Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Վրաստանի և Ուկրաինայի հարաբերության հեռանկարի մասին հարցին, հայտարարել է, որ չի հասկանում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում վրացական իշխանությունների անգործությունը։ Պատժամիջոցների հարցում նմանատիպ դիրքորոշում ունեցող Ադրբեջանին Զելենսկին ավելի մեղմ է քննադատել։
Ապրիլի 23֊ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին նորից քննադատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չկիրառելու մասին Վրաստանի որոշումը։ Նախագահի խոսքերով, ուկրաինացիները և վրացիները իսկական եղբայրական ազգեր են ու այդ պատճառով վրացական իշխանությունների անգործութունը իր կողմից այդքան ցավալի է ընկալվում։
«Նրանք [վրացական իշխանությունները] մեծ մարդիկ են ու ես չգիտեմ ինչի համար են դա անում։ Ինչո՞ւ չեն կիրառում պատժամիջոցները։ «Մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը»․․․ ի՞նչ տնտեսություն։ Վրաստանի տարածքի մի մասն արդեն խլել են։ Գրեթե հասել են Թբիլիսի․․․», ֊ նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Վրաստան այն ժամանակ, երբ Ուկրաինան զգա վրացական իշխանությունների աջակցությունը։
Պատժամիջոցների հանդեպ Ադրբեջանի չեզոք դիրքորոշման մասին Զելենսկին ավելի մեղմ խոսեց, պարզաբանելով, որ Ադրբեջանը այն քիչ երկրներից է, որտեղ չեզոքությունը խախտելու հետևանքով կարող է պատերազմ սկսվել։ Ուկրաինայի նախագահը ասաց, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները լավ են, բայց իրենք, այնուամենայիվ, Բաքվից ավելի շատ ներգրավվածություն են սպասում։
Զելենսկու խոսքերը Эхо Кавказа-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին, որը Ռոնդելիի հիմնադրամի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է։ Գոգոլաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի կտրուկ խոսելաոճը իր համար հասկանալի է․ պատերազմը Զելենսկուն դիվանագիտական ռևերանսների ժամանակ չի թողել։
«Մեր կառավարություն սպասողական դիրքորոշումը պայմանավորված է մեր անպաշտպանությամբ․ չնայած բոլոր ուղղություններով Ռուսաստանի հարձակողական պահելաձևին, անգամ տարրական նախազգուշական միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ինչ պատժամիջոցների մասին ենք խոսում, եթե իշխանությունները ագրեսոր երկրի նկատմամբ անգամ վիզայով մուտքի ռեժիմ չեն ներդրել։ Ցանկացած զինվորական սեփական մեքենայով կարող է անարգել կերպով մուտք գործել։ Երկիրը ոչ արդյունավետ գործող զինված ուժեր ունի, ոչ տնտեսական բարձ․ հենց այս վախով է պայմանավորված կառավարության ամորֆ քաղաքականությունը։»
Գոգոլաշվիլին ասում է, որ նույնատիպ սխալ է թույլ տվել, երբ 2014 թվականի իրադարձություններից հետո իր ամբողջ տնտեսությունը ռուսական էներգատարներից չի անջատել՝ «լուծելով այսօրվա խնդիրները վաղվա ապահովության հաշվին»։ Նրա խոսքերով, վրացական իշխանությունները այս պահին բավականաչափ ռեսուրս չունեն, որ իրենց քաղաքականության մեջ որևէ բան փոխեն։
Վրաստանի իշխանությունները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել Ուկրաինայի նախագահի հայտարարությունները։