հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ալիևն ու Փաշինյանը ցանկանում են շարժվել դեպի խաղաղության կնքում․ ԵԽ

Ալիևն ու Փաշինյանը ցանկանում են շարժվել դեպի խաղաղության կնքում․ ԵԽ

«Գերազանց և շատ արդյունավետ». Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝ հենց այսպես է անցել իր միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ՝ համաձայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը իրենց երկրների արտգործնախարարներին նաև հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Ավելի վաղ Բաքուն հրապարակել էր խաղաղության համաձայնագրի վարբերող առաջարկներ՝ բաղկացած հինգ կետերից։ Երևանը դրան որոշ լրացումներ էր արել՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության և Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Արդյոք գալիք բանակցությունները հիմնվելու են այս առաջարկների և լրացումների վրա՝ չէ հստակեցվում։

«Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն», – բանակցությունների ավարտին հայտարարել է ԵԽ նախագահը։

Ըստ նրա՝ թե՛ Ալիևը և թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Միշելը՝ անդրադառնալով սահմանազատման կարևորությանը, շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։

Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբացումը։ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել վերջին շրջանի լարվածությունը, վերահաստատել 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթների շրջանակներում մնալու անհրաժեշտությունը։

Շառլ Միշելը շեշտել է, որ որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպան պատրաստ է օգնություն տրամադրել վերջին պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում է միայն ասվում՝ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։