Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանն այսօր Մոսկվայում էր․ բրյուսելյան բանակցություններից երկու օր անց հայ դիվանագետը Ռուսաստան էր ժամանել՝ հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Փակ բանակցություններին մամլո ասուլիս հաջորդեց։ Պարզվեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպի հանգամանքները ռուսական կողմի համար մինչև վերջ պարզ չեն․ գնահատականներ, հետևաբար, չեն տրվելու։ Պարզվեց նաև, որ պաշտոնական Մոսկվան խիստ անորոշ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, որի հետ Երևանը դեռ հույսեր է կապում․․․
Արտգործնախարարների երկար ասուլիսի առանցքային հայտարարությունները՝ ստորև․
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ նախարար — ․․․Միայն այս տարի Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, հավանաբար, մեկուկես տասնյակ հեռախոսազրույցներ են ունեցել․ առաջիկայում նրանք կվերսկսեն դեմ առ դեմ շփումները։ Մենք դիտարկել ենք այսօրինակ կոնտակտների նախապատրաստումը։
․․․Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերը․ արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած անկումից հետո մեզ հաջողվեց ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հետագծին։
Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար։ Հավանաբար, անհրաժեշտ է արդեն ուրիշ արժույթներով հաշվել․ դրա շուրջ մենք կպայմանավորվենք հետո։
․․․Տարվա ընթացքում պլանավորում ենք Երևանում տեղադրել ռուս-հայկական բարեկամության՝ դարավոր միասնության հուշարձան։
․․․Ի պատասխան Երևանի արտահայտած ցանկության՝ մենք աջակցելու ենք նաև հանրապետությունում ռուսական դպրոցների ավելացմանը։
…Շատ մոտ, իսկ դեպքերի մեծ մասում՝ համընկնող դիրքերից, խոսել ենք միջազգային արդի խնդիրների մասին։
․․․Մանրամասն խոսել ենք Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ․ ընդգծել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020֊ի նոյեմբերի 9֊ի, նախորդ տարվա հունվարի 11-ի և նոյմեբերի 26-ի պայմանավորվածություններն անշեղորեն կատարելու կարևորությունը։ Հաստատել ենք ռուս խաղաղապահ զորախմբի կողմից մանդատի հստակ իրականացման նշանակությունը։
Անդրադարձել ենք հարցերին, որոնք քննարկվել են մեր առաջնորդների մակարդակով, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և մերձսահմանային գոտում վստահության և կայունության ամրացմանն ուղղված հետագա քայլերին։ Սրա շուրջ սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում՝ նախորդ տարվա նոյեմբերին․․․ Հույս ունենք, որ առաջիկայում այս հանձնաժողով կստեղծվի․ մեր գնահատմամբ՝ դրան խանգարող որևէ հանգամանք չկա։
․․․ Իհարկե, պետք է շարունակել աշխատանքները, որոնք ուղղված են հումանիտար խնդիրների լուծմանը, վերսկսել հանդիպումները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, որն առարկայականորեն համաձայնեցնում է տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման պարամետրերը։ Այսօր, ահա, իմացանք, որ եռակողմ խմբի հերթական նիստը տեղի է ունենալու այս ամիս։
․․․Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաև այն աշխատանքին, որն այժմ տարվում է Երևանի և Բաքվի միջև՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պայմաններ ստեղծելու շուրջ։ Առարկայնորեն քննարկել ենք, թե ինչպես կարող ենք աժանդակել մեր հարևաններին այդ գործընթացը մեկնարկելու հարցում։
Իհարկե, մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև կապերի կարգավորման պրոցեսը։ Դա պետք է նպաստի մեր ընդհանուր տարածաշրջանում իրադրության առողջացմանը։
Նշել ենք նաև տարածաշրջանային 3+3 խորհրդատվական հարթակի բարեհաջող գործարկումը․․․ Մենք բոլորս կարծում ենք, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության կարգավորման և բազմածրագրային համագործակցության համար։ Հաստատել ենք, որ հետաքրքրված ենք, որպեսզի մեր վրացի գործընկերները միանան այս հեռանկարային հարթակին։
․․․Իհարկե, խոսել ենք Ուկրաինայի վրա և նրա շուրջ իրավիճակի մասին։ Մենք մանրամասնորեն տեղեկացնում ենք մեր ընկերներին հատուկ ռազմական օպերացիայի ընթացքի մասին, որն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչների պաշտպանությանը ռազմական վնագից, ուղղված է Ուկրաինայի ապառազմականացմանը՝ անվտանգություն երաշխիքների ապահովման համատեքստում, որոնք չեն ենթադրելու Ուկրաինայի բլոկային կարգավիճակը, խոսել ենք այն մասին, թե ինչպես ապահովել Ուկրաինայի չեզոք, ապամիջուկային կարգավիճակը՝ երաշխիքների հաշվին, որոնք ՆԱՏՕ֊ի մասնակցություն չեն ենթադրում։
․․․Ընդհանուր առմամբ, ես չափազանց գոհ եմ մեր հանդիպման արդյունքներից։
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար․ ― ․․․ Մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև քննարկումների գլխավոր առարկան իրավիճակն է Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ֊ադրբեջանական սահմանին։ Իհարկե, խոսքը նախևառաջ գործողությունների մասին է, որ տանում են հումանիտար ճգնաժամի, խոսքը Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող գազատարի «վթարման» մասին է, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների մասին, որոնցից վերջինը տեղի ունեցավ մարտի 24-ին՝ այլ աշխարհաքաղաքական դեպքերի ֆոնին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ՝ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, խոսքը նաև միջանցքային թեմատիկայի մշտական շահարկման մասին է, որ բացասականորեն է անդրադառնում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակմանն ուղղված գործընթացի վրա, և Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության փաստացի արգելափակման մասին, խոսքը նաև Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ԶՈՒ ստորաբաժամումների դուրսբերումը մերեժելու մասին և այդպես շարունակ։
Իհարկե, Սերգեյ Վիկտորովիչի հետ մեր քննարկումների կաևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։ Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի դադարեցման մեջ, ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայումը կոչված էր լինել սադրանքներ բացառման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և բնականոն կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու գործոն։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետագա միջնորդության ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք նաև բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հուվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրագործմանը։
․․․ Ես ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը։
Լավրոց―․․․ Մարտի 24֊ին տեղի ունեցած միջադեպի ամենասկզբից մենք հայտարարել ենք, որ մեր զինվորականները, մեր խաղաղապահ զորախումբը զբաղվում է բոլոր հանգամանքների պարզաբանմամբ։ Մենք այդ մասին այսօր խոսել ենք։ Մեզ համար այդ հանգամանքները մինչև վերջ պարզ չեն․ ես չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական եզրակացություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին և երբեմն հնչող կոչերը՝ զորախմբին պատասխանատվության ենթարկել, ինչ֊որ ծառայողական քննություն իրականացնել, չեն արտահայտում հայ ժողովրդի, հայկական ղեկավարության իրական վերաբերմունքը․․․
Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահող եռյակի գործունեությանը կամ նույնիսկ դրա ապագային․ ես չգիտեմ՝ ինչ ճակատագիր այն կունենա։
Մեր այսպես կոչված ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները՝ ռուսատյաց տենդի մեջ, ձգտելով չեղարկել ամեն-ամեն ինչ, որ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։
Դա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը՝ Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման հարցում, եթե նրանք պատրաստ են զոհաբերել, այս պարագայում, հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։
Նրանք իրենց առաջնահերթությունների թվում այժմ ոչ միայն այս կոնֆլիկտը, այլև աշխարհի մյուս բոլոր կոնֆլիկտներն ու ճգնաժամերն են դարձնում իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդ՝ ստիպելով ամեն բան և ամենքին դադարեցնել համագործակցությունը ցանկացած ձևաչափով՝ զուտ որ ապացուցեն ամեն ինչին և ամենքին իրենց միակողմանի կամքը թելադրելու կարողությունը։
Նման մոտեցումը ես բացարձակ անպատասպանատու եմ համարում։ Այն մեզ հունից չի հանի։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք և հավատարիմ ենք եղել ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը աջակցելուն, եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Սա մեր ընտրությունը չէր։
Միրզոյան․ — ․․․Իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է [ԵԱՀԿ ՄԽ] համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ,
ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից,
ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ (ռուսերեն լեզվով)՝