Դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու 3+3 (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան) կամ 3+2 (առանց Վրաստանի) ձևաչափով նախնական նիստը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ Հայաստանը մասնակցելու է։
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարելու, որ 3+3 ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկման համար մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», – խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշել է Փաշինյանը։
Այս ձևաչափով առաջին՝ նախնական նիստը, ըստ նրա, տեղի է ունենալու առաջիկա օրերին։
«Եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու և, այո, Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև արտաքին գործերի նախարարի տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը: Պետք է քննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը՝ ըստ այդ քննարկման արդյունքների», – հավելել է վարչապետը։
Հիշեցնենք՝ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան, հաջորդաբար՝ նաև Բաքուն առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Ավելի ուշ ձևաչափի օգտին էր հանդես եկել նաև Ռուսաստանը, առաջարկը ողջունել էր իրանական կողմը։ Վրաստանը միանշանակ դեմ էր արտահայտվել և շարունակ մերժում է մասնակցության առաջարկը։ Հայաստանը մինչ այժմ կա՛մ լռում էր, կա՛մ հանդես գալիս անորոշ մեկնաբանություններով։