Վրաստանի նախագահը հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում։ Օրեր առաջ՝ Bloomberg-ի հետ զրույցում, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե ուկրաինական պատերազմի հետևանքներով կնքվելիք խաղաղության պայմանագրում հարկավոր է ներառել նաև Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման դրույթը։ «Ռուսաստանը պետք է իմանա՝ որտեղ են անցնում նրա սահմանները։ Վրաստանի խնդիրները պետք է հաշվի առնվեն, որևէ մեկը չպետք է մտածի, որ այս պատերազմը կարող է ավարտվել՝ առանց բոլոր օկուպացված տարածքներից Ռուսաստանի նահանջի», – նշել է Վրաստանի նախագահը։
Եթե Վրաստանը մտադիր է ուկրաինացիների կյանքների հաշվին վերադարձնել իր կորսված տարածքները, ապա կարող է այդ մասին պարզապես մոռանալ՝ արձագանքել են Կիևից։ Մոսկվայում հիշեցրել են՝ «ուկրաինական սցենարից» Վրաստանին անջատում է միայն իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» քաղաքականությունը։
Նախագահ խոսքերը և կառավարության գործողությունները․ Կիևում դժգոհ են
Զուրաբիշվիլիի հայտարարությունները մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Ուկրաինացի պաշտոնյան նկատել է՝ Վրաստանի նախագահի խոսքերի և Վրաստանի կառավարության գործողությունների մեջ լուրջ դիսոնանս կա։
«[Վրաստանի նախագահը] համարում է, որ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ հաշտեցման համաձայնագրեր ենք ստորագրելու։ Նա երևակայել է, թե մենք պարտավոր ենք ներառել այնտեղ 2008 թվականին Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքները։ Դեռևս մարտին ես դիմել էի մեր վրացի եղբայրներին՝ եկեք օգնե՛ք, եկեք միասին աշխատենք։ Վրաստանը՝ ի դեմս այս նույն անձանց, լռում էր, մի հատ էլ նկատողություն էին անում, թե ես խառնվում եմ իրենց գործերին։ Այժմ նրանք ուզում են կցվել մեր հաղթանակին և հարամում են, թե այդպես էլ պետք է լինի», – հայտարարել է Դանիլովը։
Վրաստանի իշխանությունները, ըստ նրա, ուկրաինացի ժողովրդի արյան հաշվին փորձում են լուծել իրենց տարածքային խնդիրները՝ միևնույն ժամանակ ծաղրանքի ենթարկելով Ուկրաինայի քաղաքացի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Սաակաշվիլին բանտարկված է, նրա առողջական վիճակը օրեցօր վատթարանում է․ ուկրաինացի պաշտոնյան նկատել է՝ թող հարգանք ունենք և ոչ թե ծաղրեն նրան, այլ գոնե վերադարձնեն Կիև։
Մոսկվան գոհ է, բայց փորձում է չվարկաբեկել
Վրաստանի նախագահի մտքերը չեն գնահատել նաև Մոսկվայում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամեն դեպքում, հիշեցրել է՝ Զուրաբիշվիլին Վրաստանում ոչինչ չի որոշում, իսկ նրանք, ովքեր որոշում են, շարժվում են ճիշտ ուղղությամբ։ Ճիշտ՝ այդ թվում Կրեմլի համար։
«Վրաստանում նախագահը, փառք Աստծո, երկրի զարգացման ուղիները չի որոշում, նրան արարողակարգային գործառույթներ են վերապահված․․․ Կա կառավարություն․․․ Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մտածի, թե ես այդ կառավարությանը հիմա ուզում եմ վարկաբեկել՝ իմ դրական խոսքերով․․․ Ես պարզապես կմեջբերեմ Վրաստանի վարչապետի և նախարարների խոսքերը, որոնք՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին միանալու, «երկրորդ ճակատը» բացելու պահանջներին, այդ աննախադեպ ճնշումներին պատասխանելով, նշել էին․ «Մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահերով, Ռուսաստանի հետ մենք առևտուր և զբոսաշրջություն ունենք, Ռուսաստանից մենք նաև էներգակիրներ ենք ստանում», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Չնայած Լավրովը շեշտել էր՝ չի ուզում վարկաբեկել «Վրացական երազանքը», այնուամենայնիվ՝ մի քիչ վարկաբեկեց։
Թբիլիսին օգնում է Ռուսաստանին՝ ահազանգում է ընդդիմությունը
Վրաստանի ընդդիմությունը իշխող կուսակցությանը վաղուց մեղադրում է Ռուսաստանին աջակցելու, Ռուսաստանի հետ ստվերային գործարքներ կնքելու, Ռուսաստանի տնտեսական և քաղաքական շահերը քողարկված կերպով սպասարկելու մեջ։ Լավրովի այս հայտարարությունը նրանք անմիջապես մեկնաբանել են որպես իրենց քննադատության պաշտոնական հաստատում։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝ Ուկրաինային աջակցող դեկլարացիաների ֆոնին, Վրաստանը էապես մեծացրել է Ռուսաստանի հետ իր տնտեսական համագործակցության ծավալները։ Մոսկվայի դեմ պատժամիջոցների պատճառով տարածաշրջանային հաղորդակցությունների լոգիստիկ շղթաները խաթարվել են։ Այժմ դրանք վերանայվել են և փոխարինվել նորերով, հիմնականում՝ Վրաստանի և Թուրքիայի հաշվին։ Արևմտյան լրատվամիջոցները ահազանգում էին՝ Թուրքիայից, Վրաստանի տարածքով, Ռուսաստան են տեղափոխվում նաև սանկցիաների տակ գտնվող ապրանքներ։ Եթե արևմտյան լրատվամիջոցները զուտ «կասկածներ» էին հայտնում, ապա Վրաստանի ընդդիմությունը բոլորովին վստահ է՝ Մոսկվայի հետ սերտորեն փոխկապակցված կառավարությունը օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Վրաստանից Ռուսաստան արտահանումը անցյալ տարի աճել է ընդամենը 7 տոկոսով, մինչդեռ Վրաստանից Ղազախստան և Հայաստան արտահանումն աճել է 148 և 129 տոկոսով։ Ներքին պահանջարկով սա պայմանավորել հնարավոր չէ՝ ընդգծում է վրացի ընդդիմադիրները։ Հայաստանն ու Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, Վրաստանի ընդդիմության կարծիքով՝ երկրի կառավարությունը՝ Ռուսաստանի հետ տնտեսական և մաքսային միություններին անդամակցող երկրների միջոցով, մասնակցում է ռեէքսպորտի կիսաստվերային գործարքներին։ Նրանք հավելում են, թե ռուս-վրացական այս փոխգործակցությունը ապացուցվում է ոչ միայն այս, այլև մի շարք այլ կողմնակի ցուցիչներով։ Պաշտոնական Թբիլիսին հերքում է այս մեղադրանքները և պնդում, որ խիստ վերահսկողություն է իրականացնում՝ կապի մեջ մնալով արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։
Սպառնալ «ուկրաինական սցենարով»
Ի պատասխան քննադատություններին, Վրաստանի կառավարությունը ակնրակում է՝ նրանք, ովքեր անվերապահ աջակցում են Արևմուտքին ու Ուկրաինային և կոչ են անում միանալ միջազգային պատժամիջոցներին, երկիրը ներքաշում են պատերազմի մեջ։
Ընդդիմությունը սա Կրեմլի կեղծ քարոզչություն է համարում։ «Լավրովն ու «Վրացական երազանքի» պրոպագանդան ստում են․ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները ամենապաշտպանվածն են ու ամենաանվտանգը», – հայտարարում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն։
Վրաստանը, սակայն, ո՛չ Եվրամիությանն է անդամակցում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին։ Ընդդիմադիրները համարում են, որ ինտեգրացման գործընթացը խոչընդոտվում է Վրաստանի «ռուսամետ» կառավարության կողմից։ Ըստ նրանց, եթե Վրաստանի քաղաքական կուրսը փոխվի, ինտերգրացման շանսերը կարող են մեծանալ։
Մինչ այդ՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ակնարկում է՝ եթե Թբիլիսիի իրոք փոխի իր քաղաքական կուրսը, Վրաստանը հայտնվելու է այն երկրների ցանկում, որտեղ գործընթացները կարող են զարգանալ «ուկրաինական սցենարով»։