Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Կողմերն, ըստ կառույցի, նախնական մտքեր են փոխանակել երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ «առանց նախապայմանների»։
«Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- եզրափակել է Հայաստանի դիվանագիտական կորպուսը։
Թե ովքեր են ընդգրկված եղել կողմերի պատվիրակություններում, դեռևս հայտնի չէ։ Բանակցություններն անցել են փակ ռեժիմով։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ հանդիպմանը ռուս դիվանագետներ չեն մասնակցելու։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հայտարարվել էր նաև, որ նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։, Հայկական կողմից նշանակվել է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։