Մոսկվայում այսօր կայացել է «3+3» («3+2») խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը:
Նիստի ընթացքում, ըստ Կրեմլի, քննարկվել են «տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները»: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար:
«Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին», – ասված է հաղորդարության մեջ:
Թարմացում 20։45 – Նյութի հրապարակումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն տարածեց նիստի վերաբերյալ։
«․․․Քննարկվել են հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից»,- ասված է Երևանի տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի ներկայացուցիչները նույնպես հրավիրվել էին, սակայն, ինչպես և ավելի վաղ հայտարարել էին, հրաժարվել են մասնակցել հանդիպմանը: Թբիլիսին մի քանի անգամ արդեն հայտարարել էր, որ չի դիտարկում ֆորմատին մասնակցելը՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով։
«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ արձանագրել հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», – երեկ հայտարարել էր Վրաստանի արտգործնախարարությունը։
Հինգ երկրների ներկայացուցիչները, ըստ հաղորդագրության, հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը բաց է մնում»։
Հիշեցնենք՝ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան, հաջորդաբար՝ նաև Բաքուն առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Ավելի ուշ ձևաչափի օգտին էր հանդես եկել նաև Ռուսաստանը, առաջարկը ողջունել էր իրանական կողմը։ Վրաստանը միանշանակ դեմ էր արտահայտվել և շարունակ մերժում է մասնակցության առաջարկը։ Հայաստանը մինչ այժմ կա՛մ լռում էր, կա՛մ հանդես գալիս անորոշ մեկնաբանություններով։