Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել Ռուսաստանը․ երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։
Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են», – այսօր կառավարության նիստի մեկնարկին նշել է գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ճշգրտել մանրամասները։ «Փորձենք իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում և հիման վրա», – ամփոփել է պաշտոնյան։
Դեմարկացիան մինչ այս խափանվել է Ադրբեջանի, իսկ մի անգամ՝ «նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով»
Որ մայիսից ի վեր Ռուսաստանը 3 անգամ, ներառյալ՝ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին վերաբերող առաջարկով, Փաշինյանը հայտարարել էր դեռ երեկ՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Երբ Հայաստանը ասում է, որ Ադրբեջանը իր տարածքները օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան լինում է հետևյալը՝ այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա, տարածքներ կան, որ հայկական վերահսկողության ներքո են, բայց չպետք է լինեին, և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին դե յուրե հանգամանքներից ելնելով: Սա է պատճառը, որ միջազգային հանրությունը և մեզ, և Ադրբեջանին ասում է սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց և կողմնորոշվել, թե ինչ մեթոդաբանությամբ, ինչ իրավական հիմքերի վրա է դա տեղի ունենալու, որ այդ հարցը մեկընդմիշտ փորձենք փակել», – պատասխանելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ նշել էր Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել էր՝ թեև Հայաստանում շատ ծանր քննադատության է արժանացել, դեռ մայիսին է կառավարության նիստում հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստ է ստորագրել․ «Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո ևս 2 անգամ սկսելու առաջարկներ են եղել, և մենք համաձայնել ենք այդ գործընթացը սկսելուն»։
Մեկ այլ պատգամավորի՝ Սարգիս Խանդանյանի հարցին պատասխանելով՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե բոլոր երեք անգամները համաձայնություն է տվել այդ գործընթացը սկսելու առաջարկներին․ «Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։
Ռուսաստանը շտապեցնում է
Ռուսաստանը՝ անդրադառնալով Սյունիքում վերջին օրերին ծավալված մարտերին, ԱԳՆ խոսնակի մակարդակով կրկին հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա։
Վլադիմիր Պուտինի խոսնակն էլ, իր հերթին, ակնարկել է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, պետք է տեղի ունենար նոյեմբերի առաջին տասնօրյակում, չի կայացել՝ կողմերից մեկի անհամաձայնության պատճառով։ «Հաստատ ինչ-որ փուլում նման եռակողմ շփումներ պետք կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը», – ասել է Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հայտնի էր՝ ղեկավարների մակարդակով նախատեսվող, բայց չկայացած եռակողմ հանդիպման օրակարգում նաև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան էր, որի հրատապությունը պաշտոնական Մոսկվան շեշտում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ամեն դեպքից հետո։