի խորհրդարանում քննարկվում է նաև «ԼԳԲՏ պրոպագանդան» արգելելու մասին նախագիծը։ Նմանատիպ օրենք Ռուսաստանում ընդունվել էր 2022-ի դեկտեմբերին։
Ապրիլի 4-ին Վրաստանի խորհրադարանը չեղարկել էր կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները։ Պառլամենտական ընտրությունների՝ կուսակցական ցուցակների ձևավորման փուլում կին թեկնածուների համար «արտոնություններ» այլևս չեն գործում։