Ո՞վ է ասել, որ «окончательный статус»-ը երբևէ ենթադրել է Ղարաբաղի անկախացում՝ հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ պատասխանում՝ Ղարաբաղը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու նույնիսկ որևէ տեսական հնարավորություն։
«Հայ հանրության շրջանում, նաև որոշակի պրոպագանդայի արդյունքում, ձևավորվել է հետևյալ պատկերացումը․ եթե ասում են «окончательный статус Нагорного Карабаха», նշանակում է Ղարաբաղի անկախություն։ Ո՞վ է դա ասել», – Ազգային Ժողովի դեկտեմբերի 8-ի նիստին Փաշինյանը հարցով պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Եվ թարգմանում՝ Окончательный статус ընդամենը նշանակում է վերջնական կարգավիճակ։
Վարչապետը հիշեցնում էր նաև պատերազմի առաջին և հետագա օրերի խոսակցությունների մասին, որ դեռ սեպտեմբերի 27-ին է ասել՝ պատերազմը հնարավոր է կանգնեցնել և նշել դրա գինը։ Խոսվել է նաև բանակցային փաստաթղթերում կարգավիճակին վերաբերող անորոշության մասին․ միակ գործիքը, որով հնարավոր էր հասնել Ղարաբաղի անկախացմանը, հանրաքվեն էր, որի վերաբերյալ կողմերը մինչև վերջ էլ ունեին հակադիր պատկերացումներ․
«Հանրաքվեին նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների մասնակցությունը։ Երբեք փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղում, տարածք ոչ մի անգամ չի ֆիքսվել։ Այստեղ այնքան նրբություններ կան․ ո՞նց է որոշվելու այդ կարգավիճակը, ի՞նչ է լինելու վերջում։ Ինչ որ մեկը գիտի՞ սրա պատասխանը»։
Որ Լեռնային Ղարաբաղի անկախացումը բանակցային որևէ տարբերակում չի քննարկվել՝ հայտնվի է վաղուց։ Հայկական կողմը պարբերաբար շեշտում էր, որ հանրաքվեն, որը սահմանված է եղել բանակցային փաթեթներով, տրամաբանորեն պետք է բերեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը՝ ակնարկելով, որ կարգավիճակ նշանակում է անկախացում։ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ հերքում է այս ակնկալիքը։
Դեռ ապրիլին՝ կրկին պատգամավորների հարցերին պատասխանելիս, նա հայտարարել էր՝ բանակցային գործընթացով նախատեսվում էր, որ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թե որտե՞ղ է այն տեղի ունենալու՝ երբևէ սահմանված չի եղել․ Ադրբեջանը, ըստ նրա, ունեցել է այն դիրորոշումը, որ միջազգայնորեն ճանաչված իր տարածքի որևէ հատվածի կարգավիճակ կարող է ճշգրտվել միայն ընդհանուր, համապետական, այսինքն՝ Ադրբեջանի ողջ տարածքում տեղի ունեցող հանրաքվեով։ Հայաստանն այս մոտեցմանը դեմ է եղել, և բանակցություններում հանրաքվեի հարցի շուրջ երբեք կոնկրետություն չի եղել։ Չի սահմանվել ոչ հանրաքվեի արեալը, ոչ հանրաքվեի դրվող հարցը, ոչ էլ այն, թե ով է այդ հարցը ձևակերպելու։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի հարցին պատասխանելով՝ վարչապետն այսօր վերահաստատել է՝ 2020 թվականի պատերազմը կանխելու ձևը մեկն էր, այն է՝ տարածքների վերադարձ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման․ «2018 թվականինստացած բանակցային բովանդակության ժառանգությամբ ես պատասխանատու ասում եմ՝ Ղարաբաղը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու նույնիսկ որևէ տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել։ Եթե սա դավաճանություն է, ուրեմն դավաճանների իշխանություն դուք եք»։