Մոսկվայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու ղեկավարների դռնփակ զրույցը շուրջ 4 ժամ է տևել։ Հանդիպման ընթացքում, տարատեսակ խնդիրներ քննարկելուց բացի, ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն՝ բաղկացած 30 կետերից։
Կրեմլի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը»՝ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։
«Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Գործնականում սա լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով․ առաջնայիններից մեկը տնտեսությունն է», – ի թիվս այլի, նշել է Ռուսաստանի նախագահը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում», – հավելել է Փաշինյանը՝ շարունակելով․
«Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման հարցում։ Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:
Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է։ Հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ»:
Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ՝ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»։
Ընդգծել են նաև հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
«Այդ համատեքստում նրան հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», – նշված է հայտարարությունում։
Հանդիպման ընթացքում ստորագրված՝ համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում։ Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ
— Կողմերը հաստատել են երկու երկրների միջև հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը։
— Երկու պետությունների տարածքները օգտագործման չեն տրամադրվելու որևէ երրորդ երկրի՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ գործողությունների իրականացման նպատակով։
— Ռուսաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման նախագծերում՝ այդ թվում Սյունիքում և Հայաստանի այլ մարզերում։
— Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ակտիվացնել Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ փոխգործակցությունը։
— Կողմերը, «պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները», մտադրություն են հայտնել շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության խեղաթյուրման դեմ պայքարը» և պայմանավորվել «մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը»:
— Երկրների առաջնորդները ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը, որը մեկնարկվել էր Ռուսաստանի աջակցությամբ։
— Նշվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը «կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար»:
Բացի այդ, նրանք պայմանավորվել են զարգացնել ընգդրկումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ այդ թվում ստեղծելով ներքին շուկա, որը կգործի առանց սահմանափակումների, և մեծացնելով տոկոսային մասնաբաժինները ազգային արտարժույթներով։
Պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
— «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
— «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,
— «Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,
— «Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,
— «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,
— «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»,
— «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:
Վաղը Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի և Դաշնային խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինի և Վալենտինա Մատվիենկոյի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդում՝ հայ համայնքի հետ։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած՝ Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ինչ ձևաչափով են ընթանալու այդ բանակցությունները՝ հայտնի չէ։
Դեռևս մարտի 14-ին Հայաստանի արտգործանախարարությունը՝ արձագանքնելով Ադրբեջանի առաջարկներին, դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից պաշտոնական արձագանք մինչև օրս չի եղել:
Չնայած ՄԽ անգործությանը, Երևանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է համանախագահող եռյակի շրջանակներում։ Բաքուն, հակառակը, պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո համանախագահներն այլևս անելիք չունեն, «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա», «Մինսկի խումբ գոյություն չունի»։ Այս պնդմանը հետ համաձայն է նաև Ռուսաստանի արտգործնախարարը․ ապրիլի 8-ին Լավրովը հայտարարել է, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի եռյակը։ Ըստ Լավրովի՝ ֆրասիական և ամերիկյան կողմերը «ռուսատյաց տենդի մեջ են», նրանք «չեղարկել են Մինսկի խմբի նախագահությունը» և հայտարարել, որ այդ ձևաչափով ռուսական կողմի հետ չեն շփվելու։ Հայաստանը թեև ընդունում է, որ Մինսկի խմբի հետ կապված որոշակի, այդ թվում՝ նոր բարդություններ կան, բանակցային այս ձևաչափից հույսերը դեռ չկտրում։