Ինգուշեթիայի ցույցերի առաջնորդները մեղադրվել են բռնության և էքստրեմիստական գործունեություն ծավալելու հոդվածներով։ Դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը ամբողջությամբ։ Ցուցարարներին դատապարտել են 7.5֊9 տարի ազատազրկման։
Ռուսաստանի Դաշնության Ստրավրապոլի երկրամասում՝ Եսենտուկի քաղաքում, տեղի է ունեցել ինգուշ ցուցարարների արտագնա դատական նիստը։ Բոլորը մեղավոր են ճանաչվել ուժայինների նկատմամբ կյանքին սպառնացող բռնություն գործադրելու հոդվածներով։ Երեք ցուցարարների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական կազմակերպության ստեղծման մեջ․ նրանք դատապարտվել են 9 տարի ազատազրկման։ Մյուս ցուցարարներին 8֊ական տարի են տվել։ Բոլոր մեղադրյալներին արգելել են զբաղվել որևէ տեսակի հասարակական գործունեությամբ։
Մեղադրյալները յոթն էին․ նրանց թվում երկու ծերեր և մեկ կին։ Վերջինս՝ Մեմորիալ համալիրի փոխտնօրեն Զարիֆա Սաուտիևան, ստացել է ամենամեղմ վճիռը՝ 7․5 տարի։ Դատապարտյալներից մեկն իր վերջին խոսքում նշել է հետաքննության բացթողումները, մյուսը հայտարարել է․ ինգուշ ցուցարարների քրեական հետապնդումը պատվիրված և շինծու է։ Դատապաշտպանները պատրաստվում են բողոքարկել վճիռը։
Ավելի վաղ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի աշակերտուհի Մարիանա Կալմիկովան նկարահանել էր «Սահման» ֆիլմը․ այնտեղ նկարագրվում է Ինգուշեթիայի հողերի հանձնումը Չեչնիային և դրան հաջորդող ցույցերը։ Ֆիլմն այս տարվա գարնանը հանվել է ցուցադրությունից։ Մշակույթի նախարարութունը չի տվել կինովարձույթի թույլտվություն՝ պարզաբանելով, որ ֆիլմում «ահաբեկչության և էքստրեմիստական գործունեության կոչեր» կան։
Դեկտեմբերի սկզբերին Սոկուրովը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ինգուշեթիայի ցույցերի առաջնորդների քրեական հետապնդումը։
Հիշեցնենք, որ Ինգուշեթիայում բողոքի ցույցերը սկսվել էին Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանագծումից հետո։ Փողոց դուրս եկած մի քանի տասնյակ հազարավոր տեղացիներ պահանջում էին նախագահ Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը և Չեչնիայի հետ սահմանային համաձայնագրի չեղյալ հայտարարումը։ Փողոցային ակցիաներն ավարտվում էին ոստիկանության և այլ ուժային կառուցների ներկայացուցիչների հետ բախումներով։ Ձերբակալված ցուցարարների նկատմամբ դատական պռոցեսները շարունակվում էին մինչև օրս։