Վերջին օրերի զանգվածային բողոքի ցույցերի և փողոցային բախումների արդյունքում Վրաստանի խորհրդարանը (երկրորդ ընթերցմամբ) մերժել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վիճահարույց նախագիծը, որը իշխող կուսակցության ընդդիմախոսները ռուսական համանուն օրենքի անհաջող պատճենն էին համարում։
Մի քանի օր էր՝ Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային ցույցեր էին։ Մարտի 7-ին խորհրդարանի մոտ հավաքված տասնյակ հազարավոր (հիմնականում երիտասարդ) ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Հատուկ միջոցներ են կիրառվել նաև մարտի 8-ի ցույցին։ Փողոցում հավաքվածները պատասխանել են ինքնաբուխ բարիկադներով, Մոլոտովի կոկտեյլներով և այրված ոստիկանական մեքենաներով։ Ձերբակալվածները՝ ավելի քան հարյուր հոգի, նախօրեին ազատ են արձակվել․ մարտի 9-ին իշխանությունները նահանջեցին և հայտարարեցին օրենքի նախագիծը հետ կանչելու մասին, բայց ցույցերը շարունակվեցին՝ այդ թվում նաև ազատազրկված երիտասարդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Օրենքի նախագիծը հեղինակել էին «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ դաշնակցող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները։ «Վրացական երազանքը» աջակցել էր նախաձեռնությանը, մարտի 7-ին խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Իշխանականները պնդում էին, որ վհուկների այս որսը հիմնվում է ամերիկյան իրավական փորձի վրա, ընդդիմությունը հակադարձում էր՝ այն պատճենում է ռուսական հայտնի օրենքը։
Փողոցում հավաքվածները վանկարկում էին «Վրաստանը Եվրոպա է, ո՛չ ռուսական օրենքին», ջրցանների տակ ծածանում Եվրամիության դրոշը, այրում Ռուսաստանինը և քննադատում «Վրացական երազանքի» պրոռուսական քաղաքականությունը։
«Վրացական երազանքի» տիրոջը և Վրաստանի փաստացի ղեկավարին՝ միլիարդատեր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին, որը սերտ կապեր ունի ռուսական բիզնեսի հետ, ընդդիմությունը մեղադրում է քաղաքական ռուսամետության մեջ։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ներքին լարումն էլ ավելի է սրվել․ արևմտամետ ուժերը պնդում են, որ Վրաստանի գործող իշխանությունները օգնում են Մոսկվային շրջանցել ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները և օգտագործում Վրաստանը որպես ապօրինի տարանցման գոտի։ Այս բարդ լոգիստիկայի մեջ, ըստ նրանց, մասնակցում են նաև Թուրքիան և Հայաստանը։
«Օտարեկրյա գործակալների» մասին օրենքը, որով նախատեսվում էր հաշվառել արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպություններին (այդ թվում՝ ՀԿ-ներին) և անհատներին, ընկալվեց որպես այս քաղաքականության նշան։ Երկօրյա բախումների արդյունքում այն չընդունվեց։ «Միջանկյալ հաղթանակի» համար վրացի քաղաքական գործիչները այժմ շնորհակալություն են հայտնում երիտասարդներին, որոնք կռվում էին ոստիկանների հետ, պարում սիրենաների տակ, ինքնակազմակերպվում առանց իրենց օգնության։ «Մեր երեխաները կարողացան դա անել։ Ո՛չ Ռուսաստանին։ Երեխաներ, գենացվալե», – գրում է պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն՝ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից, որի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին այժմ բանտում է։
Still my favorite video from yesterday's protest in Tbilisi 🇬🇪: We dance together, we fight together. As one of the protesters rightfully said: "We go to the nightclubs for gas and sirens, your morons" #TbilisiProtests stand with Georgia 🇬🇪 pic.twitter.com/4wHERNcVQq
— Giorgi Revishvili (@revishvilig) March 9, 2023
Ոչ թե պատճառ, այլ նշան
Տեղի ունեցածը լրավրող, քաղաքագետ Վադիմ Դուբնովն այսպես է մեկնաբանում․
— Նման օրենքները հատուկ ժանր են։ Իմանալ, թե ով, ում և որ արտասահմանից է ֆինանսավորում, պետությունը կարող է նաև առանց դրանց։ Օտարերկրյա գործակալների մասին ահեղ ճշմարտությունը քաղաքացիներին հասցնելու համար բավականաչափ բարձրախոսներ կան։ Կան նաև պատժիչ գործառույթներ՝ պարտադիր ցանկացած, այդ թվում ժողովրդավար պետության համար։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքն ավելի շուտ նշան է՝ մարտահրավերին արձագանքնելու պատրաստակամության ցուցիչ, և հնարավորություն՝ հասկացնել տալու, որ ռեպուտացիայի հետևից պետությունն այլևս չի ընկնելու։
Օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքն էլ էր – ազատությունների այսօրվա ընկալման տեսանկյունից – կասկածելի գաղափար։ Բայց դա նախազգացումն էր այն պատերազմի, որում ավելի ամոթ բաներ էլ են պատահել։ ․․․Նենց որ «գործակալների» սյուժեն ոչ թե պատճառ է, այլ քաղաքավարությունից հրաժարվելու արդեն իսկ առկա պետական հակվածության ցուցիչ։
2012-ին պարզվեց, որ ռուսաստանցիներից շատերը առանց -Պուտինի-4-տարվա ընթացքում հավատացել են, որ ազատությունն անազատությունից լավ է։ Նրանց, ովքեր դուրս եկան հրապարակ՝ համոզմամբ, որ երկրի համար նոր շանս է ստեղծվել, իշխանությունը մարտահրավեր համարեց և պատասխանեց։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը դարձավ այն, ինչ պիտի դառնար՝ վերածնունդի լեգալիզացում։
Բայց ի՞նչ կապ ունի սրա հետ Վրաստանը։ Միակ մարտահրավերն այսօր հնարավորությունն է հայտնվել Եվրոպայում։ Եվ այն տապալելու խնդիրը, եթե նման խնդիր նույնիսկ դրված լիներ, շատ ավելի անմրուր լուծումներ ունի։ Նույնը Ռուսաստանի դեպքում, եթե ինչ-որ մեկը լրջով պատկերացնում է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի բանալիները Պուտինին հանձնելիս։
Վախեցնել Եվրոպային կուրսի փոփոխությա՞մբ։ Եվրոպայում, որը աշխարհին քիչ մաթեմատիկոսներ չի տվել, կհամեմատեն սեփական կորուստները վրացականի հետ և խղճահարությամբ կժպտան։ Էլ ի՞նչ է մնում։ Իրական փլուզում ա լյա րյու՞սս։ Վրաստանում, թերևս, մարդիկ ավելի համեստ մտադրությունների համար էլ են իշխանությունից զրկվել։
Այսպիսով՝ եթե չկա մարտահրավեր, այն պետք է ինքնուրույն նետել։ Ի՞նչ կարիք կա ժողովրդավորություն ձևացնել, եթե կարելի է չձևացնել։ Ինչի՞ է պետք բավարարել ինչ-որ մեկի չափից դուրս բարձր սպասելիքները, պատասխանել տհաճ հարցերին, արդարանալ համաքաղաքացիների առաջ։ Ավելի հեշտ է լինել անկեղծ։ Եվ եթե առաջ ամոթ էր խոստովանել, որ դեմոկրատիայից կարևոր բաներ էլ կան, պատերազմն այժմ իջեցրել է բոլոր նշաձողերը։ Կարճ ասած՝ վերածնունդի քողի ներքո լեգիտիմացվում է այն, ինչ որ կա։ Եվ եթե նույնիսկ սարսափելի օրենքը չընդունվի, նստվածքն ավելի կարևոր է․․․