Home / Բանակ / Խաղաղության ազդակներ՝ հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին

Խաղաղության ազդակներ՝ հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս իր հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է որպես «արդյունավետ և կառուցողական»։

Միրզոյանն էլ իր հերթին ասել է․ «Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ։»

Նոյն ֆորումի քննարկումներից մեկում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել և սպասում է պատասխանի։ Ըստ նախարարի՝ մեկ էջանոց փաստաթուղթը վերջերս է ուղարկվել Երևանին։

«Սահմանված և առաջարկված են հիմնական սկզբունքները։ Եթե Հայաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները, նրանք պետք է անհապաղ հայտարարեն իրենց դիրքորոշումն այս առաջարի վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ այդ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են», – ասել է Բայրամովը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», – ասել էր Հունանյանը։

Երեք երկրների դիվանագետների հայտարարությունները, հիշեցնենք, հնչում են Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր շարունակ սրվող լարվածության ֆոնին։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Արցախի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։

Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։

Մարտի 10-ի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու -ի ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը հրավիրվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումից հետո։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ մասնակցության մասին որոշումը Երևանը կկայացնի կախված նաև բանագնացների երկրորդ հանդիպման արդյունքներից, որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Պաշտոնյաների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հայտարարվել էր նաև, որ նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։, Հայկական կողմից նշանակվել է  խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։