Քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է՝ ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Փայլանը նշել է, որ այդ գործընթացում պատասխանատվություն պետք է ստանձնեն և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները՝ ընդգծելով, որ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, ևս պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը։
Պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել հարաբերությունների փոխադարձաբար բանագնացներ (հատուկ ներկայացուցիչներ) նշանակելու որոշումն ու Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու նախաձեռնությունը և ողջունել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։
«Կարծում եմ, որ դրան պետք է անպայման հետևի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ անպայման բացվի սահմանը», – նշել է Փայլանը` ընդգծելով նաև սոցիալ-մշակութային կապերի ստեղծման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դեսպանատների բացման կարևորությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ հավելելով՝ նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։ Արդեն երեկ հայտարարվեց, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայաստանի ներկայացուցչի անունը դեռևս հայտնի չէ։