Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» մեխանիզմը՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
G20 շրջանակներում Էրդողանը նախօրեին մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ․ արևմտյան գործընկերների հետ նա քննարկել է նաև «իրավիճակը Հարավային Կովկասում»։
«Հարավային Կովկասում իրավիճակից» Թուրքիայի նախագահը խոսել է նաև մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Եթե բոլոր վեց երկրները դրական տրամադրվեն, հարթակը կստեղծվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի», – Հռոմում՝ G20-ի շրջանակներում հրավիրված ասուլիսին ասել է Էրդողանը։
Վրաստանը, ըստ նրա, բացասական է վերաբերվում «3+3» հարթակի գաղափարին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե 6 երկրներից 4-ը՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը դրական են վերաբերվում «3+3»-ին, իսկ Հայաստանի հետ «քննարկումները շարունակվում են»։ Լավրովը հույս էր հայտնել նաև, որ Վրաստանը կվերանայի իր մոտեցումը և «կտեսնի իր հիմնարար շահը»։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, թե «3+3» ձևաչափի վերաբերյալ Հայաստանը դեռ դիրքորոշում չունի․ «Ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Երբ ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բնականաբար, մենք քննարկում ենք այն, որոշ դիրքորոշումներ ներկայացրել ենք մեր գործընկերներին, և նրանք ըմբռնումով են մոտենում մեզ», – rusarm.info-ի հետ զրույցում ասել էր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Անկարան հանդես է եկել առաջարկով՝ ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Հետպատերազմական կարգավորման համատեքստում այդ ձևաչափի օգտին է հանդես գալիս նաև Մոսկվան։
Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում «3+3» ձևաչափը քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, թե Սերգեյ Լավրովը ու Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 30-ին մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ «տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։