Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական էսկալացիայի պատճառով պաշտոնական Երևանը դիմում է Ռուսաստանին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Կոչը Հանրային հեռուստատեսության եթերում հնչեցրել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը մանրամասնել է՝ այսօր՝ ժամը 13:00-ի դրությամբ, ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ եւ փորձել են իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողություններն այս պահին էլ շարունակվում են։
«Կարեւոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։
Գրիգորյանը, ով այսօր հանդիպել է նաև ՌԴ դեսպանի հետ, նշել է՝ սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու․ «Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, եւ մենք հնարավորություն կունենանք Հայստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմիցս խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը ՌԴ-ի համար կարմիր գիծ է, եւ մայիսի 12-ից ադրբեջանցիները խախտել են այդ գիծը։ Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Սա, ըստ ԱԽ քարտուղարի, ենթադրում է, որ եթե հնարավոր լինի այս իրավիճակը, ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով՝ լուծել բանակցություններով, եթե հնարավոր չլինի՝ տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։ Եթե ճգնաժամը չստացվի լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով՝ Հայաստանը ստիպված է լինելու դիմել այլ կառուցակարգերի, միջազգային այլ գործընկերների։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց սահմանի երկայնքով կայունություն չի ստեղծվել, սահմանային լարումները շարունակվել են։
«Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ այլ ուղղությամբ, նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Գիտեք, որ երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, հետո՝ սահմանային լարումները։ Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում էր, ամբողջովին ապակայունացնել, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ», – ասել է ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է հետաձգել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, այլեւ խափանել ողջ գործընթացը։ Ապաշրջափակման ու սահմանագծման, սահմանազատման գործընթացին Հայաաստանը, ըստ նրա, ամբողջովին պատրաստ էր․
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել այդ գործընթացը Խորհրդային Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա։ Այս առումով բազմիցս եւ բարձր, եւ բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է, եւ այսօր էլ, գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում, խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել»։