Ռուսաստանի Լուսավորության նախարարությունը (Министерство просвещения) 1֊ին դասարանցիներին պատմություն սովորեցնելու մասին որոշում է կայացրել։ Բացի այդ, դպրոցներում սեպտեմբերի 1֊ից ամեն երկուշաբթի աշակերտները պետք է երկրի օրհներգը երգեն՝ դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ։
Մոսկվայի Հաղթանակի թանգարանում՝ «Ուժը ճշմարտության մեջ է» ռուսական համադպրոցական ֆորումի շրջանակներում, «Սովորական նացիզմ» ցուցահանդեսի բացման արարողությանը Ռուսաստանի Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ նախարարությունը որոշել է դպրոցներում պատմություն դասավանդել 1֊ին դասարանից։ Գործող կրթական ծրագրի համաձայն, երեխաները 5֊րդ դասարանից են սկսում ծանոթանալ տվյալ առարկայի հետ։
«Մենք ամեն ինչ կանենք, որ պատմական հիշողությունը պահպանվի», – հայտարարել է նախարարը՝ քիչ ուշ պարզաբանելով, որ խոսքը ոչ թե առանձին պատմության դասերի, այլ պատմական «լուսավորման» մասին է, որը իրականացվելու է «Շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում։
Այս համատեքստում նա նաև «Ուկրաինայում ստեղծված իրավիճակն» է հիշատակել․ «Ցավոք սրտի, տեսնում ենք, որ Ուկրաինայում նացիզմ է վերածնվել»։
Կրավցովի մեկ այլ հայտարարության համաձայն, հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1֊ից Ռուսաստանի բոլոր դպրոցներում շաբաթը սկսելու են դրոշի բարձրացման արարողությամբ, որի ընթացքում դպրոցականները կերգեն երկրի հիմնը։ Որոշ դպրոցներում նախաձեռնությունը ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա մայիս ամսից։
Նախարարը նշել է, որ դրոշի բարձրացման արարողությունը շատ դպրոցներում արդեն իրականացվում է և կայուն պրակտիկա է դարձել։ Արարողությունն, ըստ նրա, նպաստում է աճող սերնդի մեջ հայրենասիրության և քաղաքացիականության (гражданственность) զգացումների ձևավորմանը։